ARMLEGAL EXPO ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄԸ․ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
23.04.2019 20:12ՀՀ փաստաբանների պալատը «Իրավունքը զարգացման գրավական» կարգախոսով այսօր՝ ապրիլի 23-ին, փաստաբանական գրասենյակների ցուցահանդես է կազմակերպել: ARMLEGAL EXPO ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան երեք տասնյակ մեծ ու փոքր փաստաբանական գրասենյակներ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը և հանրային իրավական ծառայություններ մատուցող կառույցներ (Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի Հանրապետության նոտարների պալատը, Իրավունքի պաշտպան միավորումը, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա, Հայաստանի արտոնագրված թարգմանիչների միությունը և այլն):
Ցուցահանդեսին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Ազգային ժ֊ողովի պատգամավորներ Արթուր Դավթյանը, Տարոն Սիմոնյանը և այլք:
Միջոցառումը ավանդական դարձնելու Պալատի տեսլականը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշելով, որ․«Այս քայլով Փաստաբանների պալատը նպատակ է դնում Հայաստանում զարգացնել Փաստաբանական գրասենյակների ստեղծման մշակույթը, փաստաբանության մեջ զարգացնել թիմային աշխատանքը, թիմ, որտեղ կարող են լինել տարբեր կարծիքներ, քանի որ լավագույն արդյունավետ լուծումը միայն թիմային աշխատանքով կարելի է գտնել: ARMLEGAL EXPO ցուցահանդեսի նպատակներից հաջորդն իրավունքի գերակայության հանրահռչակումն է: Արձանագրեմ նաև, որ փաստաբանի մասնագիտությունն այն տեսակն է, որը ամենաշատն է պայքարում իրավունքի գերակայությանը հասնելու համար»:
Արա Զոհրաբյանն առաջ է քաշել Հայաստանն իրավունքի զարգացած կենտրոններից մեկը դարձնելու գաղափարը և որպես դրան ուղղված առաջին քայլ՝ մատնանշել ARMLEGALEXPO-ի կազմակերպումը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ողջունելով փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը հայտնել է,-«նման միջոցառումները լայն հնարավորություն են ընձեռում առանձին փաստաբանական գրասենյակների ձևավորած լավագույն ավանդույթներին ծանոթանալու և դրանք տարածելու համար: Մեր երկրի ժողովրդավարության արժեքների կայացման և զարգացման գործում շատ կարևոր է փաստաբանների դերը»:
Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ տարբեր իրավական թեմաներով, լուսանկարչական ցուցահանդես-մրցույթ, որի հաղթողները պարգևատրվել են դրամական մրցանակներով, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, այնպես էլ փաստաբանական գրասենյակների անունից:
Բեռնել
Վերադառնալ