ՀՀ Փաստաբանների Պալատ

Ռուսաստանում կայացել է փաստաբանների շախմատի «Սպիտակ թագուհի» առաջնությունը. ՀՀ փաստաբանների պալատի թիմը զբաղեցրել է երկրորդ պատվոր հորիզոնականը

16.11.2026 13:41

Ռուսաստանում կայացել է փաստաբանների շախմատի «Սպիտակ թագուհի» առաջնությունը. ՀՀ փաստաբանների պալատի թիմը զբաղեցրել է երկրորդ պատվոր հորիզոնականը
Նոյեմբերի 5-7-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվել է փաստաբանների շախմատի «Սպիտակ թագուհի» XI համառուսաստանյան առաջնությունը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության 24 տարածաշրջանները ներկայացնող 76 փաստաբան շախմատիստներ, ինչպես նաև Հայաստանի և Բելառուսի փաստաբաններ։
 
Մրցաշարն անցկացվել է երկու ձևաչափով՝ արագ շախմատ (ռապիդ) և կայծակնային շախմատ (բլից)։
 
ՀՀ փաստաբանների պալատի թիմում էին փաստաբաններ Զոհրակ Ապրեսյանը, Կարեն Զոհրաբյանը և Աշոտ Շահմուրադյանը` Պալատի մարզամշակութային ակումբի համակարգող Վրեժ Խաչիկյանի ուղեկցությամբ:
 
Ռապիդի մրցումներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի թիմը գրավել է պատվավոր երկրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկով, իսկ Հայաստանի փաստաբան Զորակ Ապրեսյանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ անհատական հաշվարկով։ Առաջին տեղը զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի փաստաբանական պալատի թիմը, իսկ երրորդը՝ Վորոնեժի մարզի փաստաբանական պալատի թիմը։
 
Ռապիդի անհատական հաշվարկում առաջին տեղը զբաղեցրել է Մոսկվայի փաստաբան Ալան Տալանինը, երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգի փաստաբան Սերգեյ Շևելևը։
 
Նոյեմբերի 7-ին կայացել են առաջնության բլից մրցումները` 69 մասնակցով։
 
Բլիցի մրցումներում ևս Հայաստանի ներկայացուցիչ Զորակ Ապրեսյանը գրանցել է բարձր արդյունք՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Առաջին տեղը գրավել է Սանկտ Պետերբուրգի փաստաբան Դմիտրի Սոլնիշկինը, իսկ երկրորդը՝ Կրասնոյարսկի երկրամասի փաստաբանական պալատի անդամ Իգոր Շրամովը։
 
Մրցաշարի ավարտին տեղի են ունեցել հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունները, որոնց ընթացքում մրցանակները հանձնել են ՀՀ փաստաբանների պալատի և Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատի ներկայացուցիչները:
 
Հիշեցնենք, որ նախորդ տարի կայացած նույն առաջնությունում Հայաստանի փաստաբանների պալատի թիմը գրավել էր առաջին պատվավոր տեղերը` անցկացված բոլոր տեսակի մրցաշարերում և այս տարվա հաղթողներին Հայաստանի փաստաբանները փոխանցել են նախորդ տարվա հաղթական գավաթները:
 
Հայաստանի փաստաբանների պալատը շնորհավորում է առաջնությանը մասնակցած Հայաստանի փաստաբաններին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, հաղթանակներ և ձեռքբերումներ։


Բեռնել

Վերադառնալ