Փաստաբանների պալատի միջազգային համագործակցության դաշտը դատարկ է
30.08.2013 12:58«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Փաստաբանների պալատի նախագահի ինքնաառաջադրված թեկնածու, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
- Պարոն Աթանեսյան, ընտրապայքարն արդեն սկսված է, ինչպե՞ս եք անցկացնում քարոզարշավը:
- Քարոզարշավ կարծես թե միայն ես եմ անցկացնում, մնացածը ընդօրինակում են իմ քայլերը. ես եմ առաջինը մամուլի ասուլիս տվել, մարզային հանդիպումներ ունեցել, բուկլետներ տպել, և իմ մրցակիցներն այդ ամենը կրկնում են: Հիմա ինձ հետաքրքիր է՝ իրենք ինքնուրույն ի՞նչ կարող են անել: Ամեն դեպքում, իմ մարզային այցելություններն ու հանդիպումները կշարունակվեն, հարցազրույցներ կտամ, հանդես կգամ մամուլի ասուլիսներով: Մի շարք այլ քայլեր ևս նախատեսել եմ, սակայն չեմ ասում, որպեսզի չկրկնօրինակեն:
- Քարոզարշավի ընդհանուր ընթացքն ինչպե՞ս կգնահատեք, կա՞ սպասված ակտիվությունը:
- Առաջին անգամ է, երբ քարոզարշավ է անցկացվում Պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Այն բոլորիս համար նորություն է, ուստի մենք գուցե կրկնօրինակում ենք քաղաքական ընտրությունները: Փաստաբանները չունեն հարթակ, որտեղ կհանդիպեն միմյանց, ֆեյսբուքյան խմբերը չեն կարող փոխարինել դրան, հետևաբար այս ամենը դարձավ հանրային, ինչը Պալատին օգուտ է: Առկա է հանրային ուշադրություն, հետաքրքրություն, ինչու չէ՝ նաև ինտրիգ, հուսամ՝ այսպես էլ կընթանա: Պալատի նախագահը' գոնե իրավաբանական կորպուսի մի հատվածի ղեկավարը, ժողովրդի առաջ կընտրվի, ժողովուրդը կճանաչի նրան:
- Ըստ Ձեզ' թեկնածուների համար ապահովվա՞ծ են հավասար մրցակցային պայմաններ:
- Հավասար մրցակցային պայմաններ ապահովված չեն, մրցակիցներից մեկը վարում է նաև ընդհատակյա պայքար: Թեև ես դեռ չեմ կարող պնդել այդ փաստերը, սակայն շատ են ասեկոսեները, հաճախ են ինձ լուրեր հասնում, հուսով եմ' մրցակիցս կհերքի դրանք: Ինձ լուրեր են հասել, որ մրցակիցներիցս մեկի օգտին ստորագրություններ են հավաքվում: Այսինքն' մենք քաղաքական ընտրությունների նաև նեգատիվ կողմն ենք ընդօրինակել:
- Մրցակից թեկնածուների ծրագրերին ծանո՞թ եք արդյոք, կա՞ն ծրագրային դրույթներ, որոնք ընտրվելու դեպքում կներառեք Ձեր ծրագրերի առաջնահերթությունների մեջ:
- Ծրագիրն առաջինը ես եմ մշակել, մնացածը, որքան տեսնում եմ, ինձ կրկնում են, սակայն ինչն է հետաքրքիր. մրցակիցներս անտեսում են մի շատ կարևոր հանգամանք, այդ թվում՝ հիմնական մրցակիցս: Դա ֆինանսական աուդիտի խնդիրն է. ոչ ոք չի ասում, որ այն կդարձնի թափանցիկ:
- Պալատի խնդիրներից որո՞նք ունեն առաջնահերթ լուծման կարիք:
- Ես բազմիցս նշել եմ, որ դա ֆինանսական գործունեության թափանցիկությունն է, ամենակարևոր խնդիրներից են փաստաբանների պաշտպանությունը, երիտասարդ փաստաբաններին օգնելու ծրագրերը: Հատկապես պիտի շեշտեմ այն հանգամանքը, որ միջազգային համագործակցություն չկա. այդ դաշտը պարզապես դատարկ է, այս տարիներին ոչինչ արված չէ:
- Ընտրվելու դեպքում պատրաստ կլինե՞ք համագործակցել մյուս թեկնածուների հետ:
- Նախ ասեմ, որ Պալատը չի դառնալու Պալատի նախագահի գրասենյակ, այն բոլոր փաստաբաններինն է, հետևաբար իմ այսօրվա առողջ և անառողջ քննադատները, ովքեր փաստաբան են, կողմնակիցների հետ միասին հավասար պայմաններով մասնակցելու են Պալատի կառավարմանը, բոլոր որոշումները մենք ընդունելու ենք միասին, չեն լինելու ընդհատակյա կամ այլ նպատակներով որոշումներ: Բոլորը, այդ թվում' իմ մրցակիցները, իմ ամենաանառողջ քննադատները, եթե իրենք փաստաբան են, մասնակցելու են Պալատի կառավարմանը. իմ առաջադրվելու նպատակը դա է:
- Կարծիք կա, որ Պալատի նախագահի պաշտոնը զոհաբերություն է պահանջում, պատրա՞ստ եք նման զոհաբերության:
- Անշուշտ, պատրաստ եմ, ես չեմ կարծում, որ Պալատի նախագահը պետք է մասնակցի աղմկահարույց գործերի: Որպես մարդ' ես ունեմ գործեր, որոնք պետք է ավարտեմ, դա գուցե տևի մի քանի ամիս կամ մեկ տարի: Ես վստահորդների առջև պարտավորություններ ունեմ, որոնք պետք է ավարտեմ: Դրանք կավարտեմ, ոչ թե որպես պալատի նախագահ՝ նոր գործեր կվերցնեմ: Իմ ամբողջ եռանդն ու գործունեությունն, իհարկե, ուղղվելու են Պալատին:
- Չընտրվելու դեպքում շարունակելո՞ւ եք Ձեր գործունեությունը՝ որպես փաստաբան:
- Չընտրվելու դեպքում ես կշարունակեմ իմ փաստաբանական գործունեությունը: Եթե քվեարկության արդյունքները լինեն կասկածի տեղիք չտվող, անվիճելի, կշնորհավորեմ հաղթող մրցակցին, եթե լինեն կասկածելի, չեմ շնորհավորի՝ բնականաբար, կշարունակեմ ապրել՝ ինչպես ապրում էի: Ամեն դեպքում՝ չեմ կարծում, որ կհամագործակցեմ Պալատի ղեկավարության հետ:
- Կարո՞ղ եք Ձեր և մրցակիցների շանսերը գնահատել:
- Ընտրություններից առաջ բոլոր փաստաբաններին հրահանգավորվել և ասվել էր, որ հաղթելու է Արա Զոհրաբյանը: Ընտրությունների գործընթացը, սակայն, փոխեց իրավիճակը: Դա ոչ թե պայմանավորված էր իմ անձով, այլ պարզապես այլընտրանք առաջացավ, որ մինչ այդ չկար: Ես ոչ թե իմ անձը, այլ գաղափարներ եմ առաջ քաշում: Եթե փաստաբաններն իմ գաղափաներին վստահեն (իսկ ես կարծում եմ' պիտի վստահեն, որովհետև համահունչ են իրենց ցանկություններին. ես ինքս եմ փաստաբան և հասկանում եմ' նրանք ինչ խնդիրներ ունեն), ապա լրիվ այլ պատկեր կունենանք:
- Հիմնական մրցակցությունը ո՞ր թեկնածուների միջև է ընթանում:
- Ես գտնում եմ, որ մրցակցում ենք ես և Արա Զոհրաբյանը:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_interview_210290.html
Բեռնել
Վերադառնալ