ՀՀ Փաստաբանների Պալատ

Մոնպելիեի փաստաբանական միության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ փաստաբանների պալատ

05.11.2026 18:27

Մոնպելիեի փաստաբանական միության ներկայացուցիչներն այցելել են ՀՀ փաստաբանների պալատ

      2026 թվականի նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հյուրընկալվել են Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի փաստաբանական միության փոխնախագահ Մարի Պիեր Վեդել Սալլեսը, Միության Մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ամինե Ֆարաջը և պատվիրակության այլ փաստաբան ներկայացուցիչներ:

     Ֆրանսիացի գործընկերներին ողջունել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:

    Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու փաստաբանական կառույցների միջև ձևավորված երկարամյա համագործակցության զարգացման, կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

      Այցի ընթացքում ֆրանսիացի հյուրերն այցելել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիա, ծանոթացել Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և կրթության կազմակերպման առանձնահատկություններին։

      ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և դրանց շարունակական զարգացման կարևորությունը, շնորհակալագրեր է փոխանցել Մոնպելիեի փաստաբանական միությանը՝ երկարամյա և արդյունավետ համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և Մոնպելիեի փաստաբանական միության Մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ամինե Ֆարաջին:

Ակադեմիայի ռեկտորը տեղեկացրել է, որ Մոնպելիեի փաստաբանական միության և փաստաբանական դպրոցի հետ համագործակցության արդյունքում հեռավար ձևաչափով 9 դասընթաց է կազմակերպվել, որի ընթացքում վերապատրաստվել են 105 փաստաբան:

     Փաստաբանական ակադեմիան Մոնպելիեի փաստաբանական միության փաստաբան Նաիրա Զորոյանին պարգևատրել է պատվոգրով՝ միջազգային համագործակցության գործում ունեցած մեծ ավանդի համար:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի գործընկերները ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանական կառույցների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը։



Բեռնել

Վերադառնալ