ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
20.12.2024 20:09Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, տեղակալ Հարութ Ակլունցը, խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը և Հարություն Հարությունյանը հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների գործընկերների հետ:
Հանդիպումն անցել է թեյի սեղանի շուրջ՝ ոչ պաշտոնական ձևաչափով:
Ողջունելով լրագրողներին՝ Սիմոն Բաբայանը նշել է, որ հատուկ է ընտրվել հանդիպման այս ձևաչափը, որպեսզի անկաշկանդ զրույցի ընթացքում հնարավոր լինի հասկանալ փաստաբանական համայնքի հետ համագործակցության շրջանակներում հանդիպող խնդիրները և դրանց համար անհրաժեշտ լուծումները, որոնք կնպաստեն համագործակցության զարգացմանը:
Փաստաբանների պալատի նախագահը մեդիայի գործընկերներին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Պալատի կողմից կատարված մի շարք աշխատանքներ: Նա նաև խոսել է փաստաբանական համայնքի առաջ ծառացած խնդիրների մասին, մասնավորապես փաստաբանների հարկային բեռի ավելացման և անվճար իրավաբանական օգնության սահմանափակման, որի հետևանքով վնասվելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Իր եզրափակիչ խոսքում Սիմոն Բաբայանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել փաստաբանական ինստիտուտին վերաբերելի թեմաները, փաստաբանական համայնքի խնդիրները պատշաճ լուսաբանելու և Պալատի հետ իրականացվող համագործակցության համար: Նա շնորհակալություն է հայտնել նաև Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերին (UNDP)՝ սույն միջոցառման կազմակերպման և Պալատի հաղորդակցության կարողությունների զարգացմանը աջակցելու համար:
Այնուհետև փաստաբանական և լրագրողական համայնքի ներկայացուցիչները քննարկել են ոլորտային ամենատարբեր թեմաներ:
Բեռնել
Վերադառնալ