ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱՍՏԱԲԱՆ-ՎՍՏԱՀՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՊԱՀԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

15.07.2019 18:31

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհրդին հայտնի են դարձել մի քանի դեպքեր, երբ փաստաբանների և վստահորդների միջև տեղի ունեցած խորհրդապահական խոսակցությունն արձանագրվել (ստացվել) է օպերատիվ հետախուզական գործունեության, մասնավորապես՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորումէ քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիություն իրավունքը, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ։ Այդ իրավունքը առավել մեծ պաշտպանություն է տրամադրում փաստաբան-վստահորդ հարաբերության նկատմամբ, քանի որ փաստաբաններնիրականացնումենկարևորառաքելություն ժողովրդավարական հասարակարգում՝ անձի իրավաբանական ներկայացուցչություն և պաշտպանություն դատավարության ընթացքում։

Փաստաբան-վստահորդ մասնավոր հարաբերության հիմքում ընկած է փոխվստահությունը, որի կարևոր պայման է գաղտնիությունը։ Փաստաբաններն ի վիճակի չեն լինի իրականացնել իրենց կարևոր առաքելությունը, եթե չկարողանան երաշխավորել իրենց վստահորդներին, որ իրենց միջև շփումների գաղտնիությունը երաշխավորված է օրենքով։ Հետևաբար, պետությունը, ի դեմս քրեական արդարադատության մարմինների, պարտավոր է ապահովել այդ իրավունքի խախտման դեմ կարևոր երաշխիքներ։

Փաստաբան-վստահորդ հաղորդակցության գաղտնիությունը սերտորեն փոխկապակցված է մեղադրյալի՝ արդար դատաքննության իրավունքի հետ, առավել ևս, երբ մեղադրյալը փաստաբան է  և մեղադրանքի հիմքում ընկած է նրա ու վստահորդի հետ շփումների գաղտնալսման արդյունքում ստացված տվյալներ։ Նման դեպքերում կարևոր է, որ օպերատիվ հետախուզական միջոցառման հիմքերը և գաղտնալսման մասին դատարանի որոշումները տրամադրեն պատշաճ երաշխիքներ կամայականության և խախտումների դեմ։ Որպես կանոն, այդպիսի երաշխիքներ են օրենքի որոշակիությունը, դատական ակտերի պատճառաբանվածությունը, դատական ակտերում հանրային ու մասնավոր շահերի փոխհավասարակշռումը, հանցագործության կատարման կասկածի բավարար աստիճանը, ներկայացված փաստերի ու ապացույցների վերաբերելի ու բավարար լինելը, և այլ երաշխիքներ։

Սույն հարցը Պալատի խորհրդի ուշադրության կենտրոնում է, քանի որ դա վերաբերում է վստահորդների հետ շփվելիս փաստաբանի նկատմամբ մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումների՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, արտաքին դիտում և ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների, իրականացմանը։

 Փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է իր մտահոգությունը առ այն, որ ո՛չ օրենքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը), և ո՛չ էլ համապատասխան դատական որոշումները, այդ թվում՝ նաև ձևավորված դատական պրակտիկան, տարբերակում չեն դնում երկու էապես տարբեր իրավիճակների միջև, երբ մի դեպքում գաղտնալսման սուբյեկտը սովորական քաղաքացի է, իսկ մյուս դեպքում՝ փաստաբան։

Մինչդեռ, փաստաբան-վստահորդ հաղորդակցության գաղտնիությունը հանգամանք է, որը պետք է անվերապահորեն հաշվի առնվի դատարանների կողմից՝ օպերատիվ հետախուզական միջոցառման անհրաժեշտությունը գնահատելիս և համապատասխան որոշում կայացնելիս։ Նման վարույթների շրջանակում դատարանները քրեական գործի փաստերի հիման վրա պետք է գնահատեն, թե արդյո՞ք տվյալ հանցագործության բացահայտման տուժողի շահը, այդ թվում՝ նաև հանցավորության դեմ պայքարի հանրային շահը, տվյալ հանգամանքների ներքո գերակայում են փաստաբանի՝ իր վստահորդի հետ շփումների գաղտնիության իրավունքին՝ միաժամանակ հաշվի առնելով մի շարք կարևոր գնահատող հանգամանքներ, ինչպիսիք են հանրային սուր պահանջի առկայությունը, փաստաբանի հատուկ առաքելությունը հանրային կյանքում, այդ թվում՝ նաև համընդհանուր սառեցնող ազդեցությունը, որ դատարանի որոշումը կարող է, ընդհանուր առմամբ, ունենալ փաստաբանի մասնագիտության անկախության վրա։

Ավելին, դատարանները պետք է օպերատիվ հետախուզական միջոցառման անհրաժեշտության մասին իրենց որոշումները և եզրահանգումները հիմնավորեն վերաբերելի ու բավարար փաստարկներով, այլ ոչ թե քրեական գործից կտրված վերացական և ձևական եզրահանգումներով ու պատկերացումներով։ Վերջինը նույնպես կարևոր երաշխիք է կամայականության դեմ։ Եթե օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու մասին դատարանի որոշումները հիմնավորված են ընդհանրացված ու շաբլոնային բնույթի ձևակերպումներով, նման որոշումները բավարար երաշխիքներ չեն տրամադրում խախտումների ու կամայականության դեմ, հետևաբար՝ անօրինական որոշումներ են։  

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ (ներքին դիտում), 11-րդ (նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում) և 12-րդ (հեռախոսային խոսակցությունների վերահսկում) կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Անհապաղ ոչնչացման են ենթակա նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Վերը նշվածն իր ամբողջության մեջ համաչափության համընդհանուր սկզբունքի դրսևորումն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածում, ըստ որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Ըստ Պալատի դիտարկումների, այդ սկզբունքը համատարած կերպով չի կիրառվում օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ դատական որոշումներում։

Ելնելով վերոգրյալից ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հորդորում է վարույթն իրականացնող մարմիններին խստորեն պահպանել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված  փաստաբանների գործունեության երաշխիքները։

  

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ