ՀՀ Փաստաբանների Պալատ

Անչափահասների գործերով վերապատրաստումներ

14.11.2012 06:40

Հարգելի փաստաբաններ,

«Միջազգային բանտային բարեփոխումները» (PRI) միջազգային հասարակական կազմակերպությունը 2011 թվականից Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» եռամյա ծրագիրը:

Ծրագրի բաղադրիչներից մեկն անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված անձանց վերապատրաստումն ու մասնագիտացումն է: Այդ նպատակով ս.թ. դեկտեմբերի 10-ից սկսած կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ դատավորների,  դատախազների և փաստաբանների համար: Ընդհանուր թվով 20 փաստաբաններ մասնակցելու են երկօրյա վերապատրաստումների: Բացի նշված 20 փաստաբանների, 2-3 փաստաբաններ անցնելու են եռօրյա հատուկ վերապատրաստում փորձագետների համար և հետագայում ընդգրկվելու են որպես փորձագետներ վերը նշված ծրագրի այլ բաղադրիչների շրջանակներում:

Դասընթացներն անց են կացվելու այդ նպատակով հրավիրված միջազգային փորձագետի կողմից և տեղի են ունենալու Երևանից դուրս: Դասըթնացները անցկացվելու են դատավորների և դատախազների հետ համատեղ:

Վերապատրաստումների համար կազմվել են անչափահասների գործերով արդարադատության բնագավառում գործող մեկուկես տասնյակից ավելի միջազգային (ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ) փաստաթղթերի ժողովածու (հայերեն թարգմանությամբ), ինչպես նաև` անչափահասների գործերով արդարադատության տարբեր ասպեկտներին առնչվող խնդիրների ժողովածու, որոնք կտրամադրվեն վերապատրաստման մասնակիցներին:

Միջազգային բանտային բարեփոխումները և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կհոգան մասնակիցների կեցության և փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Այն փաստաբանները, ովքեր հետաքրքված են (զբաղվում են) անչափահասների վերաբերյալ գործերով կարող են գրանցվել երկօրյա վերապատրաստումներին: Տեղերը սահմանափակ են` 20 փաստաբան, որոնցից առնվազն 10 տեղ հատկացվելու է մարզերի փաստաբաններին: Ընտրության ժամանակ նախապատվություն է տրվելու Հայաստանի տարբեր մարզերում բնակվող փաստաբաններին:

Փորձագետների համար նախատեսված եռօրյա վերապատրաստմանը գրանցվելու են միայն 2-3 փաստաբաններ: Խնդրում ենք այս վերապատրաստմանը մասնակցելու ցանկություն ունեցող փաստաբաններին հատուկ նշել այդ մասին: Ընտրվելու են այն փաստաբանները, ովքեր բավարար գիտելիքներ և փորձ ունեն անչափահասների վերաբերյալ գործերով:

Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 23-ը:

Մասնակցելով վերապատրաստմանը` յուրաքանչյուր փաստաբան հնարավորություն կստանա օգտվել 8 ժամյա, իսկ փորձագետների վերապատրաստումն անցած փաստաբանները` 12 ժամյա վերապատրաստումից:

Խնդրում ենք գրանցվել միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ անպայման կմասնակցեք:

Լրացուցիչ տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատ հետևյալ հեռախոսահամարներով` 56-57-92 + 115 և կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին:



Բեռնել

Վերադառնալ