ՄԻՋԱԴԵՊԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
28.04.2017 18:03Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի նկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3, 5.1.2 և 5.2.1 ենթակետերի խախտման հատկանիշներով:
Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝
2.2.2 ենթակետ - փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը (հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):
2.2.3 ենթակետ- մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:
5.1.2 ենթակետ- փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպես մասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ։
5.2.1 (1) ենթակետ- փաստաբանը չպետք է` թույլ տա այլ փաստաբանի նկատմամբ արժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ու արտահայտություններ:
Ըստ սահմանված կարգի՝
- կարգապահական գործը հանձնվելու է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից ընտրված գործը նախապատրաստողին՝ եզրակացություն կազմելու և խորհրդի ներկայացնելու համար.
- նախապատրաստողի եզրակացությունը ներկայացնելուց հետո, կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի՝ 12 անդամից կազմված խորհրդին, որի իրավասության մեջ է մտնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը.
- ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում կարգապահական գործերով խորհրդի նիստերին:
Բեռնել
Վերադառնալ