ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑՈՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ

07.07.2018 17:35

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑՈՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻՆ

2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլտվությունը:

Այժմ իրականացվում է Ամուլսարի ծրագրի շինարարությունը:

Բնապահպանները և փորձագետները շարունակաբար բարձրաձայնում են Ամուլսարի ծրագրի կապակցությամբ իրենց մտահոգությունները, մասնավորապես այն, որ ծրագիրը վտանգում է Հայաստանի ջրային ռեսուրսները։ Ըստ փորձագետների՝ Ամուլսարի նախագիծն ունի մի քանի սերունդների կյանքի տևողությամբ թթվային դրենաժ առաջացնելու մեծ ռիսկ։ Նշված թթվային դրենաժը վտանգի կենթարկի Արփա, Դարբ և Որոտան գետերն ու տարածքի բնական միջավայրը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Ինչպես բխում է ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններից, արդի դարաշրջանում սոցիալ-իրավական պետությունն իրականացնում է որոշակի ընդհանուր և հանրորեն անհրաժեշտ գործառույթներ ներքին և արտաքին ոլորտում: Այդպիսի գործառույթներից մեկն էլ էկոլոգիական (բնապահպանական) գործառույթն է' որպես պետության գործունեության հիմնական ուղղություններից մեկը:

Սահմանադրությամբ ամրագրված այդ գործառույթի ներգործության օբյեկտներն են շրջակա միջավայրը և բնական պաշարները: Հասարակության առջև կանգնած խնդիրն է ապահովել մարդու կյանքի համար բնական, էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրի պայմաններ:

Պետությունը պարտավոր է ձեռնարկել շրջակա միջավայրի պահպանությանը, վերականգնմանը և բարելավմանն ուղղված միջոցառումներ, ապահովել բնական ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը, ինչպես նաև չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վտանգել շրջական միջավայրը:

Հաշվի առնելով մեր քաղաքացիների առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ստեղծում է կամավոր փաստաբանների խումբ, ովքեր անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն քաղաքացիներին, այդ թվում՝ բնապահպաններին:

Իրավաբանական օգնությունը ներառելու է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքի և բնապահպանական թույլտվությունների տրամադրման, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման, ինչպես նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված այլ ընթացակարգերի պահպանման ուղղությամբ ուսումնասիրությունները և իրավաբանական խորհրդատվությունը:

Կամավոր փաստաբանների կազմի, ինչպես նաև նախաձեռնության հետ կապված այլ հարցերի մասին ՀՀ փաստաբանների պալատը լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը:


Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝
Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ