ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄՇԱԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

11.10.2019 10:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄՇԱԿԵԼ Է ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:

Ստրոև ներկայացվում են այդ նախագծերը՝ լրացման և/կամ փոփոխության հակիրճ նկարագրությամբ.

- «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծ.

Նշված նախագծերով նախատեսվում է ներդնել ՀՀ փաստաբանների պալատի դեպոզիտի ինստիտուտը: Փաստաբանների պալատի դեպոզիտ հաշիվն իրենից ներկայացնում է փաստաբանների պալատի կողմից բացված բանկային հաշիվ, որտեղ մուտքագրվում են փաստաբանների պալատի անդամ փաստաբանների շահառուին՝ որպես պարտավորության կատարում, վճարման ենթակա գումարները:

Փաստաբանների պալատի դեպոզիտ հաշվի ինստիտուտը լայն տարածում ունի եվրոպական մի շարք փաստաբանական կառույցներում: Օրինակ, Ֆրանսիայում գործում է ԿԱՌՊԱ համակարգը, որի միջոցով պարտավորության կողմերի փաստաբանները գործարքի կատարման գումարը մյուս կողմին հանձնելու փոխարեն այն մուտք է անում պալատի դեպոզիտ հաշվին, որից հետո գործարքի մյուս կողմի պարտավորության կատարման (գույքի հանձնում, ծառայության մատուցում, աշխատանքի կատարում և այլ) դեպքում գումարի հասցեատերը ստանում է գումարը, հակառակ դեպքում գումարը վերադարձվում է վճարողին:

- «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ.

Նախագծով առաջարկվում է «Սնանկության մասին» գործող օրենքում սնանկացման ոչ ենթակա ինստիտուտների շարքում ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը։ Նման մոտեցումը, մի կողմից, կբխի Պալատի սահմանադրական կարգավիճակից, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ինստիտուտի գործունեության դադարեցումը՝ ներառյալ սնանկության վարույթի միջոցով և արդյունքում, չի կարող իրականացվել սովորական օրենքների միջոցով, իսկ, մյուս կողմից, օրենսդրական երաշխիքներ կստեղծվեն՝ երաշխավորելու Պալատի նշված կարգավիճակից բխող ֆինանսական անկախության և կայունության համապատասխան կառուցակարգեր, ինչը համահունչ կլինի պետության կողմից ստանձնված պոզիտիվ սահմանադրական պարտականությանն ապահովել անձի իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը և այդ իրավունքի իրացմանը միտված փաստաբանության անկախությունն ու ինքնակառավարումը։

- «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ.

Նախագծի ընդունումը պայմանավորված է փաստաբանության ինստիտուտի հատուկ իրավական կարգավիճակով, գործունեության հանրային -իրավապաշտպան բնույթով և առավել խոցելի կարգավիճակում գտնվող փաստաբանների իրավունքների պաշտպանությամբ և հնարավոր խախտումները բացառելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» գործող օրենքում ձերբակալված կամ կալանավորված փաստաբանին վերապահել իրեն տեսակցության եկած՝ փաստաբանների պալատի նախագահի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից: Նման մոտեցումը, մի կողմից, կբխի փաստաբանների պալատի կարգավիճակից՝ որպես փաստաբանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը երաշխավորող մարմնի, իսկ, մյուս կողմից, օրենսդրական երաշխիքներ կստեղծվեն՝ ապահովելու փաստաբանի իրավունքների պաշտպանությունը և հնարավորինս բացառելու վերջինիս իրավունքների խախտճումները։

- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, օրենքը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծեր.

Նշված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների համատեքստում փաստաբանության՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող ինստիտուտի դերակատարման բարձրացման հրամայականով և այդ առումով փաստաբանության սահմանադրական կարգավիճակից բխող համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ և նպատակաուղղված է անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և այդ նպատակով գործող փաստաբանության ինստիտուտի պատշաճ գործառման օրենսդրական երաշիքների ստեղծմանը: Այդպիսով նաև հուսալի երաշխիքներ են ստեղծվում դատարանում զենքերի հավասարության սկզբունքի արդյունավետ իրականացման և, ըստ այդմ, գործի բազմակողմանի քննության ու պատճառաբանված դատական ակտի կայացման համար:

Պալատը կարևորում է փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետության բարձրացման օրենսդրական հիմքերի ձևավորումը: Փաստաբանական հարցումը, այն է՝ փաստաբանի կողմից իր վստահորդի գործով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից և մասնավոր կազմակերպություններից տեղեկատվություն պահանջելու իրավունքը փաստաբանի սահմանադրական կարգավիճակի գործնական իրացման անօտարելի տարրերից է, առանց որի արդյունավետ գործառման՝ փաստաբանական գործունեության և, համապատասխանաբար, անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետությունը նկատելիորեն ընկնում է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելը սահմանել որպես որակյալ զանցակազմ՝ սահմանելով տուգանքի ավելի բարձր սահմանաչափ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությամբ կբարձրանա փաստաբանական հարցման ինստիտոիտի արդյունավետությունը՝ հարցման հասցեատերերի իրավական կարգապահության բարձրացման և իրավակական պատասխանատվության կառուցակարգի հստակեցման միջոցով:

Նշված նախագծերը հաստատվել են փաստաբանների պալատի խորհրդի 08.10.2019թ. որոշմամբ և օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու նպատակով 10.10.2019թ. ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարությանը:

Բեռնել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը.

Բեռնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը.

Բեռնել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը.

Բեռնել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների» մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, օրենքը, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը.



Բեռնել

Վերադառնալ