ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ Է ՀՐԱՎԻՐԵԼ
12.01.2019 00:262019թ. հունվարի 14-ին, ժամը 18:30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:
Փաստաբանների պալատն արձանագրում է, որ զգայուն քրեական գործերով մասնակցող փաստաբանների իրավունքները (արժանապատվությունը) պաշտպանված չեն: Այս պայմաններում, փաստաբանները մտադիր են քննարկել ինքնապաշտպանական արդյունավետ գործողություններ ձեռնարկելու հարցը:
Փաստաբանները քննարկման առարկա են դարձնելու նաև զգայուն քրեական գործերով փաստաբանների կողմից հրապարակային վարքագծում զսպվածություն ցուցաբերելու հետ կապված հարցը:
Հ.Գ.Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ պաշտպանյալին մեղսագրվող հանցանքից կամ նրա անձից:
Մի խումբ քաղաքացիներ իրավասու չեն փաստաբանի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, նույնիսկ եթե փաստաբանը ոչ իրավաչափ արարք է կատարել: Փաստաբանի կողմից Փաստաբանի վարքագծի կանոնագրքին հակասող վարքագիծ դրսևորելու դեպքում, փաստաբանների պալատի խորհուրդն է իրավասու փաստաբանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:
Բեռնել
Վերադառնալ