ՀՀ Փաստաբանների Պալատ

Դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը դատական կոռուպցիայի հիմնական պատճառ

10.11.2010 04:35

Դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը դատական կոռուպցիայի հիմնական պատճառ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 18.09.2008թ-ին ՀՀ վճռաբեկ դատարանում և 11.10.2008թ-ին ՀՀ անվտանգության խորհրդում ելույթներ ունեցավ, որոնցում փաստելով, որ արդարադատության իրականացման որակը մեր երկրում խիստ կաղում է և դատարանների նկատմամբ լուրջ դժգոհություն կա, նախաձեռնություն ցուցաբերեց, որպեսզի դատական համակարգը կայացվի, դատարանը լինի անկախ և դատավորն` անկաշառ, փաստելով, որ պետք է անհանդուրժողական լինենք կոռուպցիոն երևույթների ու անպատասխանատվության նկատմամբ: Անպատժելիության մթնոլորտը պետք է վերանա:

Նախագահը հայտարարեց, որ այսուհետ դատաիրավական բարեփոխումների ընթացքը գնահատելու համար ցուցանիշ է լինելու համակարգի հանդեպ հասարակական վստահության գնահատականը: Նաև հայտնեց, որ դանդաղկոտությունը կամ անլուրջ վերաբերմունքը չի կարող հանդուրժվել և խիստ որոշակի արդյունքներ է ակնկալում տեսնել:

Վերը մեջբերվածի լույսի ներքո տեսնենք, թե անցած երկու տարիներին ինչպիսի կոնկրետ քայլերով են ՀՀ դատարանները պատասխանում Նախագահի երկար սպասված նախաձեռնությանը, կա՞ն արդյոք Նախագահի ակնկալած խիստ որոշակի արդյունքները և ընդհանրապես, դատական համակարգի հանդեպ հասարակական վստահությունը բարձրացել է, թե` ոչ:

Նախագահի նախաձեռնությունից ուղիղ երկու տարի անց Կառավարության պատվերով Քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդակցությունների ինստիտուտը հարցումներ է արել և ըստ այդ հարցումների «Վերջին 1 տարվա ընթացքում կաշառակերության մակարդակը նվազե՞լ է, մնացե՞լ է նույնը, թե՞ աճել է» հարցին դատաիրավապահ մարմինների վերաբերյալ« աճել է  և մնացել է նույնը պատասխանները տվել են հարցվողների միասին վերցրած 78,2 տոկոսը: Ընդ որում, 34 տոկոսն ասել է, որ աճել է, իսկ 44,2 տոկոսը, որ մնացել է նույնը և սա այն դեպքում, երբ ըստ նույն աղբյուրի, այս ոլորտն արդեն առաջին տեղն է զբաղեցնում կաշառակերության բարձր մակարդակով:

Կարծում եմ, որ հետաքրքրական կլինի դատարանների հետ ամեն օր գործ ունեցող փաստաբանների միջոցով ևս փորձել ճշտել դատարանների նկատմամբ վստահության աստիճանը, դա անելով նաև համեմատությամբ` Նախագահի նախաձեռնության և այսօրվա իրողության միջև, ինչպես նաև առանձին դատարանների միջև, թեև վերը նշված թվերն առավել քան խոսուն են:

Ներկայումս միջազգային պրակտիկայում ձևավորված տեսական միտքը կոռուպցիան բնորոշում է որպես վստահված իշխանության չարաշահում կամ հանրային իշխանության չարաշահում հօգուտ մասնավոր շահի: Ընդ որում, մասնավոր շահի դրսևորումներ են դիտվում անհատ անձանց, հասարակության առանձին սոցիումների, խավերի, խմբերի, կուսակցությունների և այլ միավորների շահերը: Միևնույն ժամանակ ավանդաբար կոռուպցիան դիտվում որակապես առավել վտանգավոր երևույթ պետական և տեղական իշխանության համակարգում:

Իմ խորին համոզմամբ, դատական կոռուպցիայի հիմքում ընկած է դատարանի նկատմամբ անվստահությունը:

Ինչպե՞ս են դատարանները հասնում դրան: Շատ պարզ. օրինակ իրավաբանորեն ճիշտ, սակայն դատարանի հետ կոռուպցիոն կապի մեջ չմտած կողմի դեմ դատական ակտ կայացնելով, որի արդյունքում շահող կողմը, որը ճիշտ չէր, նրա փաստաբանը, նրա հետ շփվող անձինք համոզվում են, որ դատարանի հետ կոռուպցիոն կապի մեջ մտնելով հնարավոր է սխալ լինելով հանդերձ գործը շահել: Պարտվող կողմը, նրա փաստաբանն ու նրա հետ շփվող անձինք, իրենց հերթին տեսնում են, որ եթե անգամ ճիշտ ես, մեկ է, առանց կոռուպցիոն միջամտության հնարավոր չէ ոչնչի հասնել:

Տեսակարար մեծ կշիռ ունի նաև կոռուպցիայի այն ձևը, որը դատավորներն անվանում են «պետպատվեր», այլ կերպ` հովանավորչա-համակարգային կոռուպցիա:

Գործադիր ու օրենսդիր իշխանավորների համար կարող է անակնկալ լինել, բայց դատավորը մարդ և պրոֆեսիոնալ իրավաբան լինելով, չի ցանկանում մեկ այլ պրոֆեսիոնալ իրավաբանի` փաստաբանի մոտ անգրագետ իրավաբանի, ոչ արհեստավարժի տպավորություն թողնել և որպես կանոն, բոլոր այն դեպքերում, երբ «պետպատվերի» շրջանակներում պետք է ապօրինություն գործի, զրույցի է հրավիրում փաստաբանին ու արդարանում, պարզաբանելով թե ինչու է նման ոչ իրավաչափ լուծում տալիս վեճին, պարզ ասելով, որ եթե այդպես չանի, պրոբլեմ կունենա, բացահայտելով նաև ստացված հրամանը տվողին և առաջարկելով. եթե կողմդ թափ ունի թող փորձի հրաման տվողի վրա ազդել:

Նման գործերով դատավարությունները ևս դատարանների նկատմամբ անվստահություն են առաջացնում հասարակության և հատկապես փաստաբանների մոտ:

Ինչու եմ կարևորում հատկապես փաստաբանների վստահությունը կամ անվստահությունը դատարանի նկատմամբ: Ասեմ:

Բանը նրանում է, որ փաստաբանները դատարանների հետ գտնվում են ամենօրյա շփման մեջ և առաջին հերթին հենց իրենք են զգում թե´ դրական և թե´ բացասական փոփոխությունները: Բացի այդ, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, փաստաբանի համար հեշտ ընկալելի է դատական ակտի իրավական հիմնավորվածությունը կամ անհիմությունը:

Եվ քանի դեռ փաստաբանը չի վստահում դատավորին ու չի բացառում նրա կոռուպցիոն կապի մեջ մտնելը կողմերից որևէ մեկի հետ, այսինքն չի հավատում, որ տվյալ դատավորի մոտ վեճն արդարացի լուծում կստանա, նա, եթե անգամ միջնորդությամբ չի զբաղվում, իր անվստահության մասին հայտնում է վստահորդին, որն էլ հաճախ փորձում է ինչ-ինչ մոտեցում գտնել դեպի դատավորը:

Ուրեմն, դատական կոռուպցիայի ծնող պատճառը հենց դատարավորների սերմանած անվստահությունն է իրենց հանդեպ, վստահության ճգնաժամը:

Փաստաբանների մոտ կա՞ արդյոք դրական տեղաշարժի զգացողություն Նախագահի նախաձեռնությունից հետո:

ՀՀ դատարաններից դրականորեն կարելի է առանձնացնել վարչական դատարանը, որը, սակայն, հակված չեմ կապել Նախագահի նախաձեռնության հետ, քանի որ այդ դատարանի դատավորների մի մեծ մասը մինչ նախաձեռնությունն էլ համեմատաբար վստահելի էին: Այս դատարանում է, որ դեռևս (դեռևս, քանի որ վճռաբեկն ամեն ինչ անում է այդ դատարանը որակազրկելու համար) կան դատավորներ, որ եթե գործդ նրանց է մակագրվում, վստահորեն կարող ես արդարադատություն ակնկալել, անկախ նրանից, թե դատական ակտն ինչպիսին կլինի, կհամաձայնվես դրան, թե ոչ:

Սա, սակայն, չի վերաբերում որոշ «պետպատվերով» գործերի, օրինակ կառավարության որոշումների վիճարկմանը: Բայց դե նշաձողն է բարձր և նման գործերը տեսակարար մեծ կշիռ չեն կազմում: Իհարկե, դա արդարացում չէ և ստացվում է, որ կառավարության ապօրինի որոշումներից արդյունավետ պաշտպանություն չկա:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում որևէ փոփոխություն չի նկատվում, նման զգացողություն չկա: Դրականը միայն կարելի է որոշ երիտասարդ դատավորների առկայությունը համարել, որոնց մոտ դեռևս կարելի է ինչ որ աստիճանի հասնող արդարադատություն ակնկալել:

Նախագահի նախաձեռնությունից հետո դրական տեղաշարժն ակնհայտ տեսանելի է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ինչը չի կարելի ասել վերաքննիչ քրեական դատարանի մասին, որտեղ վիճակը քանի գնում, վատանում է: Այս դատարանը կարծես թե ստեղծվել է առաջին ատյանի դատարաններում հատ ու կենտ արդարադատական առկայծումները մարելու, վիժեցնելու համար: Պատահական չէ, որ առաջին ատյանի դատարանի քրեական գործեր քննող դատավորը փաստաբանների հետ զրույթում կարող է իրեն նման արտահայտություն թույլ տալ. «այսօր արդարացման դատավճիռ կայացնելը կործանարար է դատավորի համար»:

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանին, ապա այստեղ եթե տեղաշարժ նկատվում էլ է, ապա միայն բացասական: Միագուցե Նախագահի նախաձեռնությունը կյանքի կոչելուն ուղղված սպասելիքներն այս դատարանից էինք ակնկալում, որոնք չիրականացան: Միգուցե: Բայց դրական տեղաշարժ ակնհայտորեն չի նշմարվում:

Առաջիկայում կոնկրետ գործերի անդրադառնալով, հռետորական հարց կտամ, թե արդյո՞ք նման գործի մասնակցած փաստաբանը կարող է վստահել դատարաններին ու իր հաճախորդներին չհայտնել անվստահության մասին:

Հ.Գ.

Սույն նախաձեռնությունը կարևորում եմ նրանով, որ դատարանները գործում են ՀՀ անունից և նրանց սերմանած անվստահությունը, անվստահություն է ՀՀ-ի նկատմամբ, ինչը պետք է բացառենք Նախագահի նախաձեռնությունը կյանքի կոչելով, այն դեպքում, երբ այս երկու տարիների ընթացքում սայլը առաջ չի շարժվել:

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ - 2

Մանկավարժ ու երկու երեխաների մայր Սիլվա Ասատրյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Գործի նախաքննության, դատաքննության ու պատժի կատարման փուլերում դատարանների կողմից թույլ են տրվել Սիլվա Ասատրյանի իրավունքների կոպիտ ու բազմակի խախտումներ, հիմք դնելով դատարանների նկատմամբ վստահության ճգնաժամի: Հոդվածաշարում անդրադարձ կլինի երեք դեպքերին էլ:

Սիլվա Ասատրյանի վերաբերյալ կալանավորական գործ

2001թ. դեկտեմբերի 29-ին պայթել է պատգամավոր Մ.Գ-ի ավտոմեքենան: Նույն օրը Մ.Գ-ին սպանելու փորձի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է 19 տարեկան Վարուժանը, որը Սիլվա Ասատրյանի որդին է: Մոտ 9 ամիս կալանավորված մնալուց հետո 2002թ. սեպտեմբերին Վարուժանն ազատ է արձակվել, նրա մասով քրեական գործը կարճվել է արդարացման հիմքով, իսկ մյուս մասով քրեական գործի վարույթը կասեցվել է, որը նորից վերսկսվել է 15.09.2005թ-ին:

23.09.2005թ. ժամը 17.50-ին արձանագրություն է կազմվել Սիլվա Ասատրյանին ձերբակալելու մասին` Յուրի Վոլֆսոնին Մ.Գ-ի սպանության փորձը կատարելուն դրդելու կասկածանքով:

26.09.2005թ. Սիլվա Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է մինչև 23.11.2005թ.:

Այնուհետև քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` կալանքը երկու ամիս ժամկետով երկարաձգելու մասին, սակայն առաջին ատյանի դատարանի 22.11.2005թ. որոշումով միջնորդությունը մերժվել է:

23.11.2005թ. առավոտյան ժամը 11.00-ին դատարանի որոշումը մուտք է արվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և Սիլվա Ասատրյանը ամենաուշը մինչև ժամը 17.50-ը պետք է ազատ արձակվեր: Նա, սակայն, ազատ չի արձակվել, այլ երեկոյան ժամը 18.00-ի սահմաններում տարվել է վերաքննիչ քրեական դատարան, դատարանում պահվել է անազատության մեջ, թեև լրացել էր կալանքի տակ պահվելու ժամկետը: Դատարանի հայտարարած ընդմիջման ժամանակ փաստաբանը բացատրել է, որ նա օրենքի ուժով ազատ մարդ է, կարող է անգամ տուն գնալ, ինչը նրան թույլ չի տրվել:

Ինչևէ, երեկոյան  ժամը  20.30-ին դատական նիստը հետաձգվել է ու դատարանի դահլիճից ԱԱԾ աշխատակիցները դատարանի գիտությամբ և թողտվությամբ Սիլվա Ասատրյանին փաստաբանի աչքի առջև առևանգել ու իր կամքին հակառակ, հարկադրաբար տեղափոխվել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, որտեղ էլ, կալանքի որոշման բացակայության պայմաններում նրան ընդունել ու պահել են:

Սիլվա Ասատրյանը ազատ չի արձակվել նաև հաջորդ օրը, մինչև որ ժամը 14-15-ի սահմաններում վերաքննիչ դատարանը կալանքի որոշում է կայացրել:

Օրենքի ուժով ազատ համարվող կնոջը դատարանի դահլիճից առևանգելու և անազատության մեջ պահելու այս դեպքը մեծ արձագանք ստացավ մամուլում ու իրավապաշտպանների մոտ, որոնք դեռևս 08.12.2005թ-ին հանցագործության մասին հաղորդում ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազին:

Այդ հաղորդումը ստորագրեցին ինչպես Սիլվա Ասատրյանի պաշտպաններ` Կարեն Մեժլումյանը, Ինեսսա Պետրոսյանը, Մարինե Ջանոյանը, այնպես էլ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Սախորովի անվան մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Լևոն Ներսիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահ Անահիտ Բայանդուրը:

Հաղորդումը, սակայն, մինչ օրս մնացել է անպատասխան և դատարանի դահլիճից մարդուն առևանգած ու անազատության մեջ պահած անձինք որևէ պատասխանատվություն չեն կրել:

Ի՞նչ է սա, արդյո՞ք համակարգա-հովանավորչական կոռուպցիան հենց սա չէ, երբ դատարանի դահլիճից, դատարանի ու քննիչնների ներկայությամբ ու համաձայնությամբ հատուկ ծառայության աշխատակիցներն առևանգում են անձին, տանում քրեակատարողական հիմնարկ և այդտեղ առանց կալանքի որոշման ընդունում ու պահում են նրան, դատարանն էլ ոչինչ չի «տեսնում», հաջորդ օրը նշանակած դատական նիստին ընդամենն արձանագրում է, որ Սիլվա Ասատրյանը չի ներկայացել դատական նիստին, իսկ քննիչներն էլ հայտարարում են, որ իրենք տեղյակ չեն, թե որտեղ է գտնվում նա: Դատախազությունն էլ, բնականաբար, քրեական գործ չի հարուցում անձին առևանգելու և ազատությունից զրկելու հատկանիշներով:

Արդյո՞ք սա չէ հովանավորչա-համակարգային կոռուպցիան և ինչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է վստահել ՀՀ անունից գործող նման դատարանին ու դատավորներին:

Հ.Գ.

Այս առթիվ Սիլվա Ասատրյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և եվրոպական դատարանը 09.02.2010թ. վճռով դիմումը բավարարել ու Կոնվենցիայի 5 հոդվածի 1-ին մասի «с» կետի խախտում է արձանագրել, ու ՀՀ-ին պարտադրել է Սիլվա Ասատրյանին վճարել 2500 եվրո: (Application no. 24173/06 /Asatryan v. Armenia/):

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ - 3 

Սիլվա Ասատրյանի վերաբերյալ դատական գործ 

Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 12.10.2007թ. դատավճռով Յուրի Վոլֆսոնը, որպես պատգամավոր Մ.Գ-ի ավտոմեքենան պայթեցնող, իսկ Սիլվա Ասատրյանը, որպես Վոլֆսոնի դրդիչ, դատապարտվել են 11 և 9 տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ դատավճռի, Սիլվա Ասատրյանը դատապարտվել է այն բանի համար, որ Արթուր Գյուրջինյանը Մ.Գ-ի հետ վեճեր է ունեցել, իսկ Սիլվա Ասատրյանն էլ լինելով նրա կինը խնդրել է իրենց մտերիմ Վոլֆսոնին պայթեցնել Մ.Գ-ի ավտոմեքենան, վերջինիս սպանելու նպատակով, ինչն էլ վերջինիս կողմից արվել է 29.12.2001թ-ին, սակայն Մ.Գ-ն չի մահացել: Ըստ մեղադրանքի Սիվա Ասատրյանը մի քանի ամիս համոզել է Վոլֆսոնին կատարել այդ պայթեցումը, նրան անընդհատ զանգելով և Արթուրից գաղտնի հանդիպումներ ունենալով:

Սիլվա Ասատրյանը երբեք շինծու մեղադրանքը չի ընդունել, հայտնել է, որ դեռևս 1999թ-ից ամուսնալուծված է եղել, դստեր հետ բնակվել է առանձին, իր մորական տանը, իսկ Արթուր Գյուրջինյանը բնակվել է որդու հետ, որ ամուսնալուծվելուց հետո իր նախկին ամուսնու ծանոթ և ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնին, որին ճանաչել է որպես Սերգեյ Իվանով (Յուրի Վոլֆսոնը ԱԱԾ կողմից լեգենդավորված է եղել որպես Սերգեյ Իվանով և նրա փաստաթղթերը, այդ թվում ԱԱԾ վկայականն այդ անվամբ են), հազվադեպ է տեսել, իսկ 2001թ. վերջին 2-3 ամիսներին, նրան ոչ միայն չի տեսել, այլ որևէ ձևով նրա հետ շփում չի ունեցել, այդ թվում հեռախոսազանգերով:

Դատարանում հետազոտված գործի նյութերով ու հեռախոսային խոսակցությունների վերծանումներով նույնպես հաստատվել է, որ Սիլվա Ասատրյանն ամուսնալուծված է եղել, բնակվել է առանձին, ինչպես նաև իր ու Վոլֆսոնի միջև որևէ հնարավոր հեռախոսահամարից, այդ թվում տաքսոֆոնից հեռախոսային զանգեր չեն եղել:

Սիլվա Ասատրյանն իր պաշտպանների հետ բերել է վերաքննիչ բողոք, որում հատ-հատ հերքվել են դատավճռի հիմնավորումները, ներկայացվել են իրավունքի խախտումները, նշվել են դատարանի կողմից ապացույցների խեղաթյուրումները և պահանջվել է արդարացում:

Վերաքննիչ դատարանը գործը քննել է ամբողջ ծավալով և 18.06.2008թ. դատավճռով Սիլվա Ասատրյանի վերաբերյալ դատավճիռը թողել է անփոփոխ:

Սակայն ինչ է արել վերաքննիչ դատարանը. մի կողմ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճռի հիմքում դրված և վերաքննիչ բողոքով հերքված ապացույցները, իր դատավճռի հիմքում դրել է որևէ անգամ չհետազոտված նոր ապացույցներ:

Համաձայն չլինելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 18.06.2008թ.  դատավճռի հետ, բերվել է 42 տպագիր էջից բաղկացած վճռաբեկ բողոք այնպատճառաբանությամբ, որ վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատավճռի հիմքում դրվել են առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում չհետազոտված ապացույցներ:

Չհետազոտված ապացույցների մասով բողոքում բարձրացվել է իրավունքի հարց այն մասին, որ վերաքննիչ դատարանն այնպիսի ապացույցներով է հերքել հանցագործության հետ կապ չունենալու մասին Սիլվա Ասատրյանի պատճառաբանությունները, որոնք առաջադրված մեղադրանքի հիքում չեն դրվել, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում չեն հրապարակվել ու հետազոտվել, այդ անձինք դատարանում չեն հարցաքննվել, նրանց ցուցմունքները չեն հրապարակվել, դրանց վերաբերյալ կարծիք հայտնելու և այդ ցուցմունքները տված անձանց հարցաքննելու հնարավորություն Սիլվա Ասատրյանը չի ունեցել, ինչը Սահմանադրության ու Կոնվենցիայի բացահայտ ու կոպիտ խախտում է:

Վճռաբեկ դատարանի 15.12.2008թ. որոշմամբ 42 էջանոց վճռաբեկ բողոքը վերադարձվել է առանց պատճառաբանության:

Սիլվա Ասատրյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան, որի 28.07.2009թ. որոշումով վճռաբեկ դատարանի կիրառած նորմը հակասահմանադրական է ճանաչվել, որից հետո նոր հանգամանքի հիմքով կրկին բերվել է վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը, վերանայման արդյունքում 25.09.2009թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը կրկին վերադարձրել է և նշել, որ վերաքննիչ դատարանը հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, մասնավորապես վկաներ Լ. Գյուրջինյանի, Ա. Անդեյանի ցուցմունքների վրա հանգել է հիմնավոր հետևության, որ Ս. Ասատրյանի արարքները հիմնավորված են:

Ի՞նչ է ստացվում. վճռաբեկ բողոքը բերվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ դատարանի դառավճռի հիմքում դրվել են առաջին ատյանի և  վերաքննիչ դատարաններում չհետազոտված ապացույցներ, այդ թվում` Լ. Գյուրջինյանի և Ա. Անդեյանի ցուցմունքները (այլ բան է, որ դրանցով  Սիլվա Ասատրյանի մեղավորությունը ոչ մի ձևով չի հաստատվում), Սիլվա Ասատրյանն էլ զրկվել է նրանց հարցաքննելու հնարավորությունից, ինչը Կոնվենցիայի խախտում է, իսկ վճռաբեկ դատարանը չանդրադառնալով այդ ցուցմունքները առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններում հրապարակված ու հետազոտված լինել-չլինելու փաստին ու բողոքի փաստարկին, գտել է, որ դրանցրով ապացուցվել է Սիլվա Ասատրյանի մասնակցությունը հանցագործությանը և դա արվել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

Ստացվում է, որ վճռաբեկ դատարանն ընդունելի ու պատշաճ իրավական ընթացակարգ է համարում դատարանում չհետազոտված ապացույցները մեղադրական դատավճռի հիմքում դնելը և անձին 9 տարի դատապարտելը: Դե արի ու վստահիր էս դատական համակարգին:

Նշվածով, սակայն, վճռաբեկ դատարանը չի սահմանափակվել:

Սահմանադրության 20 հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի` օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք»:

Մեր դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է դատավճիռ, (այլ դեպքերում կայացնում է որոշում) որի վերադաս, այսինքն վճռաբեկ դատարանի կողմից վերանայման իրավունք Սիլվա Ասատրյանն ամեն դեպքում ունի համաձայն Սահմանադրության:

Վճռաբեկը, սակայն, իր 25.09.2009թ. որոշման եզրափակիչ մասում նշում է. «... ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ դատապարտյալ Ս. Ասատրյանի և նրա պաշտպանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձնել»:

Ստացվում է, որ վերաքննիչ դատարանի դատավճիռը վճռաբեկ դատարանն անվանել, դարձրել է որոշում, որպեսզի Սիլվա Ասատրյանի սահմանադրական իրավունքից բխող` դատավճիռը վերանայելու, այսինքն բողոքը վարույթ ընդունելու և ըստ էության քննելու պարտադիր պարտականությունը չկատարի:

Ինչ եք կարծում, հնարավո՞ր է վստահել ՀՀ անունից գործող նման դատարանին:

Հ.Գ.

Սիլվա Ասատրյանը կրկին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան և սահմանադրական դատարանը կրկին դիմումը վարույթ է ընդունել, գործի քննությունն էլ նշանակվել է 11.01.2011թ-ին:

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ - 4 

Սիլվա Ասատրյանի վերաբերյալ բանտային գործ:

Քանի դեռ դատարանում չհետազոտված ապացույցների հիմքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Սիլվա Ասատրյանի դիմումները գտնվում են ՀՀ սահմանադրական ու Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում, նա շարունակում է կրել ապօրինի նշանակված պատիժը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը 02.10.2009թ. թիվ 845 արձանագրությամբ որոշել է Ս. Ասատրյանին կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց տեսակի հիմնարկ և հետագա պատիժը կրելու համար թողնել «Աբովյան» ՔԿՀ-ում:

22.10.09թ-ին` 20 օր անց, Ս. Ասատրյանը հապճեպ, իր կամքին հակառակ (Սիլվա Ասատրյանը հրաժարվել է դիմում գրել իրեն բացից կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին), պատիժը կրելու համար բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության ավելի բարձր աստիճան ունեցող` կիսաբաց ուղղիչ հիմնարկ:

Պարզվել է, որ 19.10.09թ-ին ՀՀ գլխավոր դատախազության դատախազ` Զ. Ստեփանյանը որոշում է կայացրել օրենսդրությանը հակասող ակտի գործողությունը կասեցնելու մասին, որի հիման վրա էլ  տեղաբաշխման հանձնաժողովը 22.10.09թ-ին թիվ 910 արձանագրային որոշմամբ, առանց որևէ պատճառաբանության որոշել է` վերանայել իր նախկին որոշումը և հետագա պատիժը կրելու համար Սիլվա Ասատրյանին տեղափոխել «Աբովյան» ՔԿՀ կիսաբաց տեսակի ուղղիչ հիմանրկ:

Հետաքրքրականն ու զավեշտալին այն է, որ ո´չ օրենսդրությանը հակասող ակտի գործողությունը կասեցնելու մասին դատախազի որոշման և ո´չ էլ տեղաբաշխման հանձնաժողովի որոշման մեջ խոսք չի գնում այն մասին, թե 02.10.09թ. որոշումը որ օրենքին, օրենքի որ դրույթին է հակասում:

Ավելին, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատիժ կրող անձի ուղղիչ հիմնարկը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավելի բարձր աստիճանի ուղղիչ հիմնարկ, միայն երկու դեպքում` անձի դրսևորած բացասական վարքագիծի կամ վերջինիս գրավոր դիմումի հիմքով:

Սիլվա Ասատրյանը բացասական վարքագիծ չի դրսևորել, ավելին, ունեցել է խրախուսումներ, գրավոր դիմում էլ չի գրել, ուստի դիմեց դատարան իր իրավունքը խախտող որոշումները վերացնելու պահանջով:

Դատարանում տեղաբաշխման հանձնաժողովի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենց առաջին որոշումը, որի հիմքով Սիլվա Ասատրյանը տեղափոխվել էր բաց տեսակի ուղղիչ հիմնարկ, եղել է օրինական և նրանք այն վերանայել են բացառապես դատախազի որոշման հիման վրա:

Դատարան ներկայացված պահանջի հիմքում այն էր, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով նախատեսված երկու հիմքերն էլ` բացասական վարքագիծն ու գրավոր դիմումը, բացակայել են, քրեակատարողական հիմնարկի 02.11.2009թ. որոշումը եղել է օրինական, իսկ այն վերանայելու մասին որոշումը որևէ ձևով պատճառաբանված չէ, ուստի Սիլվա Ասատրյանին ավելի խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին որոշումը պետք է վերացվի, քանի որ բացակայել են նման որոշում կայացնելու հիմքերը:

Առաջին ատյանի և քրեական վերաքննիչ դատարանները պահանջը մերժել են:

Ինչ եք կարծում, ի՞նչ հիմքով:

Դատարանների պատճառաբանությունն այն է, որ տեղաբաշխման հանձնաժողովի  որոշումը, որում որևէ պատճառաբանություն և իրավական հիմնավորում նշված չէ, կայացվել է բաց քվեարկությամբ, ինչպես սահմանված է այդ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կարգով:

Ստացվում է, որ եթե հանձնաժողովի որոշումը կայացվում է բաց քվերակությամբ, իսկ հանձնաժողովի բոլոր որոշումներն են կայացվում բաց քվեարկությամբ, ուրեմն չի՞ կարող դատարանի կողմից վերացվել, անձը զրկվու՞մ է իր խախտված իրավունքի դատական պաշտպանության իրական հնարավորությունից: Իսկ եթե նույն հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշում կայացներ հետագա պատիժը կրելու համար Սիլվա Ասատրյանին գազախցիկ կամ պատժախուց տեղափոխելու մասին, իսկ եթե վաղը նման որոշում կայացնի:

Արդյո՞ք կարելի է վստահել ՀՀ անունից գործող նման դատարաններին և արդյո՞ք գործ չունենք համակարգա-հովանավորչական կոռուպցիայի հետ:

Հ.Գ.

Վերաքնիչ դատարանի որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք, որում բարձրացվել են վերը նշված իրավական խնդիրները: Տեսնենք թե վճռաբեկ դատարանն ինչ նախադեպ կստեղծի:

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ - 5 

Նունե Ասրաթյանը կարո՞ղ է վստահել ՀՀ անունից գործող դատարանին

ԱՄՆ քաղաքացի և ընտանիքով Բելգիայում բնակվող Նունե Ասրատրյանը (նախկին ազգանունը` Աբովյան) Մ.Ա-ի հետ ամուսնացել են 01.06.1990թ-ին: Ամուսնությունից հետո կողմերը մեկնել են Հայաստանից, ստացել ԱՄՆ քաղաքացիություն, իսկ վերջին տարիներին բնակվել են Բելգիայում: Համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երեք երեխա:

03.11.2004թ-ին Նունե Ասրատյանը ՀՀ-ում ստացել է Կացության հատուկ կարգավիճակի անձնագիր, որում նրա քաղաքացիությունը նշված է` ԱՄՆ, այսինքն Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Նունե Ասրաթյանը ԱՄՆ  քաղաքացի է և ՀՀ քաղաքացի չէ:

Նունե Ասրատյանը 2009թ. գարնանը Մ.Ա-ից ամուսնալուծվելու հայց է հարուցել Բելգիայի դատարանում:

Դրանից հետո Մ.Ա-ն հայցով դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան` իրեն և Ն. Աբովյանին ամուսնալուծելու պահանջով, դատարանն էլ այդ հայցը վարույթ է ընդունել:

Հայցադիմումում նշված չի եղել տեղեկություն այն մասին, որ Նունե Ասրատյանը (Աբովյանը) ԱՄՆ քաղաքացի է, որ նրա ազգանունը փոխվել է, այլ հակառակը, ապացույցներ են ներկայացվել այն մասին, թե իբր նա ՀՀ քաղաքացի է:

Նունե Ասրատյանը ԱՄՆ անձնագրի վավերապայմաններով լիազորագիր է ուղարկել փաստաբանին, ուղարկել է նաև Բելգիայում իր հայցի հիման վրա քննվող ամուսնալուծության վերաբերյալ գործի մասին ապացույց, ԱՄՆ քաղաքացիության անձնագրի պատճենն ու ՀՀ-ի կողմից տրված հատուկ կացության վերաբերյալ անձնագրի պատճենը, որում Նունե Ասրատյանի քաղաքացիությունը նշված է ԱՄՆ-ի քաղաքացի:

Նշված ապացույցները ներկայացնելով, փաստաբանը դատարանին միջնորդել է կարճել գործի վարույթը, քանի որ և´ հայցվորը և´ պատասխանողը ԱՄՆ քաղաքացի են, բացի այդ Բելգիայում արդեն իսկ քննվում է նրանց ամուսնալուծության գործը, իսկ ՀՀ քաղ. դատ. օր-ի 244 և 246 հոդվածիների համաձայն` ա) ՀՀ դատարանները չեն կարող քննել երկու օտարերկրյա քաղաքացիների ապահարզանի գործ և բ) եթե մինչև ՀՀ դատարանում գործ հարուցելը օտարերկրյա դատարում նույն առարկայի` ամուսնալուծության մասին գործ է քննվում, ապա գործի վարույթը պետք է կարճվի:

Դատարանը Նունե Ասրաթյանի ներկայացուցչի միջնորդությունը, գործի վարույթը կարճելու մասին, մերժել է, պատճառաբանությամբ, որ դատաքննության ժամանակ հայցվոր Մ.Ա-ի ներկայացուցչի կողմից ներկայացված` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության գրության համաձայն Նունե Աբովյանը ՀՀ քաղաքացի է, 1996թ-ին ստացել է ՀՀ անձնագիր, այսինքն համարել է, որ կողմերից մեկը ՀՀ քաղաքացի է:

Դատարանը վճռի հիմքում դրել է վիզաների վարչության գրությունը, դրանով գտել է, որ գործի վարույթը կարճելու հիմքը բացակայել է, բացի այդ ապացույցների ցանկից հանել է Ն. Ասրատյանի ամերիկյան անձնագրի պատճենը, քանի որ բնօրինակ չէ, այն դեպքում, երբ միջնորդություն էր եղել գործի քննությունը մի քանի օրով հետաձգել, որպեսզի Ն. Ասրաթյանը ներկայանա և մասնակցի գործի քննությանը, բնականաբար ներկայացնելով նաև անձնագրի բնօրինակը:

Վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, նշելով թույլ տրված սխալները: Վերքաննիչ դատարանը 19.10.2009թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, որպես էական նշանակություն ունեցող փաստ  նշելով անձնագրերի և վիզաների վարչության գրությունն այն մասին, որ Նունե Աբովյանը ՀՀ քաղաքացի է և 30.03.1996թ-ին ստացել է ՀՀ անձնագիր:

Նունե Ասրաթյանի ներկայացուցիչը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 09.12.2009թ. որոշումով վճռաբեկ բողոքը վերադարձվել է, որում կրկին անգամ խոսք է գնում միայն քաղաքացիության փաստարկի մասին, չանդրադառնալով մյուս խախտումներին:

Ըստ Ն. Ասրաթյանի, Մ.Ա-ն ստանալով ամուսնալուծության վճիռը, որով չի լուծվել ընդհանուր գույքի հետ կապված հարցերը մեքենայություններ կատարելով մի քանի հարյուր հազար եվրոյի վնաս է պատճառել իրեն, այն դեպքում, երբ Բելգիայի դատարանում ընդհանուր գույքի բաժանման ու երեխաների խնամքի ծախսերը հոգալու հարցն էլ է դրված եղել:

Նունե Ասրաթյանը, որը չի դեմել և 1996թ-ին ՀՀ անձնագիր չի ստացել, դիմել է կեղծիք կատարելու համար քրեական գործ հարուցելու խնդրանքով և ՀՀ ոստիկանության շտաբի պետի գրության համաձայն` նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Փորձագետի եզրակացության համաձայն` Նունե Գուրգենի Աբովյան անվամբ 28.03.1996թ. «դիմում անձնագիր տալու մասին» ձև 1 քարտում «դիմող» և «ստացող» սյունակներում առկա ստորագրությունները կատարված չեն Նունե Գուրգենի Ասրատյանի (Աբովյանի), այլ կատարված են մեկ ուրիշ անձի կողմից:

Հարց է ծագում, ինչի՞ց ելնելով ՀՀ դատարանը ՀՀ անունից արտակարգ արագությամբ, մեկ դատական նիստով քննեց մի գործ, որի իրավունքը չուներ, գոնե մեկ անգամ չհետաձգեց գործի քննությունը, չսպասեց մինչև կողմը ներկայանա ու դատարանին ներկայացնի ապացույցներ, դատարանին հայտնի, որ ինքը դիմում չի տվել և ՀՀ անձնագիր չի ստացել:

Կարծում եմ, բոլորիս էլ պարզ է թե ինչու:

Հ.Գ.

Նունե Ասրաթյանն այս գործով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ - 6 

Դավիթ Փոլադյա՞նն ինչպես վստահի ՀՀ անունից գործող դատարանին:

Դավիթ Փոլադյանը գումարային ստացականն է տվել Ա.Ա-ին, իսկ դրանից մեկուկես ամիս անց Դ.Փոլադյանի, Ա.Ա-ի և նրա գործընկեր Վ.Ադամյանի միջև կնքվել է համաձայնագիր, որով Դ.Փոլադյանը պարտավորվել է «Տավուշ» գինու գործարան» ՓԲԸ-ի իրեն պատկանող 60% բաժնետոմսերը օտարել Ա.Ա-ի գործընկեր Վ. Ադամյանին և կողմերը հայտարարել են, որ դրանից հետո այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու, բացառությամբ նրա, որ Ա.Ա-ն և Վ.Ադամյանը պարտավորվում են վերը նշված գործարքը կատարելուց հետո 45 օրվա ընթացքում Դավիթ Փոլադյանին վճարել 120000 (հարյուր քսան հազար) ԱՄՆ-ի դոլար:

Դ. Փոլադյանն իրեն պատկանող բաժնետոմսերը նույն օրն իսկ փոխանցել է Վ. Ադամյանին, որից էլ այնուհետև դրանք անցել են Ա.Ա-ին:

Ա.Ա-ն, սակայն, պայմանավորված 120.000 ԱՄՆ դոլարը Դ. Փոլադյանին չի վճարել և կողմերի միջև ստացականից ու համաձայնագրից բխող վեճեր են ընթացել ու իրենց լուծումը ստացել վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների դատական ակտերով:

Նշված գործով դատարանում ցուցմունք են տվել ինչպես համաձայնագրի երեք կողմերը, այնպես էլ այն կազմած իրավաբան Ս. Մկրտչյանը և Ա.Ա-ից բացի, բոլորը, այդ թվում նրա գործընկեր Վ. Ադամյանն ասել են այն, ինչ Դ. Փոլադյանը:

Դավիթ Փոլադյանի հայցը բավարարվել է, Ա.Ա-ին տրված ստացականից ծագող պարտավորությունները, դրանից հետո կնքված համաձայնագրի հիմքով, դադարած են ճանաչվել և վճռվել է Ա.Ա-ից հօգուտ Դ.Փոլադյանի բռնագանձել համաձայնագրում նշված գումարն իր տոկոսներով, որը 2008թ. կեսերին կազմում էր մոտ 350.000 ԱՄՆ դոլար:

2008թ-ին Ա.Ա-ն դիմել է դատարան  համաձայնագիրն իր մասով անվավեր ճանաչելու պահանջով, պատճառաբանելով, որ ինքն այն կնքել է մոլորության ազդեցության տակ:

Ա.Ա-ն նաև նախաձեռնել է հաշտության բանակցություններ, առաջարկելով 200.000 ԱՄՆ դոլար և հայտնել, որ եթե Դավիթ Փոլադյանը չհամաձայնվի այդ գումարով հաշտություն կնքելուն, ապա ինքը պայմանավորվածություն ունի և գործերը շահելու է:

Դ. Փոլադյանը նման պայմաններով (350.000-ի փոխարեն 200.000 ԱՄՆ դոլարով) հաշտության չի համաձայնվել և դատարանին է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ու վերաքննիչ դատարանի վճիռը և հղում կատարելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 52 հոդվածին (նշված հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև այլ գործ քննելիս կրկին անգամ ապացուցման ենթակա չեն), խնդրել է Ա.Ա-ի հայցը մերժել:

Նոր գործով առաջաին ատյանի դատարանը Ա.Ա-ի հայցը բավարարել է, վճռում որևէ տեղ չանդրադառնալով վճռաբեկ ու վերաքննիչ դատարանների ակտերին, կարծես թե այդպիսի փաստաթղթեր չեն էլ ներկայացվել:

Վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք:

Վերքննիչ դատարանը անդրադառնալով վերաքննիչ ու վճռաբեկ դատարանների դատական ակտերով հաստատված հանգամանքների մի փոքր մասին միայն 07.07.2009թ. որոշմամբ գտել է, որ Ա.Ա-ն համաձայնագրի մի մասը մոլորության ազդեցության տակ է կնքել և այդ մասով համաձայնագիրն անվավեր է ճանաչել:

Նշված որոշման դեմ բերվել է վճռաբեկ բողոք և քանի որ վերաքննիչ դատարանը համաձայնագիրն անվավեր էր ճանաչել` «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու…» մասով, բողոքում 4 տեղ ընդգծված մեջբերվել է որոշման այդ մասը և պատճառաբանվել, որ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված հանգամանքներին հակասող հանգամանք է հաստատված համարել:

Բողոքում հետևյալ իրավական հարցն է բարձրացվել. եթե նախկինում կայացված վճռով արդեն իսկ հաստատված է, որ. «համաձայնագրի «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» պայմանը «վերաբերելի և հստակ տեղեկություններ է պարունակում», «արտահայտում է կողմերի համաձայնությունը և կամքը» և «Ա. Ա-ն անվերապահորեն ընդունել է, որ դրանից հետո որևէ պարտք և պահանջ չի ունենալու և չի ներկայացնելու Դ. Փոլադյանի հանդեպ», ինչպես կարող է նման համաձայնությունը մոլորություն լինել, չէ որ այդ պայմանը հստակ է, արտահայտում է կողմերի, այդ թվում` Ա.Ա-ի համաձայնությունն ու կամքը, Ա.Ա-ն այդ պայմանն անվերապահորեն ընդունել է:

Ի՞նչ եք կարծում, վճռաբեկ դատարանն ինչ արեց:

Ասեմ: Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բողոքը վերադարձրեց, բողոքում կարմիր թելի պես անցնող` «այլևս մեզանից յուրաքանչյուրս մեկս մյուսի նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք և չենք ներկայացնելու» պայմանի մասը «արանքից», վճռաբեկ դատարանի որոշման մեջ` բողոքի մեջբերված տեքստից հանելով և տպավորություն ստեղծելով, որ բողոքում նման բան չի նշվել և բողոքի փաստարկներն այլ բանի են վերաբերում: Այսինքն, վճռաբեկ դատարանն իր որոշմամբ խեղաթյուրեց բողոքի էությունը, որպեսզի իմաստազրկի այն և կարողանա վերադարձնել:

Հ.Գ.

Հարց է ծագում, ինչից ելնելով, այն բանից հետո, երբ Դավիթ Փոլադյանը հրաժարվեց Ա.Ա-ի առաջարկած 200.000 ԱՄՆ դոլարով հաշտության համաձայնություն կնքել, նոր գործի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանը ՀՀ անունից կայացված վճռում ընդհանրապես չանդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, վերաքննիչ դատարանը դրանցով հաստատված հանգամանքներին անդրադարձավ ընտրանքային ձևով, իսկ վճռաբեկ դատարանը ՀՀ անունից կայացված իր որոշման մեջ խեղաթյուրված ներկայացրեց բողոքը` տպավորություն ստեղծելով, որ այն իմաստազուրկ է:

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ - 7

Լիլյա Ղափլանյանն ու Ալբերտ Խաչատրյանը կարո՞ղ են վստահել վճռաբեկ դատարանին:

Լիլյա Ղափլանյանը դեռևս 2003թ-ին նոտարի կողմից վավերացված պայմանագրով  տուն է ձեռք բերվել, որը կադաստրում սեփականության իրավունքով գրանցվել է իր ու Ալբերտ Խաչատրյանի անվամբ:

Պայմանագրում որպես տան սեփականատերեր և վաճառողներ նշված են եղել Սլավիկ Հակոբջանյանը, Գագիկ Հակոբջանյանը և նրանց մայր Մարիյա Մելքոնյանը: Գ. Հակոբջանյանի անունից ՌԴ-ում տրված լիազորագրի հիման վրա պայմանագիրը կնքել է Ս. Հակոբջանյանը:

Դրանից 4 տարի անց արդեն հանգուցյալ Գ. Հակոբջանյանի որդի Ա.Հ-ն և այրի Ա.Զ-ն հայցով դիմել են դատարան` ընդդեմ Լիլյա Ղափլանյանի և Սլավիկ Հակոբջանյանի  խնդրելով իրենց ճանաչել Գագիկ Հակոբջանյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և տան 1/3 մասի պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ պայմանագրի անվավերության հատևանքներ:

Հայցի հիմքում դրվել էր ՌԴ նոտարի գրությունն այն մասին, որ Գ.Հակոբջանյանի անունից Ս.Հակոբջանյանին լիազորագիր չի տվել:

Առաջին ատյանի դատարանի վճռով հայցը բավարարվել է, վերաքննիչ դատարանի վճռով` մերժվել, իսկ վճռաբեկ դատարանը գտնելով, որ տան 1/3 բաժնեմասը մտել է Գ. Հակոբջանյանի ժառանգական զանգվածի մեջ և նա Ս. Հակոբջանյանին լիազորագիր չի տվել, վերաքննիչ դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է, անվավեր է ճանաչվել առուվաճառքի պայմանագիրը և Լիլյա Ղափլանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Գագիկ Հակոբջանյանին պատկանող 1/3 բաժնի մասով, հայցվորներին էլ ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգներ:

Տան համասեփականատեր Ալբերտ Խաչատրյանը նշված գործին մասնակից չի դարձվել և տեղեկանալով դատական ակտերի մասին, դիմել է փաստաբանի օգնությանը, որպեսզի բողոք բերի, սակայն նրան պարզաբանվել է, որ վճռաբեկ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ ու կարող է բողոքարկվել միայն նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Պարզվել է նաև, որ ճիշտ է, Ս. Հակոբջանյանը լիազորություն չի ունեցել Գ. Հակոբջանյանի անունից տունն օտարելու, սակայն նա նաև լիազորություն չի ունեցել Գ. Հակոբջանյանի անունից այդ տունը ժառանգությամբ ընդունելու: Բանը նրանում է, որ տունը վաճառելուց մի քանի օր առաջ այն ժառանգությամբ ընդունել են Ս. և Գ. Հակոբջանյաններն ու Մարիյա Մելքոնյանը, սակայն ՌԴ-ում բնակվող Գ. Հակոբջանյանի անունից ժառանգությունն ընդունել է Ս. Հակոբջանյանը, իբր ՌԴ-ի նույն նոտարի կողմից տրված լիազորագրի հիմքով:

Այսինքն Գ. Հակոբջանյանի կողմից ոչ ժառանգություն ընդունելու լիազորագիր է տրվել և ոչ էլ տունն օտարելու: Հետևաբար տունն այն անձանց է սեփականության իրավունքով պատկանել, ովքեր ժառանգությունն իրականում ընդունել են` Ս. Հակոբջանյանին ու Մարիյա Մելքոնյանին, որոնք էլ այն օտարել են: Հետևաբար Գ. Հակոբջանյանի ժառանգների հայցով չէր կարող գործարքն անվավեր ճանաչվել, քանի որ տունը (տան բաժինը) Գ. Հակոբջանյանը ժառանգությամբ չի ընդունել, նրա սեփականությունը չի դարձել և նրա ժառանգական զանգվածի մեջ չի մտել:

Այս ամենը պարզելով հայց ներկայացվեց վարչական դատարան, որի վճռով անվավեր ճանաչվեց նոտարական գրասենյակի կողմից Գագիկ Հակոբջանյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրա հիման վրա կադաստրում կատարված իրավունքների պետական գրանցումը: Այսինքն հաստատվեց, որ Գ. Հակոբջանյանը տան 1/3 բաժնի սեփականատեր չի եղել և այդ բաժինը նրա ժառանգական զանգվածի մեջ չի մտել:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լիլյա Ղափլանյանն ու Ալբերտ Խաչատրյանը 03.05.2010թ-ին նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք  բերեցին վճռաբեկ դատարանի որոշման դեմ:

ՀՀ վճռաբեկ դատարանը 09.06.2010թ. որոշմամբ, սակայն 14.07.2010թ. կից գրությամբ, ավելի քան մեկ ամիս անց, վերադարձրել է բողոքը` նշելով (բայց որևէ ձևով չպատճառաբանելով), որ վարչական դատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանք չէ, ինչպես նաև գործին մասնակից չդարձված անձը (Ալբերտ Խաչատրյանը) չի կարող վճռաբեկ դատարանի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքով բողոք բերել:

Ի՞նչ է ստացվում, վճռաբեկ դատարանը կարող է կամա թե ակամա գործին մասնակից չդարձված անձի վրա ազդող դատական ակտ կայացնել և նա չի՞ կարող այն բողոքարկել, դա՞ է իրավական պետության մեր ընկալումը:

Բայց չէ՞ որ բողոք էր բերել նաև գործին մասնակից Լիլյա Ղափլանյանը, այս դեպքում որն էր բողոքը վերադարձնելու վճռաբեկի տրամաբանությունը:

Քանի որ վճռաբեկի որոշումը պատճառաբանված չէ, կարող ենք միայն ենթադրել, որ դա ՀՀ քաղ. դատ. օր-ի  այդ պահին գործող 204.11 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի խմբագրությունն է եղել, ըստ որի նոր երևան եկած հանգամանք է դատարանների և այլ մարմինների որոշումների վերացումը և ենթադրաբար վճռաբեկը նոտարին չի համարել այլ մարմին իսկ նրա տված ժառանգության վկայագիրն էլ` որոշում:

Բայց չէ որ դեռևս 2010թ. մայիսի 20-ին ԱԺ-ի կողմից արդեն ընդունվել էր քաղ. դատ. օր-ում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, որով «այլ մարմնի»  փոխարեն գործածվում է «վարչական մարմին» տերմինը, որի տակ մտնում է նաև նոտարը: Նշաված օրենքը ուժի մեջ մտավ 03.07.2010թ-ին: Ուրեմն ինչը վճռաբեկին ստիպեց իր համար աննկարագրելի արագությամբ (իմ համոզմամբ հետին ամսաթվով, քանի որ վճռաբեկի 09.06.2010թ. որոշումն ուղարկվել է 14.07.2010թ-ին) վերադարձնել վճռաբեկ բողոքը, չէ որ ակնհայտ էր, որ տեղի է ունեցել դատական սխալ:

Այժմ մի համեմատական: Հիշում եք չէ՞ Դավիթ Փոլադյանի գործը, երբ հրաժարվեց Ա.Ա-ի առաջարկած 200.000 ԱՄՆ դոլարով հաշտության համաձայնություն կնքել (ակամայից հիշեցի «չուտողի մալը, ուտողին հալալ է» ասացվածքը), որից անմիջապես հետո նոր գործի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանը վճռում ընդհանրապես չանդրադարձավ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, վերաքննիչ դատարանը անդրադարձավ դրանցով հաստատված հանգամանքների մի չնչին մասին, իսկ վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ խեղաթյուրված ներկայացրեց վճռաբեկ բողոքը` տպավորություն ստեղծելով, որ այն իմաստազուրկ է:

Ի՞նչ եղավ դրանից հետո. Ա.Ա-ն արդեն այս դատական ակտերով 2009թ. հոկտեմբեր ամսին նոր երևան եկած հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք բերեց Դավիթ Փոլադյանի օգտին կայացված վճռի դեմ, իսկ վճռաբեկ դատարանն այն վարույթ ընդունեց և ավելի քան տաս ամիս սպասեց, մինչև ԱԺ մտնի ՀՀ քաղ. դատ. օր-ում վերը նշված փոփոխության նախագիծը, այն ընդունվի, ուժի մեջ մտնի, որից հետո 10.09.2010թ. որոշմամբ Դավիթ Փոլադյանի օգտին կայացված վճիռը բեկանեց:

Հարց է ծագում, ինչու ՀՀ անունից գործող վճռաբեկ դատարանը մի դեպքում ավելի քան տաս ամիս իր մոտ պահեց վճռաբեկ բողոքը, մինչև որ ԱԺ մտցվի օրենքի նախագիծ, այն ընդունվի և ուժի մեջ մտնի, իսկ մյուս դեպքում, երբ արդեն օրենքն ընդունված էր, մինչև ուժի մեջ մտները, հապճեպ, միգուցե հետին ամսաթվով, վերադարձրեց բողոքը:

Կարծում եմ, երկու դեպքում էլ պարզ է թե ինչու և այդ ամենը դատարաններում կոռուպցիան վերացնելու Նախագահի նախաձեռնությունից հետո, որի առաջամարտիկը պետք է վճռաբեկ դատարանը լիներ:

Հ.Գ.

Ե´վ Ալբերտ Խաչատրյանի ու Լիլյա Ղափլանյանի ընտանիքը և´ Դավիթ Փոլադյանի ընտանիքը պատրաստվում են հեռանալ ՀՀ-ից: Պատճառը. փնտրեք վճռաբեկ դատարանի որոշումների մեջ:



Բեռնել

Վերադառնալ