ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՌՈւՍԱՍՏԱՆՈւՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑԱՇԱՐՈւՄ
29.08.2025 15:15
2025 թվականի օգոստոսի 28-29-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է ՌԴ փաստաբանների դաշնային պալատի փաստաբանական օրաթերթի (Адвокатская газета) «Սպիտակ Թագուհի» շախմատի մրցաշարը, որում հաղթող է ճանաչվել ՀՀ փաստաբանների պալատի հավաքականը:
«Սպիտակ թագուհի» շախմատի ամենամյա մրցաշարը կայացել է Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի փաստաբաններից բաղկացած քսաներեք հավաքականի և Հայաստանի փաստաբանների հավաքականի մասնակցութկամբ:
Հայաստանի հավաքականի կազմում էին փաստաբաններ Դավիթ Ղազարյանը, Կարեն Զոհրաբյանը, Զոհրակ Ապրեսյանը, պատվիրակության կազմը ղեկավարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական, մարզամշակութային ակումբի ղեկավար Վրեժ Խաչիկյանը:
Մրցաշարին Հայաստանի փաստաբանների հավաքականի մասնակցությունն ապահովվել է ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական ակադեմիայի աջակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի փաստաբանների մասնակցությամբ անցկացված մրցաշարում ՀՀ փաստաբանների հավաքականը և Մոսկվայի քաղաքային Փաստաբանական պալատի թիմը հավաքել էին հավասար միավորներ (18.5 միավոր), սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի թիմը առաջ է անցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի թիմից (153-145 միավոր): Երրորդ պատվավոր տեղը զբաղեցրել է Վորոնեժի մարզային փաստաբանների թիմը(18 միավոր):
Մեծ ոգևորությամբ շնորհավորում ենք Հայաստանի փաստաբանների հավաքականի անդամներին` «Սպիտակ թագուհի» շախմատի մրցաշարին պատվով ներկայանալու, ուժեղագույն թիմերի հետ պայքարում լավագույն ցուցանիշը գրանցելու և հաղթական գավաթը նվաճելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ռուսաստանի փաստաբանների Դաշնային պալատին` փաստաբանության շրջանում անցկացվող շախմատի հեղինակավոր մրցաշարը կազմակերպելու համար:

Բեռնել
Վերադառնալ