Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 12.08.2014թ. թիվ 294-Լ որոշմամբ հաստատվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության կարգը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծելու անհրաժեշտության հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝
- Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության՝ որպես արդարադատության համակարգի կարևորագույն ինստիտուտի զարգացման և մասնագիտության նկատմամբ հարգանքի ձևավորման համար կարևորագույն նախադրյալ է հանդիսանում Փաստաբանների պալատի անդամ փաստաբանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող այլ պետության փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելը, ինչպես նաև այդ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելը,
- փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում Փաստաբանների պալատի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականություն իրականացնող կառույցի առկայություն։
Հանձնաժողովի նպատակն է միջոցներ ձեռնարկել փաստաբանների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը բոլոր տեսակի (հատկապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների) սպառնալիքներից, խոչընդոտներից կամ ցանկացած տեսակի այլ հակաիրավական միջամտությունից (ոտնձգությունից) պաշտպանելու համար:
Իր նպատակի իրականացման համար Հանձնաժողովի առջև դրված են հետևյալ խնդիրները.
- հավաքագրել և վերլուծել փաստաբանների մասնագիտական իրավունքների և Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված երաշխիքների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը.
- քննության առնել փաստաբանների մասնագիտական իրավունքների և Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված երաշխիքների խախտման վերաբերյալ փաստաբանների դիմումները կամ լրատվամիջոցների հաղորդումները.
- հրատապ արձագանքել փաստաբանների իրավունքները խախտող միջադեպերին և ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ խախտումների վերացման ուղղությամբ.
- Փաստաբանների պալատի խորհրդին և նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկներ (ընդհուպ՝ օրենքի նախագիծ) փաստաբանների իրավունքների խախտումների վերացման և կանխարգելման համար անհրաժեշտ միջացառումներ ձեռնարկելու համար.
- վերլուծել արձանագրված խախտումները և վարել համապատասխան վիճակագրություն։
Հանձնաժողովը Փաստաբանների պալատի մարմին չի հանդիսանում: Այն կազմավորվում է Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ՝ մեկ տարի ժամկետով և կազմված է յոթ անդամից, որից մեկը Փաստաբանների պալատի նախագահի կողմից նշանակվում է որպես Հանձնաժողովի համակարգող: Հանձնաժողովի անդամ կարող են լինել փաստաբանները:
Հանձնաժողովը գործում է օրինականության, հավասարության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա, իր լիազորություններն իրականացնելիս անկախ է Փաստաբանների պալատի խորհրդից, նախագահից և այլ մարմիններից:
Հանձնաժողովը'
- փաստաբաններից ստանում է տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս վստահորդների իրավունքների խախտումների մասին.
- իրականացնում է սույն Կարգի նպատակից և խնդիրներից բխող և անհրաժեշտ այլ լիազորություններ:
Հանձնաժողովն իրավասու է նաև՝
- կազմակերպել հասարակական կարծիքի ուսումնասիրություն, այդ թվում՝ փաստաբանների և դատաիրավական համակարգի ներկայացուցիչների շրջանակում.
- քննարկումների, դասախոսությունների, սեմինարների և այլ միջոցառումների օգնությամբ փաստաբաններին, ինչպես նաև Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին ցույց տալ իրավական և տեղեկատվական բնույթի աջակցություն.
- արձագանքել փաստաբանների և վերջիններիս վստահորդների իրավունքների և շահերի հետ կապված խնդիրներին և աջակցել դրանց լուծմանը ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներով:
Հանձնաժողովն իր գործունեության վերաբերյալ կիսամյակային հաշվետվություն է ներկայացնում Փաստաբանների պալատի նախագահին, որում պետք է արտացոլվեն հաշվետու ժամանակահատվածում փաստաբանների իրավունքների խախտման վերաբերյալ արձանագրված դեպքերը և դրանց վերացման վերաբերյալ ձեռնարկված միջոցառումները:
Բեռնել հանձնաժողովի գործունեության կարգը
Դիանա Շախրամանյան Հանձնաժողովի անդամ
|
|
Վարազդատ Հարությունյան
Հանձնաժողովի անդամ
|
Բեռնել