ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

12.09.2019 13:18

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբան Գևորգ Գյոզալյանի դիմումի հիման վրա քննարկել է փաստաբանի օգնականի լիազորությունների հետ կապված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի կարգավորումները և որպես ՀՀ փաստաբանների պալատի մեկնաբանություն (կարծիք) հայտնել է հետևյալ դիրքորոշումը.

1. Փաստաբանի օգնականը, որի կարգավիճակն օրենքի ուժով հավասարեցված է փաստաբանի կարգավիճակին, օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից, որոնք նախատեսված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես 5-րդ և 18-րդ հոդվածներով, հետևյալ բացառություններով՝

1) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու դատարանում կամ մինչդատական վարույթում քննչական կամ դատավարական գործողություններին` առանց իր ղեկավար փաստաբանի.

2) փաստաբանի օգնականն իրավունք չունի ստորագրելու և ներկայացնելու հայցադիմումներ, միջնորդություններ, առարկություններ, հայտարարություններ, պատասխաններ, բացարկներ, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև հարցեր տալու քննչական կամ դատավարական գործողություններին մասնակցելիս.

3) փաստաբանի օգնականն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու և ընտրվելու պալատի մարմիններում և պալատի նախագահ, մասնակցելու պալատի կանոնադրության և վարքագծի կանոնագրքի քվեարկությանը:

2. Փաստաբանի օգնականը կարող է քաղաքացիական գործ քննող դատարանում օգտվել ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանի բոլոր իրավունքներից (այդ թվում՝ բանավոր դիրքորոշումներ արտահայտելու, փաստարկներ ներկայացնելու, դատավարական այլ գործողություններ իրականացնելու)՝ ղեկավար փաստաբանի ներկայությամբ, այն նույն ծավալով և նույն պայմաններով, որն ունի իր ղեկավար փաստաբանը և հնարավորություն է տալիս վստահորդի կողմից տրված լիազորագիրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված լիազորությունների:

3. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի ուժով փաստաբանի կարգավիճակին հավասարեցված փաստաբանի օգնականին տրված լիազորագրի ձևը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջին (հասարակ գրավոր ձևին), այն պայմանով, որ լիազորագրում պետք է նշվեն՝ փաստաբանի օգնականի, ղեկավար փաստաբանի և ղեկավար փաստաբանի ներկայությամբ գործելու մասին տեղեկություններ:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ամբողջական վերլուծությունը կարող եք գտնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 20.08.2019թ. թիվ 15/18-Ա որոշման մեջ:



Բեռնել

Վերադառնալ