ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 09.09.2017թ. ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
23.08.2017 17:12Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 07.08.2017թ. № 225-Լ որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 9, ժամը 0900-ից մինչև 1800 Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)՝ հետևյալ օրակարգային հարցերով.
- ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն.
- ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության (1.5 կետի) փոփոխության հաստատում:
Ընդհանուր ժողովի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացակարգը սահմանված է ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 9-րդ գլխի կանոններով, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.01.2017թ. № 2/2-Լ արձանագրությամբ հաստատված Դիտորդների հավատարմագրման կարգով:
Ըստ գործող ընթացակարգի՝ Ընդհանուր ժողովին դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ստորև թվարկված կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություն).
1) միջազգային կազմակերպությունները.
2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական կազմակերպությունների ներկայացուցիչները.
3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կամ այլ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին.
4) Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հաստատված ցանկում նշված հասարակական կազմակերպությունները.
5) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչները:
Ընդհանուր ժողովին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կազմակերպությունը պետք է հավատարմագրվի:
Կազմակերպությունը կարող է իր նախաձեռնությամբ դիմել հավատարմագրման համար, որի դեպքում հաշվիչ հանձնաժողովին պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում՝ նշելով դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցանկը, ոչ ավել, քան 3 (երեք) ֆիզիկական անձից (դիտորդի անունը, հայրանունը, ազգանունը, դիտորդական կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը);
բ) ցանկում նշված ֆիզիկական անձ դիտորդների գրավոր համաձայնությունը ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության դիտորդներին վերաբերող կարգին և սույն կարգին ենթարկվելու վերաբերյալ;
գ) հայտարարություն, որ չի սատարում որևէ թեկնածուի;
դ) կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի պատճենները։
Ընդհանուր ժողովին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կազմակերպությունները կարող են հավատարմագրվել ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
Որպես դիտորդ առաջադրված անձինք իրենց դիտորդական առաքելությունն իրականացնում են միայն հաշվիչ հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Դիտորդը համարվում է հավատարմագրված դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպության կողմից նրան դիտորդի վկայական տրամադրելու պահից: Հաշվիչ հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին է հանձնում դիմումը ստանալուց ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:
Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրությունից քաղվածք («Դիտորդական առաքելություն» գլուխ).
Բեռնել Դիտորդների հավատարմագրման կարգը.
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
հաշվիչ հանձնաժողով
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ