ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14.11.2013 19:12

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Փաստաբանների պալատի ակումբը և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան Գրասենյակը համատեղ կազմակերպել են քննարկում նվիրված ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծին՝ մասնավորապես դեպոնացման ինստիտուտի և ձերբակալման և միջդատական կալանքի հիմքերին ու ժամկետներին:


Ակումբին մասնակցող փաստաբանների կարծիքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում չեն պահպանվել ՀՀ կառավարության 2011թ. մարտի 10-ի N9 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգի» պահանջները: Քննարկումների արդյունքում մասնակիցները առաջարկում են լուծումներ որպեսզի.
• ապահովի մարդու և նրա իրավունքների պաշտպանությունը,
• երաշխավորի մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանվածությունը,
• սահմանափակի պետական մարմինների՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների նկատմամբ ոտնձգությունները,
• ամրագրի ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները.
ՀՀ փաստաբանների պալատի ակումբի մասնակիցները ուսումնասիրելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ Փաստաբանների դպրոցի, մի շարք փորձագետների կարծիքներ, ինչպես նաև ակումբում կայացած քննարկումների արդյունքներով գտնում է, որ անհրաժեշտ է նախագծում կատարել որոշակի փոփոխություններ:

Նախագծի 42-րդ գլխում
«Գլուխ 42. ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊՈՆԱՑՈՒՄԸ

Հոդված 312. Ցուցմունքի դեպոնացման դատական երաշխիքի շրջանակը
Ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է՝
1) մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով՝ քննիչի միջնորդությամբ.
2) դատաքննությանը ներկայանալու հնարավորություն չունենալու կամ դատաքննության ընթացքում իրավաչափորեն ցուցմունք չտալու հիմնավոր ենթադրության պարագայում այդ անձից պատշաճ ցուցմունք ստանալու նպատակով՝ քննիչի կամ վարույթի մասնավոր մասնակցի միջնորդությամբ։

Հոդված 313. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը
1. Ցուցմունքի դեպոնացում կատարելու միջնորդությունը պետք է բովանդակի դրա անհրաժեշտության հիմնավորումները, ինչպես նաև վարույթի այն մասնակիցների մասին տվյալներ, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը։
2. Միջնորդությանը կցվում են այն նյութերը, որոնք դեպոնացման մասնակիցներին հնարավորություն կտան պատշաճորեն իրականացնել հակընդդեմ հարցման իրավունքը։
3. Դատարանը որոշմամբ մերժում է ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը, եթե այն հիմնավորված չէ կամ դրա հիմնավորումները համոզիչ չեն։

Հոդված 314. Ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշումը
1. Ցուցմունքի դեպոնացման միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կայացնում է ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում, որում պետք է նշվեն միջնորդությունը ներկայացրած վարույթի մասնակիցը, ցուցմունք տալու համար հրավիրվող անձի անունը, ինչպես նաև դեպոնացման վայրը, օրը և ժամը։
2. Ցուցմունքի դեպոնացումը նշանակվում է սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված որոշման կայացումից հետո ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան 10 օր հետո։
3. Սույն օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ցուցմունքի դեպոնացման պարագայում դեպոնացման օրը որոշելիս դատարանը հաշվի է առնում վարույթի մասնակիցների կողմից հակընդդեմ հարցում կատարելուն նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը։
4. Ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին, ինչպես նաև վարույթի այն մասնակիցներին, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է դեպոնացմանը։ Վարույթի այդ մասնակիցներին ուղարկվում են նաև սույն օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերը։

Հոդված 315. Ցուցմունքի դեպոնացման ընթացակարգը
1. Ցուցմունքի դեպոնացումը կատարվում է դատական նիստում՝ սույն օրենսգրքի 8-րդ բաժնի պահանջների' վերաբերելի մասով (mutatis mutandis) պահպանմամբ։
2. Պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ դատական դեպոնացում կատարելու համար։
3. Դատարանն ապահովում է սույն օրենսգրքով սահմանված՝ հարցաքննության ընթացակարգի պահպանումը, ինչպես նաև ցուցմունքի դեպոնացման ընթացքում հակընդդեմ հարցման իրավունքի իրականացումը։ Դատարանն իրավասու չէ դեպոնացման ընթացքում ըստ էության հարցեր տալ։
4. Սույն օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով ցուցմունքի դեպոնացումը սկսելուց առաջ դատարանը պարտավոր է մեղադրյալին առանձին բացատրել նրա վերաբերելի իրավունքները, այդ թվում՝ լռություն պահպանելու և պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու իրավունքները: Մեղադրյալի կողմից լռություն պահպանելու կամ պաշտպանի ներկայությամբ ցուցմունք տալու ցանկություն հայտնելու դեպքում դատարանը կազմում է ցուցմունքի դեպոնացում չիրականացնելու մասին արձանագրություն, որը ստորագրում են մեղադրյալը և նախագահող դատավորը:
5. Ցուցմունքի դեպոնացման արդյունքում սույն օրենսգրքի վերաբերելի պահանջների պահպանմամբ կազմվում է հարցաքննության արձանագրություն, որը ստորագրում են դեպոնացման մասնակիցները, իսկ նախագահող դատավորն այն հաստատում է իր կնիքով։»

Հայեցակարգի 6.23-րդ կետի համաձայն. «Անհրաժեշտ է նախատեսել ցուցմունքը դեպոնացնելու, մասնավորապես' մինչդատական վարույթի ընթացքում դատավորի ներկայությամբ անձին հարցաքննելու հնարավորություն։ Նման հարցաքննությունը կարող է կատարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում, երբ որոշակի հանգամանքների բերումով հետագայում անձի հարցաքննությունը դատարանում կարող է դժվարանալ կամ անհնարին լինել։ Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես քննիչը, այնպես էլ տուժողը և պաշտպանության կողմը։»:
Ակումբի մասնակիցները գտնում են , որ Հայեցակարգի և Նախագծի պահանջների համեմատությունն վկայում է, որ Նախագծի հեղինակները դուրս են եկել հայեցակարգային պահանջներից:
Նախագծի հեղինակների կողմից դեպոնացման ինստիտուտի վերաբերյալ տրված լուծումները, ոչ միայն նախատեսված չէին Հայեցակարգով, այլ նաև էականորեն վատթարացնում են մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը և չեն նպաստում Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ամրապնդմանը:
Նախագծի հեղինակները նշում են, որ դատավորի մասնակցությամբ հարցաքննության անհրաժեշտությունը պայմանավորված է եղել մեղադրյալի նկատմամբ որևէ ճնշում կամ խոշտանգում բացառելու հանգամանքով, քանի որ անձը դատավորի ներկայությամբ ավելի անկաշկանդ և վստահ ցուցմունք կտա, իսկ հետագայում էլ' դատական քննության փուլում, չի փոխի իր կողմից նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Ակումբի մասնակիցները գտնում են , որ պրակտիկայում առաջարկվող ինստիտուտը չի կարող խոչընդոտել քննիչի կողմից նույն այդ անձանց նկատմամբ բռնություն կամ խոշտանգում կիրառելուն և դրանից հետո նոր միայն դատավորին ներկայացնելուն' նրանց հարցաքննելու նպատակով:
Մինչդատական վարույթում մեղադրյալը, հատկապես, երբ նա զրկված է ազատությունից գտնվում է քննիչի անմիջական հսկողության տակ, այդ թվում նաև հոգեբանական տեսակետից: Այդ փուլում մեղադրյալների մեծամասնությունը քննիչին տեսնում են որպես իրենց շահերը պաշտպանող անձի և առաջին իսկ ինքնախոստավանական ցուցմունք տալուց հետո գործի ճակատագիրը լուծված կհամարվի: Քննիչը իր հերթին բոլոր դեպքերում պարտավոր է դառնում դեպոնացնել մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքը' Նախագծի 336-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները ապահովելու համար:

Դատավորի մասնակցությունը այդ գործընթացի ժամանակ կրում է ձևական բնույթ: Սակայն դատավորի ներկայությամբ տրված ցուցմունքները գործնականում դիտվելու է առավել արժանահավատ և անվիճելի ապացույցներ, նույնիսկ այն պարագայում, երբ մեղադրյալը հետագայում դատարանում ներկայացնի իր նկատմամբ խոշտանգում կամ հոգեբանական ճնշում կիրառելու վերաբերյալ վստահելի փաստեր: Ամբաստանյալի նման ցուցմունքը կդիտվի ոչ հավաստի զուտ այն պատճառով, որ ցուցմունքները ստացվել են դատավորի ներկայությամբ, իսկ մեղադրյալը ցուցմունքի դեպոնացման ժամանակ չի հայտարարել իր նկատմամբ խոշտանգում կիրառելու մասին:
Այսինքն, նման պահանջի պահպանումը կհանգեցնի ոչ թե խոշտանգումների նվազմանը, այլ հակառակն կհանգեցնի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների ավելացմանը, որոնց մի մասն իրականություն կլինի:

Ակումբի մասնակիցները գտնում են, որ բացի վերը ներկայացված վտանգից նաև չկա նման ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն: Մինչ օրս նման ինստիտուտ գործող օրենսգրքով նախատեսված չի եղել և քրեական արադարադատության իրականացնելիս նման կաիք երբևէ չի առաջացել: Նման ինստիտուտներ այլ զարգացած պետություններում գոյություն չունեն:
Բացի այդ ըստ Նախագծի՝ մեղադրյալի ցուցմունքի դատական դեպոնացումը կատարվում է մեղադրյալի խոստովանական ցուցմունքի պատշաճությունն ապահովելու նպատակով: Այսինքն, այդ ապացույցի պատշաճության ապահովումը պետք է հավաստվի ցուցմունքի հավաստիությամբ, թույլատրելիությամբ և վերաբերելիությամբ: Մինչդեռ, Նախագծի 315-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն' դեպոնացման ժամանակ դատարանն ըստ էության հարցեր տալու իրավունք չունի, /ՌՍ – անգամ եթե ունենա, մենք ամեն օր դատարաններում ականատես ենք լինում, թե ինչպես են դատավորները ջանքեր գործադրում մեղադրանքի կողմին աջակցելու համար/ + /բացի այդ, թող պաշտպանի մասնակցությունը պարտադիր լինի մեղադրյալի ցուցմունքի ժամանակ ???/ /իսկ 5-րդ մասի համաձայն' ցուցմունքի դեպոնացման արդյունքում կազմվում է հարցաքննության արձանագրություն, նախագահող դատավորն այն հաստատում է իր կնիքով։ Այսինքն, Նախագծի համաձայն դատարանը տվյալ դեպքում կրում է նոտարի դեր և եթե անգամ մեղադրյալի նկատմամբ իրականում կիրառված լինեն խոշտանգումներ կամ հոգեբանական ճնշումներ, ապա դատարանը միևնույն է դա պարզելու հնարավորություն չունի: Ստացվում է, որ դատավորն ըստ Նախագծի միայն իր ներկա գտնելով է ապահովելու տվյալ ապացույցի թույլատրելիությունը, ինչը բնորոշ չէ դատավորի սահմանադրական կարգավիճակին:
Ելնելով այս մտքից' կարող ենք փաստել, որ ապացուցողական զանգվածում մեղադրյալի խոստովանական ցուցմունքի' արդեն իսկ դեպոնացված լինելը, այսինքն' դեպոնացված ցուցմունքը, դիտարկվելու է որպես առավել արժանահավատ, քան մյուս ապացույցները, ինչը իր հերթին հակասում է ապացույցների ազատ գնահատման սկզբունքին:

Նախագծով առաջարկվող նման կարգավորումը հանդիսանում է քրեական դատավարության պատմական տիպերից մեկի' ինկվիզացիոն քրեական դատավարության տիպի մնացուկը: Հայտնի է, որ ինկվիզացիոն դատավարությունում մեղադրվող անձի խոստովանական ցուցմունքը դիտարկվել է որպես ապացույցների թագուհի: Վերադառնալով մեր իրականություն և ելնելով Հայաստանի Հանրապետության իրավաբանական ռեալիզմի պայմաններից' ՀՀ փաստաբանների դպրոցը կարծում է, որ այժմ նույնպես ապացույցների թագուհի համարվող մեղադրյալի խոստովանական ցուցմունքի դեպոնացումը կնշանակի ինկվիզացիոն դատավարության օրենսդրական ամրագրում, ապացույցների ազատ գնահատման հիմնարար սկզբունքի խախտում' օրենսդրական մակարդակով:
Ակումբի մասնակիցները գտնում են , որ մեղադրայալի ցուցմունքների դեպոնացում չպետք է լինի: Այսինքն նախագծից պետք է հանվի 312 հոդվածի 1-ին կետը , Իսկ ինչ վերաբերում է 312հոդվածի 2-րդ կետին ապա դեպանացումը դիտվի որպես բացառիկ միջոց, երբ վկան կամ տուժողն իր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հնարավոր է չկարողանալ գալ դատարան' գործն ըստ էության քննելու ժամանակ, ընդ որում, պետք է արգելվի դեպոնացված ցուցմունքների հրապարակումը, եթե վկան կամ տուժողն այնուամենայնիվ հնարավորություն ունեն ներկայանալ դատարան:
Ակումբի մասնակիցները հավանություն տվեցին նաև Մարդու րավունքների Պաշտպանի արված դիտարկումներին՝ կապված նախագծի 85-րդ հոդվածի հետ
Անձին ձերբակալելու կամ ազատ արձակելու մասին որոշումը նրան ներկայացնելու ժամկետները և վերջինիս իրավական կարգավիճը նախքան որոշումը նրան ներկայացնելը
Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ' Նախագիծ) 85-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է 6 ժամ անձին ձերբակալելու կամ ազատ արձակելու որոշումը նրան ներկայացնելու համար նախկին 3 ժամի փոխարեն, սակայն այդ ժամանակի ընթացքում որևէ կերպ չի նախատեսվում այդ անձի կարգավիճակը:
Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներից մեկում հստակ սահմանել է, որ բերման ենթարկված անձը ստանում է բերվածի կարգավիճակ և օգտվում առնվազն հետևյալ իրավունքներից. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը, բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, գ) հրավիրելու իր փաստաբանին, դ) լռելու (Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշում): Նշված իրավական դիրքորոշումը չի ամրագրվել Նախագծում, ուստի անձը 6 ժամ չի ունենում օրենքով սահմանված կարգավիճակ: Ուսումնասիրելով մի շարք պետությունների փորձը' պարզվել է, որ դրանց քրեական դատավարության օրենսգրքերը չեն սահմանում նման երկարատև ժամանակահատված վերոնշյալ գործողությունը կատարելու համար (Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն):
Ավելին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի և արագ արձագանքման խմբի կողմից իրականացվող այցելությունների և ստացված արդյունքների ուսումնասիրություններից կարելի է եզրակացնել, որ նույնիսկ 3 ժամվա ընթացքում, երբ անձը չունի օրենքով սահմանված կարգավիճակ և դեռևս իրեն չեն հանձնել ձերբակալելու մասին որոշումը, բարձր է հավանականությունը, որ այդ անձը կարող է ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ուստի այդ ժամանակահատվածի երկարացումը կարող է ավելի վատթարացնել ներկայիս իրավիճակը («2011թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց», «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը' որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ» 2011թ. զեկույց):
Ելնելով վերոգրյալից մարդու իրավունքների պաշտպանը առաջարկել էր գործող օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածի վերաբերյալ համապատասխան դրույթը թողնել անփոփոխ և անձին օրենսդրորեն տալ այդ ժամանակահատվածի ընթացքում հստակ կարգավիճակ:

Պալատի ակումբը որոշեց առաջիկայում ևս կազմակերպել քննարկումներ Նախագծի վերաբերյալ:


Նախորդ նորությունը: ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (ABA/ROLI) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ նորությունը: ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊՈՆԱՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ