ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԻՎԱՆԴ ՄԱՐՄԻՆ

03.10.2013 19:49

ՀԻՎԱՆԴ ՄԱՐՄԻՆ

«Քանի դեռ չի ավարտվել մարդու երկրային կյանքը, մինչև մարմնից հոգու դուրս գալու պահը, նրա մեջ շարունակում է մեղքի և արդարության պայքարը» (Սուրբ Հովհան արքեպիսկոպոս - Շանհայի և Սան Ֆրանցիսկոյի):

Ամեն հոգի, որպեսզի «ազատվի» կատարած (կամա, թե ակամա) մեղքերից՝ պետք է ապաշխարհի ...

Ամեն միտք, որպեսզի «ազատվի» /ազատագրվի/ իրեն «պաշարող» չար խորհուրդներից՝ (բղջախոհությունից) պետք է հայի (ուղղվի) Աստծուն ...

Իսկ ամեն մարմին, որպեսզի ազատվի իրեն «գրաված» չար «գոյացությունից»՝ պետք է «հրաժարվի դրանից»՝ հեռացնի կամ վերացնի այն:
Ինչպես մարդն իր երրորդության մեջ՝ (մարմին, հոգի և միտք) Աստծո նմանությամբ ,այնպես էլ պետական իշխանությունը, որն Աստծուց է (Հռոմ 13.1), մեր երկրում իրականացվում է (պետք է իրականացվի) Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, որպես մեկ մարմին (իրավաբանական անձ) «իր երրորդության մեջ»՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա (ՀՀ Սահմանադրություն, հոդված 5):
Գաղտնիք չէ, որ պետության «մարմնում», ցավոք, շատ «հիվանդություններ» կան, դրանց թվում՝ այդ «մարմնի անդամների»՝ պաշտոնատար անձանց կոռումպացվածությունը, անկոմպետենտությունը և այլն, սակայն կա մի «չար գոյացություն», որն առաջացել է դեռևս խորհրդային բռնապետության տարիներին, շարունակում է (մետաստազներով) իր գոյությունը («հաղթարշավը») հետխորհրդային տոտալիտար պետություններում՝ որպես քրեական արդարադատություն (ինչպես փաստացի իրավացիորեն արտահայտվեց ՀՀ նախագահը՝ ՀՔԾ պետ նշանակելիս) իրականացնող մարմին, առանց որի վերացման դատավորներն («քրեական արդարադատություն» իրականացնելիս) անկախ չեն լինի (ՀՀ Սահմանադրություն, հոդված 97) ուստի և արդարադատություն չեն իրականացնի (այլ չարդարադատություն,հոդված 91), իսկ մարդը կզրկվի (զրկված է) «իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (ՀՀ Սահմանադրություն հոդված 19):

Ն Ա Խ Ա Ք Ն Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Չ Ա Ր Ի Ք

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ' ՔԴՕ) 188-րդ հոդվածի համաձայն'նախնական քննությունը(այսուհետ' նախաքննություն) պարտադիր է բոլոր քրեական գործերով: Հետաքննությունը կարող է լինել քննության սկզբնական փուլ' քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում: Ուշադրություն դարձրեք '«կարող է», այսինքն պարտադիր չէ:

ՀՀ ՔԴՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' հետաքննությունն ավարտվում է, երբ'
1) ավարտվում է հետաքննության ժամկետը(բացահայտվի, չբացահայտվի).
2) մինչև հետաքննության ժամկետը լրանալն ի հայտ է գալիս հանցանք կատարած անձը(«ի հայտ է գալիս» արտահայտությունը, իմ կարծիքով, հաջող չէ, ավելի ճիշտ կլիներ' «պարզվում է հանցագործությունը կատարած անձը»).
3) դատախազը հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործը հանձնում է քննիչին' նախաքննություն կատարելու համար, կամ քննիչը ներգրավվում է գործի քննությանը:

Այստեղ էլ՝ ուշադրություն դարձրեք, որ ըստ օրենսգրքի տրամաբանության/բոլոր 3 կետերի/հետաքննությունն ունի ժամկետ և դա 10 օրն է' քրեական գործի հարուցման պահից: Մինչ հարուցումը, հետաքննության մարմինը, ինչպես և քննիչը իրավունք ունեն կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտության համար նմուշներ վերցնել և փորձաքննություն նշանակել: Ոչ մի այլ գործողություն:

Բայց նախ' եկեք հասկանանք' ինչ է նախաքննությունը, ինչ' հետաքննությունը' ըստ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեղինակային խմբի 2003թ. քրեական դատավարության դասագրքի :

Ըստ այդմ՝ նախաքննությունը քրեական գործի հարուցմանը հաջորդող . հետաքննության մարմնի և քննիչի կողմից իրականացվող գործողությունների համակցություն է , որը նպատակ է հետապնդում բացահայտել հանցագործությունները, մերկացնել այն կատարող անձին, ապացուցել հանցագործության կատարման մեջ նրա մեղավորությունը(կամ անմեղությունը), վեր հանել պատասխանատվության աստիճանի և բնույթի վրա ազդող հանգամանքները, պարզել հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու՝ պատճառված վնասը հատուցելու և հանցագործության պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ:

Ընդ որում' այն համարվում է քրեական դատավարության 2-րդ փուլ, որը «քրեական գործի հարուցման փուլի հետ միասին կազմում է քր. գործով մինչդատական վարույթը»:

Հետաքննությունը, ըստ դասագրքի հեղինակների, «նախնական քննության սկզբնական փուլն է»' հանցագործությունների նախնական քննության իրականացումն է՝ քրեական դատավարության օրենսգրքով դրա համար հատուկ լիազորված պետական այն մարմինների կողմից, որոնք իրենց առանձնահատկությունների ուժով կոչված են ապահովել իրավակարգի պահպանությունն ու պայքար իրականացնել հանցավորության դեմ:
ՀՀ ՔԴՕ 57-րդ հոդվածի համաձայն' հետաքննության մարմինը (հետաքննիչը)'
1) հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկում է համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ.
2) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարում է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնում է նմուշներ և նշանակում փորձաքննություն.
3) հարուցում է քրեական գործ, գործն ընդունում է իր վարույթ կամ ուղարկում է ըստ ենթակայության, ինչպես նաև սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան մերժում է քրեական գործ հարուցելը, քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկում է դատախազին' որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.
4) հայտնաբերված հանցագործության և գործով սկսված հետաքննության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին և քննիչին.
5) քրեական գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ' զննություն, խուզարկություն, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների լսում, առգրավում, քննում, կասկածյալի ձերբակալում ու հարցաքննություն, տուժողների և վկաների հարցաքննություն, առերեսում, նշանակում է փորձաքննություն.
6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին ի հայտ բերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաև քննիչի ներգրավման պահից անհապաղ գործը հանձնում է քննիչին.
7) քննիչի վարույթում գտնվող հանցագործությունների գործերով կատարում է քննիչի, դատախազի հանձնարարությունները, դատախազի ցուցումները.
8) գրանցում է հանցագործությունների մասին հաղորդումները.
9) բերման է ենթարկում հանցանքի կատարման մեջ կասկածվող անձանց, զննում և խուզարկում է նրանց, ինչպես նաև ազատում է առանց բավարար հիմքերի բերման ենթարկված անձանց.
10) հնարավորություն է ապահովում դատախազին' իր լիազորությունների շրջանակում ստուգելու հետաքննության մարմնի գործունեությունը.
11) դատախազին և քննիչին տրամադրում է իրենց լիազորությունների շրջանակում նրանց պահանջած անհրաժեշտ տեղեկությունները.
12) միջոցներ է ձեռնարկում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.
13) հարցման է ենթարկում դեպքի ականատեսներին, ծանոթանում դեպքի իրադրությանը, ինչպես նաև այն փաստաթղթերին, գործերին և նյութերին, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
14) պահանջում է փաստաթղթեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
15) պահանջում է կատարել վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.
16) կազմակերպում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարումը.
17) իրականացնում է սույն օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

ՀՀ ՔԴՕ 55-րդ հոդվածի համաձայն' քննիչը (նախաքննության մարմինը), մասնավորապես, լիազորված է'
1) մինչև քրեական գործ հարուցելը նախապատրաստվող նյութերով կատարել դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցնել նմուշներ և նշանակել փորձաքննություն.
2) հարցաքննել կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, վկային, նշանակել փորձաքննություն, կատարել զննություններ, խուզարկություններ, առգրավումներ և այլ քննչական գործողություններ.
3) միջոցներ ձեռնարկել վնասը տուժած անձին հատուցելու համար.
4) պահանջել փաստաթղթեր և նյութեր, որոնք կարող են տեղեկություններ պարունակել դեպքի և դրան առնչվող անձանց մասին.
5) պահանջել կատարելու վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ.
6) իր իրավասության սահմաններում նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնից տեղեկություններ ստանալ օպերատիվ-հետախուզական գործողությունների իրականացման և հանցագործությունների բացահայտման, անհայտ կորած անձանց և կորած գույքի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին.
7) իր կողմից նախապատրաստվող նյութերով և քրեական գործով հետաքննության մարմնին նրա համար պարտադիր գրավոր հանձնարարություններ տալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին.
8) հետաքննության մարմնին հանձնարարել իրագործելու ձերբակալման, բերման ենթարկելու, կալանավորման, այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ որոշումները, ինչպես նաև հետաքննության մարմնից անհապաղ աջակցություն ստանալ քննչական և այլ դատավարական գործողություններ իրականացնելիս.
9) կատարված հանցագործության մասին հետաքննության մարմնից հաղորդում ստանալիս մեկնել դեպքի վայր և ներգրավվել գործի քննությանը' քրեական գործ հարուցելու կամ հարուցված գործն իր վարույթ վերցնելու միջոցով.
10) առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին.
11) կանչել անձանց որպես վկա.
12) գործին մասնակից դարձնել ընթերականեր, թարգմանիչներ, մասնագետներ, փորձագետներ.
13) ձերբակակել հանցագործության համար կասկածվող անձին և որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
14) որոշում կայացնել անձին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, մեղադրանք առաջադրել, այդ մասին 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել դատախազին.
15) ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվող, քաղաքացիական պատասխանող.
16) ապահովել փաստաբանների նշանակումը քրեական գործով որպես պաշտպաններ և թույլ տալ անձանց քրեական գործով վարույթին մասնակցել որպես ներկայացուցիչներ.
17) պաշտպաններին և ներկայացուցիչներին հեռացնել քրեական գործով վարույթին մասնակցելուց, եթե կհայտնաբերվեն քրեական դատավարությանը նրանց մասնակցությունը բացառող' սույն օրենսգրքի 93 հոդվածում նշված հանգամանքները.
18) համապատասխան անձանց ազատել իրավաբանական օգնություն ստանալու համար սահմանված վճարումներից.
19) լուծել ընթերակային, թարգմանչին, մասնագետին, փորձագետին հայտնած բացարկները.
20) լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև այլ անձանց հայտարարությունները և դիմումները.
21) իր իրավասության սահմաններում լուծել քրեական դատավարությանը մասնակցող անձանց բողոքները.
22) որոշում ընդունել խափանման միջոցներ ընտրելու, փոխելու, վերացնելու և դատավարական հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու մասին, բացառությամբ կալանքի, իր որոշմամբ ազատել կալանքի տակ պահվող այն մեղադրյալին, որի կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է.
23) որոշում ընդունել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին.
24) դիմել դատարան' մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով.
25) անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա դրված կալանքը, հեռախոսային խոսակցությունները լսելը.
26) բողոքարկել դատախազի յուրաքանչյուր ցուցումը' չկասեցնելով դրա կատարումը.
27) որպես մեղադրյալ ներգրավելու, հանցագործությունը որակելու և մեղադրանքի ծավալի, նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատախազի ցուցումներին համաձայն չլինելու դեպքում դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին.
28) ընդունել որոշում քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այդ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել դատախազին որոշման օրինականությունը ստուգելու նպատակով.
29) կազմել և դատախազի հաստատմանը ներկայացնել մեղադրական եզրակացություն, իսկ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքն անմեղսունակ վիճակում կատարած կամ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարելուց հետո անմեղսունակ դարձած անձանց նկատմամբ քրեական գործերով' եզրափակիչ որոշում:

Չցանկանալով կանգ առնել օրենսգրքում տեղ գտած ցավոք բազմաթիվ, իմ կարծիքով, իրավաբանորեն անգրագետ արտահայտությունների վրա, ինչպես օրինակ' «քրեադատավարական միջոցառումները» (ճիշտը, կարծում եմ' «գործողություններն է»), «դեպքի վայրի զննության» (ճիշտը' տեղանքի զննությունն է, քանի որ հնարավոր է անհրաժեշտություն առաջանա զննել տեղանք, որը դեպքի վայր չէ, մինչդեռ դեպքի վայրը տեղանք է), «հայտնաբերված հանցագործություն» (երևի պետք է լիներ «հաղորդված» կամ «արձանագրված»), «դեպքի իրադրություն» (հասկանալի չէ' ի՞նչ է ի նկատի ունեցվել), «տուժած անձ», որը դեռ «տուժող» չէ, եթե չկա համապատասխան որոշում և այլն, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հետաքննության մարմինը, օրենքով նույն լիազորություններն ունի, ինչ քննիչը: Անգամ քր. գործի հարուցումը մերժելու իրավունք ունի, այն դեպքում, որ ինչպես վերը նշվել էր, օրենքի համաձայն նախաքննությունը պարտադիր է բոլոր գործերով:

Բայց սա դեռ մի կողմ: Իմ կարծիքով այն բոլոր գործողությունները, որ հետաքննության մարմինը կկատարի իր լիազորությունների շրջանակներում, լրիվ բավարար է քր. գործը դատարան ուղարկելու համար և էլ նախաքննության անհրաժեշտությունը չկա:

Մասնավորապես' հատաքննության մարմինը գրանցում է հանցագործությունների մասին հաղորդումները ( ՀՀ ՔԴՕ 57-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետ), միջոցներ է ձեռնարկում հանցագործությունը և այն կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ (1-ին կետ), քր. գործ հարուցելուց հետո հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ամրապնդելու ուղղությամբ կատարում է քննչական անհետաձգելի գործողություններ (5-րդ կետ), այսինքն' ապացույցներ է հավաքում և այլն, որոնց պարագայում գործը պետք է ուղարկվի դատարան (դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելու դեպքում, իհարկե), որտեղ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակային քննությամբ կհետազոտվեն հետաքննության մարմնի կողմից ձեռք բերված և դատարան ներկայացված ապացույցները, կհարցաքննվեն վկաները, տուժողները և ամբաստանյալները:

Մինչդեռ դրա փոխարեն քննիչն է «արդարադատություն» իրականացնում' ամիսներ, տարիներ շարունակ, բազմաթիվ անգամներ հարցաքննելով վկաներին, տուժողներին, մեղադրյալներին, ոչ հրապարակային' կաբինետային, ճնշող պայմաններում, ինչ-որ առերեսումներ անելով (որը տպավորիչ և արդյունավետ կլիներ անել միայն դատարանում, քանի որ հակասությունները ոչ թե պետք է վերացնել, այլ վեր հանել և ոչ թե թղթի վրա, այլ դատարանում' հրապարակային քննությամբ), ուղղորդելով նրանց տարբեր հակասական ցուցմունքներով, խճճելով իրականությունը, շատ փաստեր մոռացության մատնելով, անմեղության կանխավարկածի սկզբունքի համաձայն դեռևս անմեղ համարվող անձանց կատարած արարքը և դրանում նրանց մեղավորությունն իր որոշումներում ու դատարանին ուղղված միջնորդություններում «հիմնավոր» համարելով ու ամիսներ շարունակ նրանց անհիմն' առանց խափանման միջոց կիրառելու հիմքերի կալանքի տակ պահելով , խախտելով ՀՀ ՔԴՕ 17-րդ հոդվածի պահանջները, ըստ որի կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառվող խափանման միջոցները չեն կարող պարունակել պատժի տարրեր:

Այն օրի ենք հասել, որ քննիչը կամ դատախազը չեն էլ թաքցնում արդարադատություն իրականացնելու իրենց ամբիցիաները' բացահայտ (բանավոր և թե գրավոր' փաստաթղթերում) հայտարարելով, որ այսինչը այսինչ հանցագործությունն է կատարել, ուստի պետք է կալանավորվի: Կարող եմ պնդել, որ 99.9 % կալանքի միջնորդությունները ներկայացվում են և դատարանների կողմից բավարարվում չհիմնավորված' խափանման միջոց կիրառելու հիմքերի բացակայությամբ (ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդված) և անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտմամբ:

Ավելին' ուշադրությամբ համադրելով օրենքով հետաքննության մարմնին և քննիչին տրված լիազորությունները, համոզվում ես, որ կարևոր գործը' հանցագործությունների մասին հաղորդումը գրանցելու, մինչև քր. գործի հարուցումը անհրաժեշտ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և' ուշադրություն դարձրեք, քննչական(ՀՀ ՔԴՕ 57-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) գործողություններ կատարելու, հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու և այլն կատարում է հետաքննության մարմինը, իսկ քննիչը, ինչպես վաղուց է ընդունված ասել «գործ է կարում»' բառի բուն իմաստով իրար կարելով հետաքննության մարմնի գործողությունների արդյունքում կազմված փաստաթղթերը և իր կողմից, հաճախ ավելորդ(անիմաստ) կատարված կամ այնպիսի գործողությունների արդյունքում կազմված փաստաթղթերի պատճեները, որոնք շատ օպերատիվ կարող են կատարվել հենց հետաքննության մարմնի կողմից' հենց օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում: Դրանք բոլորն այն «քննչական» գործողություններն են, որոնք սահմանված են ՀՀ ՔԴՕ 55-րդ հոդվածում' քննիչի լիազորությունների շրջանակներում, բացի հարցաքննություններից, դեռ ավելին (ինչպես համոզվում ենք ուշադիր ծանոթանալով ՀՀ ՔԴՕ 57-րդ հոդվածով սահմանված հետաքննության մարմնի լիազորություններին):

Ինչ վերաբերում է հարցաքննություններին (բոլորի), ես այն կարծիքին եմ, որ դրանք պետք է կատարվեն միայն դատարանում կամ, գոնե, դատավորի ներկայությամբ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով: Մի բան, որ օրենսդրական լուրջ կարգավորման և բարեփոխման կարիք ունի:

Հետաքննությունը պետք է սահմանափակվի միայն ականատեսներին հարցման ենթարկելով (13-րդ կետ):

Նախկին դատավոր,
Իրավագիտության թեկնածու Պարգև Օհանյան


Հաջորդ նորությունը: ԱՐՏԱԿԱՐԳ ՈՒՂԵՐՁ. ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՏՈՒԺԵԼ ԵՆ ՀՀ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԲԱՅՑ ՉԵՆ ԶՐԿՎԵԼ ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ