ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ (ABA/ROLI) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ
23.10.2013 18:182013թ. հոկտեմբերի 23-ին կայացավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հանդիպումը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) Հայաստանյան ներկայացուցչության տնօրենի տեղակալ Հասմիկ Հակոբյանի հետ: Ընդգծելով և կարևորելով վերջին տարիների ընթացքում կազմակերպությունների համագործակցության մակարդակը, կողմերը քննարկեցին մի շարք հարցեր, որոնք մեծ կարևորություն ունեն, թե փաստաբանության և թե արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների համար: Մասնավորապես, համաձայնություն ձեռքբերվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի որոշ դրույթների վերլուծական աշխատանքներում փաստաբաններին ներգրավելու վերաբերյալ:
Կողմերը նաև կարևորեցին ՀՀ փաստաբանների պալատի ակումբի աշխատանքների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև ABA/ROLI-ի կողմից փաստաբանների շարունակական կրթության ոլորտում, հատկապես՝ պարտադիր վերապատրաստումների անցկացման առումով կատարված աշխատանքները:
Արա Զոհրաբյանը ներկայացրեց հանրային պաշտպանի գրասենյակի հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես՝ գործերի վիճակագրական ճկուն համակարգի բացակայությունը, որոշ մարզերում որակյալ իրավաբանական օգնության բացակայությունը, քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելը մերժելու հիմքերը որոշելու թեստավորման բացակայությունը:
ՓՊ նախագահը նշեց նաև, որ մտադիր է, որպես հանրային պաշտպաններ մարզեր գործուղել սկսնակ փաստաբաններին, ովքեր կհամաձայնվեն մեկ տարի ժամկետով բնակվել այդ մարզում (նրանց բնակության հարցը պետք է լուծի պալատը): Արա Զոհրաբյանը նշեց, որ երիտասարդ փաստաբանը, ով սերտաճած չի մարզային իրավապահ մարմինների հետ, կարող է տվյալ մարզում իրավիճակ փոխել և ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, քանի որ իր մեջքի հետում կունենա ողջ փաստաբանական համայնքի զորակցությունը:
Հասմիկ Հակոբյանը հայտնեց, որ իր կազմակերպության հետ ճշտելուց հետո կտեղեկացնի, թե որ խնդիրների մասով կարող են լրացուցիչ աջակցել ՀՀ փաստաբանների պալատին:
Կողմերը համաձայնեցին շարունակել արդյունավետ համագործակցությունը, որը պետք է իրագործվի կոնկրետ նախաձեռնությունների տեսքով:
ՀՀ փաստաբանների պալատի
աշխատակազմ
Հաջորդ նորությունը: ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ