ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԽԱԼԱՓՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
04.08.2014 11:09Hetq.am լրատվական կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ 2014թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ:
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:
Վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին անհապաղ չի տեղեկացրել փաստաբան Արշավիր Խալափյանին ձերբակալելու մասին՝ խախտելով վերոհիշյալ նորմի պահանջը։
Փաստաբանների պալատի խնդիրներից է նաև պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վարույթն իրականացնել խստորեն պահպանելով ՀՀ քրեադատավարական սկզբունքները (մասնավորապես՝ օրինականության, հավասարությունը օրենքի առջև, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, անձի անձեռնմխելիության, գործի արդարացի քննության և անմեղության կանխավարկածի)։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
մամուլի ծառայություն
Բեռնել
Վերադառնալ