ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԵՆ …

10.10.2013 12:32

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ԵՆ …

Փաստաբանական համայնքն այսօր գործնականում իր բողոքն արտահայտեց ՀՀ արդարադատության նախարարության «Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ, այն համարելով, ինչպես պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց՝ «բացասական օրինագիծ»:


Ինչպես գիտենք, նախագծով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Եթե նախագծերը օրենք դառնան, ապա ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար գանձվելու է տարեկան պետական տուրք՝ 60.000 ՀՀ դրամի չափով: Հատկանշական է այն, որ ներկայում փաստաբանների հաշվառումն իրականացվում է ՀՀ փաստաբանների պալատի կողմից, այն էլ՝ անվճար:
Նախագիծը լուրջ անհանգստություն է առաջացրել փաստաբանների շրջանում, քանի որ նրանում ամրագրված դրույթները ոչ միայն չեն նպաստում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, այլև լուրջ սպառնալիք են հանդիսանում փաստաբանների անկախության և հեղինակության համար:


«Փաստաբանական կառույցը քաղաքացիական հասարակության ինստիտուտ է, արդարադատության նախարարության կողմից փաստաբանների գրանցամատյան վարելը վտանգում է կառույցի անկախությունը և որևէ հիմնավորում չունի»,-իր ելույթում դիտարկեց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Նշեմ, որ արդարադատության նախարարությանը համարում ենք մեր գործընկերն այն իմաստով, որ արդարադատության նախարարությունը լուրջ քայլեր է կատարել փաստաբանության համար, և մենք մշտապես զգում ենք նախարարության ներկայությունը: Մենք գնահատում ենք դրականը, գնահատում ենք ձեռքբերումը, բայց նաեւ քննադատում ենք և չենք ընդունում վատը, որը տեսնում ենք»,-հավելեց նա:
Ներկայացնելով կառավարության օրինագիծը, Արա Զոհրաբյանն ասաց, որ փորձ է արվում ՓՊ անդամներից գումարը գանձել և այն ուղղել Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորմանը, դրան զուգահեռ կրճատելով Հանրային պաշտպանի գրասենյակի հաստիքացուցակը:


«Սահմանադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ պետությունն է ապահովվում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը քաղաքացիներին' օրենքով նախատեսված դեպքերում: Այսինքն' դա պետության պարտավորությունն է, որն այսօր ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով: Պետությունը' որպես պատվիրատու, որոշակի գումար է վճարում հանրային պաշտպանի գրասենյակին, հանրային պաշտպանի գրասենյակն էլ իր հանրային պաշտպաններով այդ ծառայությունը մատուցում է»,- ասաց Արա Զոհրաբյանը' նշելով, որ Հանրային պաշտպանի գրասենյակը փաստաբանների միջոցների հաշվին պահելն անընդունելի է:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նախատեսում է, որ պետական տուրք վճարում է պետական մարմնի ծառայություններից օգտվող անձը: Արդյո˚ք գրանցամատյան վարելով՝ փաստաբանն օգտվում է պետական մարմնի ծառայությունից: Ընդ որում, նախագծի մեջ շատ հետաքրքիր ձևով բացահայտվել է այդ «ծառայության» շահառուն, գրված է՝ պետական մարմիներն ու հասարակությունը: Այսինքն՝ ստացվում է, որ այդ գրանցամատյանը վարվում է, որպեսզի դրանից օգտվեն պետական մարմնիններն ու հասարակությունը փաստաբանի մասին տեղեկություն ստանալու համար: Ու այստեղ պետական տուրքի գաղափարախոսությունը խախտվում է. այդ դեպքում ինչո˚ւ պետք է վճարի փաստաբանը, փաստաբանը ո˚ր ծառայությունից է օգտվում,- նշեց պալատի նախագահը:


Նախագծի վերաբերյալ իրենց վրդովմունքն ու բացասական վերաբերմունքն արտահայտեցին նաև քննարկմանը մասնակցող փաստաբանները:

Պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը պետության այս նախաձեռնությունը որակեց երկու բառով՝ «կողոպուտ և ավազակություն»:
«Փաստաբանների ճնշող մեծամասնությունը, նրանք, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը, չեն վճարի այդ գումարը: Իսկ չվճարելու դեպքում նրանք չեն ունենա արտոնագիր: Արդյունքում շատ լուրջ խնդիր է ունենալու պետությունը», նախագծից դժգոհելով ասաց ՓՊ խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ փաստաբանների արտոնագրի վարումը վտանգում է իրենց անկախությունը և իրենց կախման մեջ դնում պետությունից»:
ՓՊ փաստաբան Ռուբեն Ռշտունին ավելի կոշտ մարտավարության կողմնակից է « Ես կարծում եմ, որ պետք է գրել Թովմասյանին, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ նախագիծը չհանվեց շրջանառությունից, ապա այս անգամ արդեն մեկ ամիս գործադուլ պետք է անել: Մենք մեր ուժը պետք է ցույց տանք»-ասաց նա:


Մամլո սուլիսի ընթացքում ելույթ ունեցան նաև «Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ՝ Հայկ Մարգարյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը և փորձագետ Սոնա Հարությունյանը, ովքեր իրենց և ասոցիացիայի զորակցությունը հայտնեցին փաստաբանների պալատին՝ քննարկվող նախագծի ընդունման դեմ ծավալած պայքարում:


Ի դեպ, ասուլիսին հրավիրված Արդարադատության նախարարության ներկայացուցիչները այդպես էլ ներկա չգտնվեցին քննարկմանը:

Կարինե Ղումաշյան

ՀՀ փաստաբանների պալատ

 

 


Նախորդ նորությունը: ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

Հաջորդ նորությունը: ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՎՃՌԱԿԱՆ Է. ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԾՈՎ ԻՐԵՆ ՎԵՐԱԳՐՎՈՂ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ