ՀՀ Փաստաբանների Պալատ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ»

19.01.2014 16:15

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ»

ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA CEELI, INC.) հետ համատեղ կազմակերպել է ՙՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի՚ քննարկում, որի նպատակն է ՀՀ փաստաբանների պալատի կողմից առաջարկությունների ներկայացումը: Ակումբի համակարգող Մելանյա Առուստամյանի խոսքով շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:

Զեկուցողը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նոր հայեցակարգում նկարագրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի արդի վիճակը, որտեղ մասնավորապես նշվում է ՙ2003թ. օգոստոսի 1-ից գործողության մեջ դրվեց ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որի ընդունումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախ՝ 1995թ. ընդունվել էր անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և բնականաբար բոլոր մյուս օրենքներն ու օրենսգրքերը պետք է համապատասխանեցվեին վերջինիս դրույթներին: առկա մակարդակին: ՀՀ քրեական օրենսգիրքը սկզբնական շրջանում կատարեց իր առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ընթացող գործընթացների արդյունքում ծագած ու ձևավորվող հանցավոր վարքագծի նոր ձևերի դեմ պայքարի գործում հարաբերականորեն արդյունավետ միջոց հանդիսանալով: Բարձր գնահատելով գործող քրեական օրենսգրքի դերը հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում' այնուհանդերձ պետք է նշել, որ դրա նորմերի գիտական վերլուծությունը և կիրառման պրակտիկան բացահայտեցին նաև օրենսգրքում առկա բազմաթիվ թերություններ: Պատահական չէ, որ մինչ այժմ քրեական օրենսգրքում արդեն մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Ընդ որում, այս գործընթացը դեռ շարունակվում է: Պետք է նշել սակայն, որ շատ հաճախ, արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները: Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ, առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին: ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով, ինչի արդյունքում անհնար է դառնում նորմի ճիշտ կիրառումը: Բայց ամենակարևորն այն է, որ այդ փոփոխությունները արդյունավետ չեն: ՀՀ քրեական օրենսգիրքը նաև հայեցակարգային փոփոխությունների կարիք ունի, որովհետև դրանում, ըստ էության, հայեցակարգ էլ չկա. մեր քրեական օրենսգիրքը ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքի և ՌԴ քրեական օրենսգրքի սինթեզ է ներկայացնում, որը զուրկ է կուռ կառուցվածքից և լի է հակասություններով: Բնականաբար խիստ ցածր է քրեական օրենսգրքի արդյունավետությունը: Եթե ընդհանրացնելու լինենք ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները, ապա դրանք կարելի է դասակարգել հետևյալ տեսակների՝ հայեցակարգային անճշտություններ և կրիմինալոգիական իրականության անտեսոմ, սխալներ և հակասություններ և բացեր:

Զեկուցողը, ըստ դասակարգման տեսակների, ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում առկա թերությունները: Այնուհետև ներկայացվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային բնութագիրը:
Այնուհետև ներկայացվել են Հայեցակարգի ՀՀ քրեական օրենսգրքի նոր օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերում նախատեսված կարգավորումները:

Քննարկման արդյունքում որոշվել է դիմել փաստաբաններին' խնդրելով առաջարկություններ ներկայացնել Հայեցակարգով նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ:

Համակարգել ներկայացված առաջարկությունները և դիմել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին այդ առաջարկությունների վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:


Նախորդ նորությունը: ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ