ՀՀ Փաստաբանների Պալատ

Հետազոտություն «Փաստաբանական ծառայությունների մատչելիության և արդարադատության հասանելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում»

04.08.2026 15:52

Հետազոտություն «Փաստաբանական ծառայությունների մատչելիության և արդարադատության հասանելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կատարվել է  ուսումնասիրություն և փաստաբանական ծառայությունների մատչելիության և արդարադատության հասանելիության գնահատումը՝ հարկային բեռի ավելացման համատեքստում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից հետազոտությամբ արձանագրված տվյալները․

« 2025 թ․ հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունները դուրս եկան շրջանառության հարկի 5% համակարգից և անցան հարկման ընդհանուր ռեժիմի՝ 20% ԱԱՀ և շահութահարկի կիրառման։ Այս փոփոխությունը ոչ միայն բարձրացրեց իրավաբանական ծառայությունների արժեքը, այլև ազդեց անձանց՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորության վրա։

Մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց էր, որ նույնիսկ անվճար իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանները հարկային պարտավորությունից ազատված չէին։ Այսինքն՝ անվճար ծառայության դեպքում ևս առաջանում էր հարկ վճարելու պարտավորություն։

Թեև 2025 թ․ մարտին ընդունված օրենսդրական փոփոխությամբ սահմանվեց, որ անվճար (Pro Bono) իրավաբանական ծառայությունները որոշակի պայմաններով չեն հարկվի ԱԱՀ-ով, արտոնությունը գործում է միայն այն դեպքում, երբ դրանց արժեքը չի գերազանցում փաստաբանի ամսական ԱԱՀ-ով հարկվող գործարքների 5%-ը։ Ավելին, անվճար իրավաբանական ծառայությունների տրամադրման հարկային արտոնությունը տարածվում է միայն այն դեպքերի վրա, երբ ծառայությունները մատուցվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից իրականացված հետազոտությունը գնահատում է, թե փաստաբանական ծառայությունների հարկման փոփոխություններն ինչպես են ազդել իրավաբանական օգնության արժեքի, անվճար աջակցության և արդարադատության հասանելիության վրա։ Այն հիմնված է օրենսդրության, պաշտոնական տվյալների, Հանրային պաշտպանի գրասենյակի վիճակագրության, փորձագիտական հարցազրույցների և առցանց հարցման վերլուծության վրա։

Հետազոտության հիմնական արձանագրումներն են.

  • Փաստաբանական ծառայությունները թանկացել են. հետազոտության տվյալներով՝ ծառայությունների արժեքը մի շարք դեպքերում աճել է շուրջ 30–50%-ով, ինչը հատկապես ծանր բեռ է ֆիզիկական անձանց համար։
  • Իրավաբանական ծառայությունների շուկան փոխվում է. ԱԱՀ վճարողների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 91-ից մինչև 1738, միաժամանակ 2025 թվականին գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դիմում է ներկայացրել 171 անհատ ձեռնարկատեր, իսկ գրանցվել է 187 նոր իրավաբանական անձ, ինչը վկայում է անհատ փաստաբանների գործունեության թուլացման մասին, հատկապես՝ մարզերում։
  • Pro Bono իրավաբանական օգնությունը զգալիորեն կրճատվել է. հարցված փաստաբանները նշել են, որ նվազեցրել են իրենց կողմից մատուցվող անվճար ծառայությունների ծավալը կամ հրաժարվել են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելուց:
  • Հաշվի առնելով օրենքով սահմանված սահմանափակումերը՝ Pro Bono՝ կամավոր անհատույց իրավաբանական օգնության մեխանիզմը գործնականում չի գործում։  2025 թ․ ԱԱՀ վճարող 1738 սուբյեկտներից արտոնությունից օգտվել է ընդամենը 8-ը (0.46%), իսկ մարզերում՝ ոչ մեկը։
  • Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունն աճել է: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2023-2025 թվականներին Հանրային պաշտպանի գրասենյակի վարած գործերի թիվը 21,551-ից հասել է 32,447-ի՝ աճելով շուրջ 50.6%-ով: Միևնույն ժամանակ 2025 թվականի բյուջեով չի պահպանվել 2024 թվականի երկրորդ կեսին ՀՊԳ-ին հատկացված լրացուցիչ հաստիքային ֆինանսավորումը, ինչի հետևանքով հանրային պաշտպանների հաստիքների թիվը 84-ից նվազել է 73-ի։ Աշխատավարձերի ցածր մակարդակը և մարզային նստավայրերի աշխարհագրական հսկայական հեռավորությունները (օրինակ՝ Սյունիքում, Գեղարքունիքում) ավելի են խորացնում համակարգի ինստիտուցիոնալ խնդիրները:
  • Մասնավոր փաստաբանների ծառայությունների թանկացման և Pro Bono աջակցության կրճատման պայմաններում անվճար իրավաբանական օգնության պահանջարկի զգալի մասը տեղափոխվել է Հանրային պաշտպանի գրասենյակի վրա: Միաժամանակ անձինք, ովքեր չեն համապատասխանում հանրային պաշտպանին դիմելու՝ օրենքով սահմանված չափանիշներին, ստիպված են դիմել այլ կառույցների՝ հասարակական կազմակերպությունների, իրավաբանակն կլինիկաների՝ աջակցության համար, փորձել պաշտպանել իրենց իրավունքները ինքնուրույն կամ հրաժարվել իրավունքների պաշտպանությունից ընդհանրապես: Մինչդեռ մեկ այլ խնդիր է, որ հասարակական կազմակերպությունների, իրավաբանական կլինիկաների ծրագրային, ֆինանսական, մարդկային, տարածքային սահմանափակ ռեսուրսները չեն կարող մեղմել անվճար իրավաբանական օգնության աառաջացած կարիքը:

Հարկային փոփոխությունները գործել են այլ խոչընդոտների հետ համատեղ՝ պետական տուրքերի բարձրացում, մարզային դատարանների նստավայրերի փակման հետևանքով ճանապարհածախսի աճ և դատավարությունների էլեկտրոնացման դժվարություններ։ Այս բոլոր գործոնները միասին սահմանափակում են քաղաքացիների՝ դատարան դիմելու և արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունները։

Հետազոտությամբ առաջարկվում է՝

  • վերականգնել փաստաբանական ծառայությունների համար շրջանառության հարկի համակարգից օգտվելու հնարավորությունը՝ մինչև օրենքով սահմանված շեմը,
  • ամբողջությամբ ազատել Pro Bono իրավաբանական օգնությունը հարկումից, այդ թվում՝ վերացնելով գործող 5% սահմանափակումը,
  • ընդլայնել օրենքով սահմանված անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը,
  • շեշտակի ավելացնել Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հաստիքների թիվը և հանրային պաշտպանների վարձատրությունը,
  • իրավաբանական ծառայություններին վերաբերող հարկային փոփոխություններից առաջ պարտադիր գնահատել դրանց ազդեցությունը մարդու իրավունքների և արդարադատության մատչելիության վրա։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ իրավաբանական օգնության թանկացումը, անվճար աջակցության կրճատումը և հանրային պաշտպանության համակարգի ծանրաբեռնվածությունը միասին նվազեցնում են արդարադատության իրական հասանելիությունը անձանց  լայն շրջանակի համար»,- նշվում է հետազոտության տվյալներում:

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Դատական բարեփոխումների իրազեկվածության բարձրացում և իրավաբանական աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում: Զեկույցում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների և դիրքորոշումների հետ:



Բեռնել

Վերադառնալ