ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

10.11.2025 13:56

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

2025 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Արսեն Հարությունյանը Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի հրավերով Թբիլիսիում մասնակցել են «Իրավաբանական մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան՝ որպես իրավունքի գերակայության պաշտպանության արդյունավետ ուղի» խորագրով միջազգային համաժողովին:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական փաստաբանների ասոցիացիայի (AEA-EAL) հետ համատեղ  և ընդգրկել է տարբեր երկրների Փաստաբանների պալատների և միությունների ներկայացուցիչների:

 Միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հանդես է եկել ելույթով:

Իր ելույթում ՀՀ փաստաբանների պալատի նախագահն անդրադարձել է փաստաբանի մասնագիտական գործունեության անխափան կատարման և մասնագիտական գաղտնիքի պաշտպանության ապահովման դրույթներին՝ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի համատեքստում:

Ընդգծելով վերոնշյալ կոնվենցիայի կարևորությունը, Սիմոն Բաբայանը նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը անհրաժեշտ է համարում դրա վավերացումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրել և վավերացրել են ավելի քան երկու տասնյակ պետություններ:



Բեռնել

Վերադառնալ