ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՙՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ ԵՆՔ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՓՈՐՁԵԼՈՒ ԵՆՔ ՆՐԱ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ, ՈՐՆ ԱՌՆՉՎՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՚
10.11.2014 15:50Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ 7/33 հասցեում այսօր՝ նոյեմբերի 10-ին բացվել է Շիրակի մարզային համակարգողի գրասենյակը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շարունակում է իրականացնել որդեգրած մարզային քաղաքականությունը, որը նախատեսում է գրասենյակային տարածքներով ապահովել մարզերի գրասենյակներ չունեցող փաստաբաններին, ովքեր իրենց հերթին ամսական մեկ անգամ, անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն մարզի բնակիչներին: Նորաբաց գրասենյակում տեղակայվել են նաև հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները:
Շիրակի մարզում գործում է 38 փաստաբան, որոնցից 36-ը միայն Գյումրի քաղաքում:
Գյումրի քաղաքում 6 փաստաբաններ գրասենյակով ապահովված չեն և անհրաժեշտություն կար այդ փաստաբաններին գործունեություն ծավալելու հնարավորություն ստեղծել: Գրասենյակը ամբողջովին ապահովված է գրասենյակային կահույքով, համակարգիչներով՝ այսինքն հարմարավետ բոլոր պայմանները կան փաստաբաններին իրականացնելու բեղուն փաստաբանական գործունեություն՝ ի շահ իրենց պաշտպանյալների:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բացման իր խոսքում շնորհավորել է բոլորին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել է, որ փաստաբանների պալատը այդ քայլով ապահովում է փաստաբաններ հասարակություն կապը, ինչպես նաև իրավաբանական օգնություն տրամադրել մարզի սոցիալապես անապահով խավին: «Գրասենյակի բացման համար կարևոր է նաև փաստաբանների համախմբումը: Այս քայլը ուղղված է նաև փաստաբանների համախմբմանը: Մենք գիտենք, որ պետական մարմինների հետ շփման ժամանակ փաստաբանը երբեմն հայտնվում է պայմանական ասած զոհի դերում և որպեսզի մենք թույլ չտանք, որ փաստաբաններն այդպիսի խնդիրներ ունենան, համախմբվելու ենք փաստաբանի շուրջ և փորձելու ենք նրա խնդիրը լուծել, որն առնչվում է մասնագիտական գործունեությանը»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը:
Յուրաքանչյուր փաստաբան տարեկան 24 ժամ պարտավոր է անցնել վերապատրաստում: Դրա նպատակը այն է, որ բոլոր փաստաբանները փորձեն մասնագիտորեն կատարելագործել իրենց գիտելիքները: Հաճախ փաստաբանները հնարավորություն չեն ունենում հասնել Երևան և անցնել վերապատրաստում: Այս քայլով ըստ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, փաստաբանները հնարավորություն կունենան առցանց անցնել վերապատրաստումները:
Նորաբաց գրասենյակից կարող են օգտվել նաև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերի և Երևան քաղաքի այն փաստաբանները, ովքեր իրենց վարույթներով գտնվելու են Շիրակի մարզի տարածքում։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ մարզային համակարգման գծով տեղակալ Մելանյա Առուստամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը, Շիրակի մարզի փաստաբանները:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ