ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԼՈՒՍԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆ

25.03.2024 10:30

ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԼՈՒՍԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆ

 Հարգելի՛ ընթերցող, 

շարունակելով մեր բլից հարցազրույցների շարքը, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փաստաբան Լուսինե Վիրաբյանի անկեղծ պատասխանները․


1. Աշխատանքային օրերին առավոտյան նախաճաշու՞մ եք, թե՞ հասցնում եք միայն սուրճ խմել

Եթե անկեղծ՝ ոչ նախաճաշել եմ հասցնում, ոչ սուրճ խմել, ինչի համար  էլ մշտապես քննադատություններ եմ ստանում ընտանիքիս կողմից

 

2. Ամեն օր պլանավորու՞մ եք հաջորդ օրը

Մշտապես: Եվ շատ ծանր եմ տանում գրաֆիկից շեղումները

 

3. Եթե Ձեր մասին պատմող ֆիլմ լիներ, ի՞նչ ժանրի մեջ կարող էր լինել և Ձեր բնավորության ո՞ր գծերը հատուկ կարտացոլվեին

Կարծում եմ՝ կլիներ դետեկտիվ ժանրի ֆիլմ՝ բնավորության համառության արտացոլմամբ

 

4. Հաճա՞խ եք խոհանոցում լինում, ի՞նչ եք պատրաստում ինքներդ

Որպես կանոն՝ խոհանոցում լինում եմ ամեն օր, սիրում եմ և սիրով եմ պատրաստում, ասում են՝ վատ չի ստացվում: Պատրաստում եմ ամեն ինչ, քանի որ տան միակ կինն եմ

 

5. Ի՞նչ եք փնտրում հաճախ Երևանում զբոսնելիս

Ցավոք սրտի հաճախ չեմ կարողանում ժամանակ տրամադրել զբոսանքին, իսկ հնարավորության դեպքում փնտրում եմ երջանիկ և անհոգ դեմքով անցորդներ

 

6. Եթե ստիպված լինեք Ձեր գրադարանից մեկ գիրք պահել, ո՞րը կլինի դա

Միանշանակ «Նարեկ»֊ը , և հենց այն «Նարեկը»-ը, որն արդեն 3 տարի է ինձ հետ է

 

7. Ի՞նչ կցանկանայիք անել, որ չեք արել, ի՞նչն է Ձեզ կանգնեցնում

Արդեն նշեցի համառությանս մասին: Հիմնականում կյանքում չեմ ունեցել անհիմն արգելքներ, արել եմ այն՝ ինչ թույլ է տվել բանականությունս, դաստիարակությունս ու խիղճս: Իսկ եթե ինչ-որ բան անելու ցանկություն ունենամ, բայց չանեմ, ուրեմն ինձ կանգնեցրել են վերոթվարկածները

 

8. Եթե մի քանի րոպեով հնարավորություն ունենայիք մեկ մարդու մտքեր լսելու և իմանալու, թե նա իրականում ինչ է մտածում Ձեր մասին, ո՞վ կլիներ այդ մարդը

Ինձ համար ամեաօրինակելի կինը՝ մայրս: Փորձում եմ ապրել այնպես, ինչպես ինքը կցանկանար տեսնել

 

9. Կյանքում ամենակարևորը․․․

Խաղաղությունն է, ամեն առումով

 

10․ Սիրում եք լինել այնպիսի շրջապատում, որտեղ մարդիկ են որոնցից կարելի է նոր բան սովորել, թե՞ որտեղ մարդիկ են, որոնք Ձեզանից կարող են սովորել

Սիրում եմ սովորել, և ամենքից եմ սովորում

 

11․ Խցանումների ժամանակ նյարդայնանում եք, թե՞ երաժշտություն եք վայելում

Նյարդայնանում եմ և նախանձում երաժշտություն վայելողների նյարդային համակարգի ամրությանը

 

12. Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Ձեր տարիքը չիմանայիք

Ընկերներս քաջ տեղյակ եմ իմ հավերժ 21 տարեկան մնալու հումորից, որն ունի նախապատմություն (ծիծաղում է)

 

13. Ավելի շատ ափսոսում եք արածների՞, թե՞ չարածների համար

Արածի և ասածի համար երբեք չեմ ափսոսում, իսկ եթե կան չարածներ՝ ունեմն կարդացեք սույն բլից հարցման 7-րդ պատասխանը 

 

14. Իմանալով, որ կյանքը կարճ է, ինչու՞ ենք մենք ավելի շատ աշխատում, քան հանգստանում կամ արձակուրդ վայելում

Միգուցե կամ հիվանդագին աշխատասեր ենք, կամ ձգտումներն են շատ (ժպտում է)

 

15. Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք

Անդադար խոսելը մասնագիտական առանձնահատկություն է, սակայն առավել հաճելի է խոսել ձեռբերումների, հաջողությունների, նպատակների նշանակետին հասնելու մասին

 

16. Եթե փողի փոխարեն երջանկությունը լինի վարձատրումը, կշարունակե՞ք զբաղվել փաստաբանությամբ

Իսկ Դուք գիտե՞ք ամեն գործի հաջող ավարտից ես ինչքան եմ երջանկանում: Ընթացքից ստացված էմոցիաները  չեմ կարող համեմատել կամ փոխարինել  ոչ մի հոնորարի հետ 

 

17. Խորհուրդ՝ սկսնակ փաստաբանին

Լինել դիմացկուն, չընկճվել, չհիասթափվել մասնագիտական ապտակներից, որոնք ստանում են բոլոր սկսնակները, սակայն որոնց շնորհիվ էլ կոփվում և դառնում են լավ ու պահանջված մասնագետ: Դե՝ արդար և ճշտապահ լինելն ու ամեն օր ինքնակրթվելն էլ պարտադիր է

 

18. Ինչո՞վ է օգնում և խանգարում փաստաբան լինելն անձնական կյանքում

Փաստաբան լինելը արդեն իսկ նշանակում է անձնական կյանքի և ժամանակի սահմանափակումներ, զգոնություն հասարակութունում, մշտապես պատրաստ լինելու ունակություն, կարգ ու կանոն: Ինձ համար այս ամենը վաղուց կենսակերպ է ու չի խանգարում, անգամ օգնում է ժամանակս ճիշտ և արդյունավետ կառավարելու հարցում, բայց ընտանիքիս շատ է խանգարում

 

19. Ի՞նչն է ամենահետաքրքիրը փաստաբանի գործում 

Անկանխատեսելիությունը

 

20. Կարգապահական պատասխանատվությունից եք վախենում, թե՞ անկանխատեսելի գիրանալուց

Ոչ մեկից, ոչ մյուսից, քանի որ չափի զգացողությունը չեմ կորցնում ոչ մի հարցում: Հաշվի առնելով երկուսի բացակայությունն էլ, կարող եմ ասել, որ դեռ կարողանում եմ իրավիճակին տիրապետել

 

Մեր բլից հարցազրույցներին պատասխանելու համար ու՞մ եք նետում մարտահրավերը

Ինձ համար իմ բոլոր գործընկերները հավասարապես հետաքրքիր և հարգելի են, ուստի հաջորդ բլից հարցվողի ընտրությունը  թողնում եմ Ձեր նախընտրությանը




Բեռնել

Վերադառնալ