ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ

23.02.2017 10:48

Արդարադատության ոլորտում գոյություն ունեն մի շարք խնդիրներ և դրանց վեր հանման նպատակով այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմի անդամները հանդիպում ունեցան Փաստաբանների պալատում՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի և անդամներից ոմանց հետ:

ի ղեկավար Կարեն Զադոյանը, ներկայացնելով ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է արդարադատության, կրթության, բիզնես և մի շարք այլ ոլորտներում հանրային քաղաքականություններ մշակելու նպատակով զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողություններն ու ներուժը․ «Մենք ուզում ենք դրամաշնորհներ տրամադրել այս ոլորտներում՝ ՔՀԿ-ների ունակությունների զարգացման համար, որ նրանք կարողանան կառուցողական երկխոսություն սկսել ոլորտի դերակատարների հետ և խնդիրներն այդ ձևաչափով լուծել»,- նշեց պարոն Զադոյանը՝ հավելելով, որ ներկայումս ծրագրի շրջանակներում բանակցություններ են վարվում ՀՀ առաջատար բուհերի հետ, նախատեսվում է, որ ուսումնական հաստատություններից մեկը մրցույթի արդյունքում հնարավորություն կունենա ՔՀԿ-ների համար մշակել ուսումնական մոդուլներ, որոնք ուղղված կլինեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման, փաստերի հիման վրա քաղաքականությունների ձևավորման, հանրային վերահսկողության, կառուցողական երկխոսության և կոալիցիաների կառուցման խնդիրներին։ Այն ՔՀԿ-ները, որոնք կանցնեն ուսումնական այս գործընթացի միջոցով, հնարավորություն կունենան մասնակցել ծրագրի շրջանակներում հայտարարվելիք դրամաշնորհային մրցույթներին։

Բացի այդ, պարոն Զադոյանը շեշտեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է արդարադատության և այլ ոլորտներում ուղղակի ու անմիջական կապ հաստատել քաղաքացիների հետ՝ ներդնելով միջազգային լավագույն փորձը` վեր հանել և հասարակության պահանջներից բխող լուծումներ տալ ոլորտային խնդիրներին։

Կարեն Զադոյանը նաև անդրադարձավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներգործությանը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ շեշտելով․ «Հայաստանում հակակոռուպցիոն օրակարգը հիմնականում կոալիցիայի կողմից է ձևավորվում՝ կառավարության հետ համատեղ։ Մենք համակարգային լուրջ փոփոխություններ ենք իրականացրել՝ սկսած ապօրինի հարստացումից, ազդարարների իրավունքների պաշտպանության ինստիտուտից և այլն»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորեց ծրագիրը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել․ «Մենք պատրաստ ենք ու ուրախ համագործակցել, վստահ եմ այդ համագործակցության արդյունքում հասարակությունը կշահի»,- ասաց նա։

 Զոհրաբյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ, մասնավորապես նա ասաց, որ պրակտիկան ցույց է տալիս, որ կան ոլորտներ, որտեղ փաստաբանները մասնագիտական խնդիրների են բախվում, մասնավորապես հարկային և քննչական գործերով․ «Հաճախ ենք հանդիպում իրավիճակների, երբ փաստաբանը, ով քրեական դատավարությանը լավ է տիրապետում, իրազեկ չէ հարկային իրավահարաբերություններից և հակառակը, մենք մտադրություն ունենք այդ խնդրի լուծմանն ուղղված ծրագիր ստեղծել ու մոդուլ հիմնել՝ վերապատրաստելով փաստաբաններին։ Եթե այս դաշտում մենք չկարողացանք փաստաբաններին լրջորեն վերապատրաստել, միշտ խնդիր ենք ունենալու»,- նշեց ՓՊ նախագահը, իսկ Կարեն Զադոյանը առաջարկեց նաև իրազեկումներ իրականացնել այս խնդիրը լուծելու ուղղությամբ։

Բացի այդ, պարոն Զոհրաբյանը նշեց, որ պալատն իր առջև նպատակ է դրել բարձրացնել ինչպես փաստաբանի հեղինակության դերն, այնպես էլ հանրային գիտակցությունը։

Առաջարկվեց նաև որոշակի իրավական խնդիրների շուրջ ուսումնական մոդուլների թեմաներ ընտրել, ինչին կաջակցի պալատն՝ իր փորձագիտական խմբով, ինչպես նաև որպես խնդիր վեր հանվեց սեփականության իրավունքի ոլորտը։

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային ձևաչափով հանդիպումներն առավել ինտեսիվ դարձնել։

 

Նշենք, որ  Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների  «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:

 Հրապարակումն՝ ԻՐԱՎԱԲԱՆ.ՆԵՏ կայքի



Բեռնել

Վերադառնալ