ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ՝ ԱՐՄԵՆԻԱ TV-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

08.02.2018 10:20

Ըստ փաստաբանների՝ օրենքի փոփոխությունից հետո կդառնան չափազանց զգուշավոր, պասիվ, հետևաբար անարդյունավետ:

Փաստաբաններն այսօր դեյ օֆֆ են վերցրել, մեկ մարդու պես ու հանրապետության մասշտաբով, ոչ մի փաստաբան դատական որևէ նիստի չի մասնակցել:

Փաստաբանների մեծ մասն այսօր պալատում էր, աչքի պոչով նայում էին ժամացույցին, շուտով իրենց նիստն է, բայց որոշել են, նիստերին չեն ներկայանալու:

Իրենց` փաստաբանների խոսքով, ծայրահեղ քայլ են արել, չեն պաշտպանել իրենց վստահորդներին, այդպես բողոքում են օրենքի նոր փոփոխության դեմ, որով փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք կարող է կիրառել դատարանը:

Երկու դատական նիստերի չներկայացած փաստաբան Կարեն Մեժլումյանին անհանգստացնում է իր ու իր գործընկերների հեղինակությունը` հատկապես միջազգային հարթակներում, մինչեւ հիմա գլուխները բարձր էին, հիմա` դժվար թե:

Սանկցիաներ դատարանները, մինչեւ նոր նախագիծն էլ էին կիրառում, միայն թե նախ զգուշացում էր լինում, հետո `դիմում էին փաստաբանների պալատին: Այստեղ էլ կազմվում էր նախաքննական գործ, որն ուսումնասիրում էր պալատի խորհուրդը ու որոշում կայացնում, երբեմն` տուգանք կիրառում, իսկ ավելի հաճախ` գործը կարճում: Ամեն դեպքում, վիճակագրությունը հուշում է, որ վերջին 12 տարիների ընթացքում պատժված փաստաբանների թիվը նույնիսկ 50-ը չի անցնում:

Փաստաբանների մյուս հակափաստարկն էլ այն է, որ իրենց խորհրդի կայացրած որոշումները դեռ որեւէ դատավոր այս տարիների ընթացքում չի բողոքարկել, ուրեմն, համաձայն են եղել: Փաստաբան Մաղաքյանն այս պահիին երկու սանկցիա ունի: Դատարանը դժգոհ է եղել իր պահվածքից: կարգապահական խախտում կա, թե ոչ` պետք է որոշի փաստաբանների պալատի խորհուրդը:

Փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանքի կիրառման կարգավորումը Դատական օրենսգրքից հանվեց, բայց կառավարության առաջարկով լրացվեց քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխության նախագծերով: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, փոփոխությունը մի օրենքից տեղափոխվեց մյուս օրենք, փաստաբանները դժգոհում են, հենց այդ ընթացքում էլ եղավ ընթացակարգի խախտում:

Փաստաբանները եկան, նստեցին ու եզրակացրեցին, օրենքի այս փոփոխությունից հետո, իրենք կդառնան չափազանց զգուշավոր, հետո՝ պասիվ, հետևաբար պաշտպանությունը կզրկվի արդյունավետությունից: Իսկ մեկօրյա գործադուլը գուցե դառնա անժամկետ:

 


Բեռնել

Վերադառնալ