Բաց դռների հինգերորդ օրվա մասին
27.02.2012 17:33ՀՀ փաստաբանների պալատը 2012թ. փետրվարի 25-ին կազմակերպեց բաց դռների օրվան նվիրված հինգերորդ միջոցառումը: Ինչպես և նախորդ բաց դռների օրվա` այս միջոցառման համար ևս իրենց պատրաստակամությունն էին հայտնել ավելի շատ փաստաբաններ, քան անհրաժեշտ էր նախօրոք գրանցված շուրջ 28 քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար: Նշված օրվա բաց դռների միջոցառումը իրականություն դարձավ փաստաբաններ Ավետիք Պապինյանի, Հովհաննես Լազարյանի, Կիմա Սարյանի, Ժաննա Սիմոնյանի և Անահիտ Աթոյանի շնորհիվ, որի համար Պալատը իր շնորհակալություն է հայտնում:
Միջոցառմանը մասնակցող փաստաբանները պարտքի բարձր զգացումով կատարեցին հասարակության առավել խոցելի խմբերին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու գործը: Փաստաբաններից շատերը իրենց պատրաստակամությունը հայտնեցին մասնակցել հետագա նման միջոցառումներին: Ինչպես և նախկինում, այս բաց դռների օրվա ընթացքում փաստաբանները չէին սահմանափակվում միայն բանավոր խորհրդատվության տրամադրմամբ, այլ նաև որոշ փաստաթղթեր էին կազմում շահառուների համար: Միջոցառման կազմակերպիչները նաև խնդրեցին փաստաբաններին իրենց առաջարկությունները հայտնել բաց դռների օրվա միջոցառումները հետագայում ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ: Փաստաբաններից Ավետիք Պապինյանը առաջարկեց կատարել գործերի նախնական զտարկում: Նա առաջարկեց գրանցման նպատակով քաղաքացիներից մի քանի հարցերի միջոցով պարզել հարցի հակիրճ էությունը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի գործերը նախապես դասակարգել այսպես ասած «ակտուալների» և հակառակը: Փաստաբանը նաև նշեց, որ իր առաջարկը կարող է լինել և պահուստային ու կիրառվի այն ժամանակ, երբ բաց դռների օրը կդառնա հասարակական հնչեղություն ունեցող մի ակցիա, երբ դիմողներն էլ ավելի շատ կլինեն և ժամանակի կառավարման արդյունավետությունից ելնելով զտարկումը կլինի շահավետ թե’ շահառուի և թե’ փաստաբանի համար:
Նշենք նաև, որ Պալատը Գեղարքունիքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի հետ համատեղ ս.թ. փետրվարի 25-ին կազմակերպեց բաց դռների օր Գեղարքունիքի մարզի բնակիչների համար: Գեղարքունիքի մարզի փաստաբանները քաղաքացիներին տրամադրեցին իրավախորհրդատվություն քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտների, այդ թվում` ժառանգության, սեփականության իրավունքի գրանցման, նպաստների նշանակման, ամուսնաընտանեկան, ճանապարհատրանսպորտային և այլ իրավական հարցերի շուրջ: Միջոցառումը տեղի ունեցավ Գավառի ՇՊԱԿ գրասենյակում, ինչպես նաև մարզի այլ քաղաքներում:
Մյուս բաց դռների օրը տեղի կունենա ս.թ. մարտի 31-ին, ժամը 11.00-ից մինչև 17.00 ընկած ժամանակահատվածում: Նպատակ ունենալով ընդլայնել այս նախաձեռնության սահմանները, Պալատը շարունակում է կոչ անել մարզերի փաստաբաններին ակտիվություն ցուցաբերել և իրենց ներդրումը ունենալ ՀՀ մարզերում այս մշակույթը ավանդույթ դարձնելու համար:
Բեռնել
Վերադառնալ