ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏ
27.02.2014 16:19ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ, իսկ վերջինիս գործունեությունը բնութագրվում է, որպես՝ արդարադատությանը խոչընդոտող։
Իրականությունը սակայն այլ է. քրեական գործերով փաստաբանը, իր մասնագիտական գործունեությամբ, ընդդիմանալով իշխանություն կիրառելու լայն հնարավորությամբ օժտված մեղադրանքի կողմին, պայմաններ է ստեղծում դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու համար։ Մեղադրյալի պաշտպանությունը պատշաճ ապահովելով, դատարանը հնարավորություն է ունենում օբյեկտիվորեն գնահատելու մեղադրյալի արարքը և պատասխանատվության ենթարկելու ժամանակ առավելագույնս բացառելու դատական սխալը, որը կարող է մարդկանց ճակատագրերի վրա ազդել։
Բնական է, որ մեղադրանքի կողմին (այդ թվում՝ տուժողին) հաճելի չի լինի մեղադրյալի օգտին փաստաբանի կողմից իրականացվող գործողությունները, և հակառակը՝ մեղադրյալին հաճելի չի լինի մեղադրանքի կողմի (այդ թվում՝ տուժողի) ի վնաս իրեն կատարվող գործողությունները, սակայն դրանում է կայանում մրցակցային դատավարությունը։
Պետք չէ մոռանալ Մատաղիսի գործը, որով մի քանի երիտասարդներ ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կամ Արմեն Պողոսյանի գործը, որով նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել (5 և կես տարի էլ պատիժը կրել էր), և այս գործերով մեղադրանքի կողմի ներկայացուցիչները և դատարանները սխալվել էին։
Այս օրինակները ցույց են տալիս, որ համակարգը կարող է սխալվել (սխալվում են նաև զարգացած երկրների համակարգերը), հետևաբար չի կարելի պաշտպանության կողմի դերակատարումը նսեմացնել։ Համոզված եմ, որ ցանկացած տուժողի համար կարևոր է, որ պատասխանատվություն կրի հենց մեղավոր անձը և ոչ թե այլ անձ, իսկ սրան հասնելու համար պետք է հարգել մրցակցության սկզբունքը։
ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ ներկա գտնվող անձանց կողմից Երեմ Սարգսյանին և Վաղինակ Գևորգյանին վիրավորելու վարքագիծը։
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավարության պատշաճ պայմաններ և դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում։
Միաժամանակ հասկանալով որդեկորույս ծնողների վիշտը ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը և խնդրում ու կոչ է անում կողմերին տուրք չտալ հույզերին և զգացմունքայնությանը:
Հարկ է հիշեցնել, որ Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդին անվճար հիմունքներով փաստաբան է տրամադրել ՀՀ փաստաբանների պալատը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝
Արա Զոհրաբյան
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ