ՌԴ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
19.01.2022 18:41
2022թ-ի հունվարի 19-ին Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջաններում գործունեություն ծավալող մի շարք փաստաբաններ, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան» խորագրով վերապատրաստման շրջանակում, այցելեցին ՀՀ փաստաբանների պալատ:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ողջունելով ռուս գործընկերներին, նշեց, որ բարձր է գնահատում ինչպես ՌԴ փաստաբանների ֆեդերալ պալատի, այնպես էլ անհատ գործընկերների հետ հարաբերությունները: Նա հյուրերին ներկայացրեց ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնավորապես, Հանրային պաշտպանի գրասենյակի, Արագ արձագանքման հանձնախմբի գործունեության առանձնահատկությունները, Փաստաբանական դպրոց ընդունվելու, ավարտելու և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փաստաբանական ոլորտում առկա խնդիրները, ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերում կատարված կամ նախաձեռնված փոփոխությունները:
Հյուրերն այցելեցին նաև ՀՀ փաստաբանական դպրոց, որտեղ նրանց հյուրընկալեց դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը: Վերջինս ներկայացրեց փաստաբանական դպրոցի առաքելությունը և ուսուցման կազմակերպման գործընթացը:
Հանդիպումն ամփոփվեց ՀՀ Փաստաբանների պալատի վարչական շենքում կատարված շրջայցով:
Բեռնել
Վերադառնալ