ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «Hraparak.am»-ԻՆ

05.02.2024 19:22

ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «Hraparak.am»-ԻՆ

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով ավելի քան 5 անգամ ծանրացվում է փաստաբանների հարկային բեռը: Փաստաբանները նշում են, որ սա առաջին հերթին հարված է քաղաքացու գրպանին` իրավաբանական օգնությունը քաղաքացիների համար դառնալու է թանկ հաճույք։ Զրուցել ենք Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արմեն Ասատրյանի հետ` այս օրենսդրական նախաձեռնությամբ ի՞նչ բեռ է ավելացվում փաստաբանների համար։

«Ըստ նախագծի` նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5-ի փոխարեն, այսինքն` կրկնապատկել, իսկ 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում: Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թ. հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաեւ շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, եւ որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի եւ նվազեցումների տարբերությունից»,- պատասխանեց Ասատրյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես են ազդելու այս փոփոխությունները փաստաբանական համայնքի եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա։ «Ակնհայտ է, որ նախագծի ընդունման դեպքում փաստաբանների հարկային բեռը ներկայիս համեմատ կտրուկ եւ անհամաչափ աճելու է, ինչը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների իրական ինքնարժեքի զգալի աճին, ըստ այդմ` փաստաբանական ծառայությունների կտրուկ գնաճին: Արդյունքում, փաստաբանական ծառայությունները հատկապես քաղաքացիների համար դառնալու են էապես դժվար հասանելի եւ ոչ մատչելի, խաթարվելու է իրավաբանական օգնության հանրամատչելիությունը, հատկապես նյութական ապահովության ոչ բարձր մակարդակ ունեցող քաղաքացիների համար, ովքեր այլեւս ի զորու չեն լինելու իրականացնել սեփական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը փաստաբանական ծառայությունների միջոցով: Դրա հետեւանքով պարբերաբար տեղի է ունենալու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` դատական պաշտպանության, արդար դատաքննության եւ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքների խախտում, եւ բացի դա` հատկապես մրցակցային դատավարությունում դատական գործերի ելքը մեծապես պայմանավորվելու է կողմերի սոցիալական վիճակով, քան որ շատանալու են դեպքերը, երբ կողմերից մեկը հնարավորություն ունի օգտվել փաստաբանական ծառայություններից ու ստանալ պրոֆեսիոնալ իրավաբանական օգնություն, իսկ հակառակ կողմն այդպիսի հնարավորություն չունի եւ մյուս կողմի համեմատ հայտնվելու է նվազ բարենպաստ իրադրությունում: Հատկանշական է, որ միայն 2022 թ. դատարան է ներկայացվել եւ քննվել 257 հազար 204 գործ, ընդ որում՝ նշված թվի մեջ ներառված չեն նախորդ տարիներից դատարաններին փոխանցված գործերը: Այդ թվաքանակի մեջ ներառված չեն նաեւ նախնական քննության մասնակիցների, հաշտությամբ ավարտվող վեճերի տվյալները, ովքեր եւս օգտվում են փաստաբանական ծառայություններից: Սա այն սուբյեկտների նվազագույն թվական ցուցիչն է, ովքեր նշված նախագծի ընդունման հետեւանքով հայտնվելու են անբարենպաստ իրավիճակում: «Փաստաբանության մասին» օրենքը, ինչպես նաեւ Փաստաբանների պալատը` որպես կառույց, տարբեր միջոցներով խրախուսում են փաստաբանների կողմից քաղաքացիներին անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը, սակայն հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում դա եւս բացառվելու է, քանի որ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում եւս պետք է հաշվարկվի եւ վճարվի ավելացված արժեքի հարկ` 20 տոկոս դրույքաչափով, ինչը բխում է Հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասից: Հատկանշական է նաեւ այն, որ շուրջ 2 տարի առաջ էապես բարձրացվել են դատարան դիմելու համար պետական տուրքերը, ինչն արդեն իսկ քաղաքացիների համար որոշ չափով նվազեցրել է դատարանի մատչելիության իրավունքի հասանելիությունը, ուստի փաստաբանական ծառայությունների թանկացումը կարող է համակցությամբ լրջորեն վնասել անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությանը»,- պատասխանեց Ասատրյանը։

Իսկ ինչո՞ւ է նման նախագիծ մշակվել, նախարարությունն ինչպե՞ս է հիմնավորում առաջարկվող փոփոխությունները։ «Ուսումնասիրելով նախագծի հիմնավորումները` հարկ եմ համարում նշել, որ փաստաբանական ծառայությունների հարկման կարգավորումների խստացումը որեւէ կերպ հիմնավորված եւ պատճառաբանված չէ: Քննարկվող կարգավորումները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ անձի իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հիմքերը տվյալ դեպքում սահմանված չեն` ի խախտումն Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջների: Ավելին, սահմանափակումները չեն համապատասխանում Սահմանադրության նաեւ 78-րդ հոդվածին, քանի որ, ըստ էության, պարունակում են անձի իրավունքների եւ ազատությունների սահմանափակում` առանց հիմնավորելու այդ սահմանափակման պիտանիությունը, անհրաժեշտությունը եւ համարժեքությունը: Պարզ չէ նաեւ, թե նախագիծը մշակելիս ինչու եւ ինչպես է որոշվել, որ բազում ոլորտներից հենց փաստաբանական ծառայություններ մատուցողներն են, որ չպետք է գործեն շրջանառության հարկի համակարգում: Հայտնի չէ, թե որն է այդպիսի հետեւության հիմքը, եւ հաշվարկային կամ այլ ինչ տվյալներ են պատճառ հանդիսացել նախագծում այդպիսի կարգավորումների համար: Նախագիծը մշակելիս հաշվի չի առնվել փաստաբանության իրավապաշտպան բնույթը, ինչպես նաեւ այն, որ փաստաբանական ծառայությունների մատուցումը շատ հաճախ տեղի է ունենում հենց իրավապաշտպան, ոչ թե ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, ուստի այս մասով եւս պալատը գտնում է, որ փաստաբանական ծառայությունների հարկման հարցում պետության քաղաքականությունը չպետք է խստացվի, այն էլ` հավասարեցվի բացառապես տնտեսական նշանակություն ունեցող այնպիսի ոլորտների, ինչպիսիք են խաղատները, շահումով խաղերը, գրավատները, վիճակախաղերը եւ այլն: Փաստաբանների պալատը միեւնույն ժամանակ գտնում է, որ օրենսդրական յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է գործի տվյալ պահին առկա իրավակարգավորումների «անսխալության կանխավարկածը», եւ հիմնավորման ենթակա պետք է լինի ոչ թե գործող իրավակարգավորումներն անփոփոխ թողնելու, այլ դրանք փոփոխելու անհրաժեշտությունը եւ նպատակահարմարությունը:

Այլ խոսքով` բոլոր այն դեպքերում, երբ նախաձեռնվում է անձանց իրավունքները եւ ազատությունները սահմանափակող օրենսդրական փոփոխություն` նախաձեռնողն է պարտավոր հիմնավորել իր օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ոչ թե անձը` հիմնավորել այդ նախաձեռնության անհրաժեշտության բացակայությունը»,- պատասխանեց Արմեն Ասատրյանը։

Հ․Գ

Հարցազրույցը հրապարակված է «Hraparak.am» կայքում



Բեռնել

Վերադառնալ