ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.03.2023 21:52

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ փաստաբանների պալատը թեև նախկինում արդեն անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի արտոնագրի կասեցման գործընթացին, ինչպես նաև կասեցման որոշման մանրամասներին, սակայն,  նկատի ունենալով վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում ծավալված քննարկումները և տարաբնույթ մեկնաբանությունները, կրկին նպատակահարմար է համարում անդրադառնալ հիշյալ հարցին:

Այսպես.

Փաստաբան Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է իրավական կարգավորումներին համապատասխան իրականացվող ընթացակարգով:

«Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի թիվս այլնի, Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում:

Ընդ որում, օրենքով Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու իրավասությունը պատկանում է Փաստաբանների պալատի խորհրդին, իսկ փաստաբանը պարտավոր է կասեցման հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տեղյակ պահել Փաստաբանների պալատի խորհրդին:

Միաժամանակ, Օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:

30.11.2022թ. ՀՀ փաստաբանների պալատ է մուտքագրվել Սեդա Սաֆարյանի՝ փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը կասեցնելու մասին դիմումը, որով վերջինս խնդրել է 08.12.2022թ. կասեցնել այն:

Որպես հիմք Սեդա Սաֆարյանի կողմից կցվել է.

1. 30.06.2022թ. ՀՀ Կառավարության թիվ 963-Ա որոշումը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին.
2. հայտարարոթյան պատճեն, որով Սեդա Սաֆարյանը տվել է համաձայնություն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ.
3. ՀՀ ազգային ժողովի՝ 15.09.2022թ. թիվ ԱԺՈ-45-Ա որոշումը՝ Սեդա Սաֆարյանին 12 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու մասին:

Կասեցման դիմումին կից չի նշվել կամ կցվել որևէ հիմք, որը կփաստեր Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը 08.12.2022թ. կասեցնելու վերաբերյալ:

15.12.2022թ. ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, քննության առնելով արտոնագրի գործողության կասեցման դիմումը, բավարարել է այն՝ կասեցնելով փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագիրը դիմումը ներկայացնելու օրվանից`  այն է 30.11.2022թ.:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը չէր կարող ողջամտորեն կանխագուշակել, թե ինչու է կասեցման դիմումի մեջ նշվել 08.12.2022 թվականը: Կասեցման գործընթացում չի քննարկվում փաստաբանի կողմից իր ընտրած ժամանակահատվածում կասեցման հարցը: Կասեցման հարցը առաջ է գալիս բացառապես այդպիսի հիմք առաջանալու պահից, որի մասին փաստաբանը պարտավոր է Խորհրդին տեղեկացնել 10-օրյա ժամկետում և եթե այդ հիմքը դեռ ի հայտ չէր եկել, ապա անտրամաբանական է դիմել Խորհրդին կասեցման հարցով: Միաժամանակ Սեդա Սաֆարյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել կասեցման որոշումը

Ուստի, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված դիմումը դիտարկել և բավարարել է այն ներկայացնելու օրով` նկատի ունենալով համապատասխան հիմքի առկայությունը և դրան համապատասխան սահմանադրական դատարանի դատավորի և փաստաբանի կարգավիճակների միաժամանակյա առկայության բացառման օբյեկտիվ ակնկալիքը:

Ողջ վերոգրյալը հաշվի առնելով՝ փաստենք, որ ՀՀ փաստաբանների պալատը գործել է գործող իրավակարգավորումների շրջանակում և իր գործողություններով չի խոչընդոտել ո´չ փաստաբանի գործունեությանը և ո´չ էլ փաստաբանի վստահորդների իրավունքների դատական պաշտպանությանը:



Բեռնել

Վերադառնալ