ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՓԱՍՏԱԲԱՆ ՎԱՀԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
18.11.2013 18:54ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 15.11.2013թ. որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:
News.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետևյալ մեջբերումը «...Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:....» (http://news.am/arm/news/179378.html):
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են' պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։
Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերևույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որևէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի (վստահորդի) ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը և մեղավորությունը, ինչպես նաև իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:
ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետևում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միևնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։
Նախորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐԹՈՒՐ ՇԱՎԱՐՇԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Հաջորդ նորությունը: ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ