ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

16.06.2025 19:07

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանը, 2025 թվականի հունիսի 10-ի թիվ ՍԴԱՈ‑94 որոշմամբ կարճել է «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ..փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1‑ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը:

Հիշեցնենք, որ՝

Սահմանադրական դատարանը 2025 թվականի փետրվարի 21-ի թիվ ՍԴԱՈ-24  որոշմամբ «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 12.06.2024թ. ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1‑ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել էր քննության:

Սահմանադրական դատարանին հայցվել էր ճանաչել նշված իրավական ակտերը ՀՀ Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ, 78-րդ, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով․

  • Օրենքով փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի փոփոխությունը հակասում է պոզիտիվ իմաստով խտրականության սահմանադրական արգելքին,
  • անտեսում է գործունեության իրավապաշտպան բնույթը,
  • անուղղակի միջամտում է փաստաբանության անկախության և ինքնակառավարման սահմանադրական սկզբունքներին,
  • հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու, մեղադրանքից պաշտպանվելու, իրավաբանական օգնություն ստանալու մատչելիության սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակման,
  • սեփականության իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության և այլ իրավունքների ու իրավապաշտպան գործունեության առարկա հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության խախտման,
  • իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածին հակասող և անվավեր այնքանով, որքանով հակասում է իրավական վիճակը վատթարացնող դրույթները հետադարձ ուժով չկիրառելու սահմանադրական երաշխիքներին։

Սակայն, Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները, իր 2025 թվականի հունիսի 10-ի թիվ ՍԴԱՈ‑94 որոշմամբ կարճել է «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3‑րդ մասի 3-րդ կետի և 12.06.2024թ. ընդունված՝ փաստաբանական ծառայություն մատուցողների հարկման ռեժիմի վերանայման մասով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-285-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1‑ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը:

          Սահմանադրական դատարանն իր որոշմամբ.

  • ....փաստել է, որ անվճար իրավաբանական օգնությունը ժամանակակից ժողովրդավարական, իրավական պետության գործառնության և անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման կարևորագույն պայմաններից է. ուստի՝ իրավաբանական (ներառյալ՝ անվճար հիմունքներով) օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացումը պահանջում է նշյալ ոլորտում պետության քաղաքականության իրականացման արդյունավետ համակարգի (կառուցակարգերի) ներդնում և դրանց կատարելագործման հարցում շարունակական հետևողականություն,
  • ....արձանագրել է, որ պետությունը, հաշվի առնելով նաև, որ իրավաբանական օգնությունը տրամադրվում է կամավոր և անվճար հիմունքներով, պետք է խրախուսի հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անձանց անվճար իրավաբանական օգնության տրամադրումը: Պետությունը փաստաբանական ծառայությունների մատուցման ոլորտում հարկային քաղաքականությունը մշակելիս որպես ուղենիշ պետք է ընդունի կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու համապատասխան գործունեության խրախուսումը՝ ներդնելով համապատասխան կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր,
  • .....փաստել է, որ 2025 թվականի մարտի 26-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-72-Ն օրենքով ամրագրված իրավակարգավորումների համատեքստում՝ Դիմողի կողմից բարձրացված առաջին հարցադրման (Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության մասով) առնչությամբ ենթադրյալ սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճը, ըստ էության, սպառվել է: (Խոսքը վերաբերում է այսպես կոչված 5 տոկոսի չափով անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությանը):
  • Ըստ Սահմանադրական դատարանի՝ ծառայությունների մատուցման պահը որոշելու նպատակը կապված է հարկ վճարողի կողմից հարկերի հաշվարկման/վճարման պարտավորության առաջացման/կատարման հիմքի հետ. փաստաբանական ծառայություններ մատուցելու պարտավորության ծագման հիմքը պայմանագիրն է, իսկ պայմանագրով սահմանված պարտվորությունը կատարելը՝ փաստաբանական ծառայություն մատուցելը, փաստաբանական ծառայություններ մատուցող սուբյեկտի հարկային պարտավորությունների հետ նշված համատեքստում որևէ առնչություն չի կարող ունենալ: Սահմանադրական դատարանը գտել է, որ փաստաբանական ծառայություններ մատուցողների կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կնքված պայմանագրերի մասով 2025 թվականի հունվարի 1-ից հետո մատուցվող փաստաբանական ծառայությունների հարկման համակարգի պայմաններում ծառայությունների մատուցման պահի հետ կապված հարցին պետք է լուծում տա իրավակիրառը (հարկային մարմինը/դատարանները):

 

Հ․Գ Հիշեցնենք, որ նշված խնդրի վերաբերյալ Սահմանադրական դատարան էր դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն, վերջինիս դիմումը Սահմանադրական դատարանը վարույթ չէր ընդունել:



Բեռնել

Վերադառնալ