ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՈՎ
06.10.2013 18:26«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»:
Ահա այս խոսքերով հոկտեմբերի 6-ին «Փաստաբանական դպրոցի» 62 ունկնդիրներ երդվեցին Փաստաբանների պալատի խորհրդի առջև՝ դառնալով փաստաբան:
«Փաստաբանական դպրոցի» առաջին շրջանավարտների երդման և արտոնագրերի հանձնման արարողությունը սկսվեց Փաստաբանների պալատի խորհրդի նիստով, որտեղ խոհրդի բոլոր անդամները միաձայն որոշեցին ՛՛հավակնորդների՝ արտոնագրեր ստանալու մասին դիմումները բավարարել և հավակնորդներին տրամադրել փաստաբանական գործունեության արտոնագրեր...՛՛:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն' առաջին անգամ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալիս փաստաբանը փաստաբանների պալատի խորհրդի առջևհանդիսավոր պայմաններում երդում է տալիս:
Արդեն փաստաբան-շրջանավարտներին ողջունեց և իր շնորհավորական խոսքն ուղղեց ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը. «Շնորհավորում եմ Ձեզ արտոնագիր ստանալուկապակցությամբ, դուք առողջ ուժ եք և կարծում եմ պալատը դեռ առիթներ կունենա ձեզնով հպարտանալու»:
Պալատի նախագահը հորդորեց նրանց հեռու մնալ հնարավոր բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերից «պետք է կոտրել հասարակության այն կարծրատիպը, որ փաստաբանը միջնորդ է դատավորի և վստահորդի միջև: Փաստաբանը միջնորդ չէ: Դուք ևս, երբեք չներգրավվեք կոռուպցիոն գործարքների մեջ և չվերածվեք միջնորդի՝ Ձեր վստահորդի և դատարանի միջև, այլապես պալատի խորհրուդը և ես կսկսենք պայքարել նման փաստաբանների դեմ,-հավելեց Արա Զոհրաբյանը:
Շնորհավորեց և իր երախտիքի խոսքն ասաց նաև Փաստաբանական դպրոց հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել Փաստաբանական դպրոցի հիմնադրման ակունքներում և շարունակում են աջակցել նաև այսօր, դասախոսական ողջ կազմին և ունկնդիրներին»:
Ելույթի խոսքերից հետո փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հավակնորդներին հանձնեց փաստաբանական գործունեության արտոնագրերը:
Այնուհետև, նոր և նախկին փաստաբանները շնորհավորեցին միմյանց:
ՀՀ Փաստաբանների պալատ
Կարինե Ղումաշյան
Հաջորդ նորությունը: ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ