ՀՀ Փաստաբանների Պալատ

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

27.02.2019 20:45

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 22.02.2018թ. թիվ 4/11-Լ որոշմամբ ընդունվել է Փաստաբանների վերապատրաստման նոր կարգ, որով փաստաբանների վերապատրաստման գործընթացում տեղի են ունեցել բարեփոխումներ: Մասնավորապես՝

- վերապատրաստման առկա, հեռավար և առցանց ձևերի վերաբերյալ տարբեր իրավական ակտերով նախատեսված կարգավորումները կոդիֆիկացվել են մեկ իրավական ակտում.

- նախատեսվել է հաշվետու կիսամյակի համար անցած վերապատրաստման նվազագույն ժամաքանակից ավել անցած ժամաքանակը հաջորդ կիսամյակ տեղափոխելու հնարավորություն: Մասնավորապես՝

ա. առաջին կիսամյակի (հունվար-հունիս) ընթացքում Նվազագույն ժամաքանակը գերազանցող ժամերը կարող են տեղափոխվել միայն հաջորդ կիսամյակ (հուլիս-դեկտեմբեր).

բ. օրացուցային տարվա ընթացքում Դեոնթոլոգիայի թեմայով դասընթացներին 4 (չորս) ժամը գերազանցող մասնակցության ժամերը կարող են տեղափոխվել հաջորդ օրացուցային տարի՝ միայն Դեոթոլոգիայի թեմայով դասընթացների հաշվարկի նպատակով:

- նվազագույն ժամաքանակով վերապատրաստման դասընթաց չանցնելու հիմքով փաստաբանի նկատմամբ առաջին անգամ հարուցված կարգապահական վարույթի կարճման համար փաստաբանն հնարավորություն է տրվել անվճար անցնել հետաձգված վերապատրաստման դասընթացները:

Նախկին կարգի համաձայն վերապատրաստում չանցնելու հիմքով կարգապահական պատասխանատվության չենթարկված փաստաբանի նկատմամբ հաշվետու կիսամյակի համար նվազագույն ժամաքանակով վերապատրաստման դասընթաց չանցնելու հիմքով առաջին անգամ կարգապահական վարույթ չէր հարուցվում, եթե նա գրավոր դիմում (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով) էր ներկայացնում ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ պարտավորվելով հաշվետու կիսամյակում չանցած վերապատրաստման դասընթացների ժամերն իր հաշվին անցնել հաջորդ կիսամյակում:

Նոր կարգով նույն իրավիճակում փաստաբանը կարող է անվճար անցնել հետաձգված վերապատրաստման դասընթացները:

- լրամշակվել են վերապատրաստում չանցնելու դեպքում կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը: Մասնավորապես կարգի 41-րդ կետի համաձայն՝ ՀՀ փաստաբանների պալատը չի ենթարկում կարգապահական պատասխանատվության հաշվետու կիսամյակում վերապատրաստմանը չմասնակցած՝

ա․ փաստաբանական գործունեություն չիրականացնող 63 (վաթսուներեք) տարին լրացած փաստաբաններին.

բ․ փաստաբանական գործունեություն չիրականացնող առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող փաստաբաններին.

գ․ հղիության երեսուն շաբաթից սկսած մինչև ծննդաբերությունը` համապատասխան բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ կին փաստաբաններին.

դ․ ծննդաբերությունից հետո երեք տարի ժամանակով (մինչև երեխայի երեք տարեկան դառնալը)` երեխայի ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում՝ կին փաստաբաններին․

ե․ առնվազն երեք անչափահաս երեխա ունեցող (մինչև երեխաներից մեկի չափահաս դառնալը)՝ երեխաների ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում՝ կին փաստաբաններին.

զ․ այլ պետությունում ուսուցում անցնող փաստաբաններին, եթե նրանք նախապես գրավոր (կամ էլեկտրոնային փոստով) տեղեկացրել են ՀՀ փաստաբանների պալատին.

է․ Փաստաբանական դպրոցի շրջանավարտ փաստաբաններին՝ Փաստաբանական դպրոցն ավարտելու կիսամյակին հաջորդող երկու կիսամյակների ընթացքում:

- սահմանվել են դասընթացների վարման ընդհանուր կանոններ:

- լրամշակվել են վերապատրաստման ժամերի հաշվարկման և վերապատրաստման դասընթացի հավասարեցման հետ կապված կարգավորումները:

Վերապատրաստման նոր կարգով կատարվել են նաև այլ բարեփոխումներ:

Վերապատրաստման նոր կարգն ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 22-ից: Կարգի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ հաստատված «Փաստաբանների վերապատրաստման կարգը»:

Բեռնել Փաստաբանների վերապատրաստման կարգը 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ