ՀՀ Փաստաբանների Պալատ

«ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՃԸ և ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌՋև ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ»․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

30.06.2023 19:57

   ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը,  ՀՀ  փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը և փաստաբանական համայնքի այլ ներկայացուցիչներ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հրավերով այսօր՝ հունիսի 30-ին ներկա են գտնվել «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկմանը»:

Աշխատանքային քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ  Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալներ Արմեն Ասատրյանը և Հարութ Ակլունցը, փաստաբաններ Կարեն Ալավերդյանը, Արմինե Ֆանյանը: 

Պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է վերջին շրջանում ոստիկանության բաժիններում իրենց մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների դեպքերը և պետական մարմինների անհամարժեք արձագանքը՝ նշելով, որ իրավապահ մարմինների լռության արդյունքում կարելի է ողջամտորեն ասել, որ տեղի ունեցողը ձևավորված անպատժելիության մթնոլորտի պատճառով է: Պալատի նախագահը նաև ներկայացրել է այդ կապակցությամբ ձեռնարկված միջոցները և կարևորել իրավասու մարմինների հետևողականությունը խնդրի լուծման հարցում:

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն իր հերթին կարևորել է փաստաբանի մասնագիտական երաշխիքների պաշտպանությունը և դրա դեմ ոտնձգություններին  պետական մարմինների համարժեք և արդյունավետ արձագանքը: Արա Զոհրաբյանը նկատել է, որ նմանատիպ դեպքերն իրենց բացասական հետևանքներն են ունենում ոչ միայն փաստաբանի անկախ գործունեության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության վիճակի, այլև միջազգային հանրության շրջանում մեր վարկանիշի վրա, մինչդեռ Հայաստանի փաստաբանները մշտապես կարողացել են միջազգային գործընկերների շրջանում բարձր պահել այդ վարկանիշը՝ հանդես գալով որպես կուռ համայնք:

Փաստաբան Կարեն Ալավերդյանը ներկայացրել է Կենտորնականի բաժնում իր և վստահորդի հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները, ինչպես նաև հետագա զարգացումները, ներառյալ՝ քրեական վարույթների ընթացքը: Կարեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ քրեական վարույթի շրջանակում փորձագիտական եզրակացությամբ ամբողջությամբ հաստատվել են խոշտանգման ենթարկված անձի բոլոր վնասվածքները և դրանց առաջացման մեխանիզմները, նշելով, որ այդուհանդերձ մինչ օրս որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ: 

Պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն ընդգծել է պետության պարտավորությունը և պատասխանատվությունն արձանագրված խոշտանգումների և փաստաբանների նկատմամբ բռնությունների դեպքերի արդյունավետ և սեղմ ժամկետներում քննություն ապահովելու, ենթադրյալ հանցանք կատարած անձանց արարքներին գնահատական տալու հարցում:

Փաստաբան Արմինե Ֆանյանը ներկայացրել է փաստաբանի մասնագիտական գործունեության քրեաիրավական պաշտպանության երաշխիքները և հանդես եկել դրանց ընդլայնման օրենսդրական առաջարկություններով, որպես նմանատիպ դեպքերի  կանխարգելման լրացուցիչ գործիք:

Պալատի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն անդրադարձել է փաստաբանի մասնագիտական գործունեության օրենսդրական երաշխիքներին՝ հանդես գալով լրացուցիչ գործիքակազմով, դրանք համալրելու և ամրապնդելու օրենսդրական գործնական առաջարկներով:



Բեռնել

Վերադառնալ