ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԼԻՊԱՐԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
24.10.2016 10:38Պատերազմն ունի իր օրենքները. կռվի դաշտում, ինչպես և օրենքի առաջ հավասար են բոլորը՝ անկախ մասնագիտությունից, անցած ուղուց… Yerkir.am-ը սկսում է նոր՝ «Պատերազմն ու օրենքի պաշտպանները» հարցազրույցների շարքը՝ նվիրված Հայաստանի անկախության ու Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Մեր զրուցակիցներն օրենքի պաշտպաններ են՝ իրավաբաններ, ովքեր իրենց ավանդն ունեն Արցախյան ազատամարտում:
Մեր առաջին զրուցակիցը փաստաբան, Արցախյան ազատամարտի մասնակից Լիպարիտ Սիմոնյանն է:
Ծնվել է 1972-ին Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում: 1992թ. ծառայել է Ստեփանավանի հատուկ նշանակության գնդում, մասնակցել Քարվաճառի, Զանգելանի, Հորադիզի, Ֆիզուլիի ազատագրմանը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
-Իրավաբա՞ն էիք, երբ պատերազմը սկսվեց:
-1992թ. դեկտեմբերին ծառայության անցա Ստեփանավանի հատուկ նշանակության գնդում: Այն ժամանակ 20 տարեկան էի, սովորում էի Հայկական բաց հալասարանի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսում: Ուսանող էի, երբ մեկնեցի ռազմաճակատ: Արցախից վերադառնալուց հետո շարունակեցի կրթությունս, հետո որոշ ժամանակ զբաղվել եմ դիվանագիտական գործունեությամբ, ապա՝ փաստաբանական:
-Ե՞րբ առաջին անգամ զգացիք պատերազմի շունչը:
-1993թ. մարտին առաջին անգամ մարտական առաջադրանք ստացանք և մեկնեցինք Քարվաճառ: Պատերազմ ասվածն առաջին անգամ այդտեղ տեսա: Այդ ժամանակ Քարվաճառը գրեթե դատարկված էր, միայն ֆիդայիներ էին, բայց դա ընդամենը սկիզբն էր այն ամենի, ինչ մեզ հետո սպասվում էր: Այնուհետև մեկնեցինք հարավ, մասնակցեցինք Զանգելանի ազատագրմանը, հետո` Հորադիզ, Ֆիզուլի… 1994թ. մարտի 4-ին Ֆիզուլիում մարտերի ժամանակ երկու ձեռքից վիրավորվեցի:
-Պատերազմի օրենքներն այլ են, ո՞րն է ամենակարևորը, որ պետք է մարտի դաշտում կատարի զինվորը:
-Իմ կարծիքով` պատերազմի օրենքներն ավելի մոտ են բարոյականությանը, համենայն դեպս` ավելի ճշգրիտ ու հստակ են: Խրամատում սպա, թե` զինվոր` հավասար մարդիկ են: Մերոնցից որևէ մեկը վիրավոր հակառոակորդին չէր վնասի, դա փաստ է, շատ են եղել դեպքեր, երբ անգամ վիրավոր հակառակորդին բուժօգնություն ենք ցույց տվել: Ընդունված չէր գերուն ծեծել: Բայց այս օրենքները հակառակորդի համար չէին, պատմությունն էլ է ցույց տվել, որ նրանք մշտապես ստորությունների են դիմում. ապրիլյան պատերազմի խոշտանգումները վառ ապացույցն են:
-Կա՞ պատերազմական դրվագ, որը մինչ օրս «հետապնդում է» Ձեզ:
-Մարտական ընկերոջս՝ Արշակի զոհվելը… Զանգելանի ազատագրման ժամանակ գիշերը, երբ սպասում էինք հակահարձակման, հակառակորդը սկսեց արկակոծել: Արշակը գնաց իր խրամատը, իսկ առավոտյան նրան գտանք զոհված:
- Պատերազմի տարիներին ստիպված եղե՞լ եք մեկ ուրիշին կամ ինքներդ ձեզ օրենքով պաշտպանել:
-Կռվի տարիներն էին, մի անգամ Մեղրիից եկել էինք Երևան, որ ուղեկցեինք պաշտպանության նախարարությունից Ղարաբաղ զենք մատակարարող մեքենան: Այդ տարիներին Մեղրիում, Կապանում և Արցախին մոտ մյուս բնակավայրերում սովորական երևույթ էր զենքով շրջելը: Ես էլ մտածում էի, որ Երևանում էլ է դա սովորական: Սարի թաղում էի բնակվում, զենքով գնացել էի տուն, հետո` նույն զենքով, Սարի թաղի ավոտբուսը նստած, իջա «Ռոսիա» տոնավաճառ: Այստեղ ռազմական ոստիկանությունից եկան, որ ինձ տեղափոխեն ոստիկանություն: Ես էլ սկսեցի իմ իրավունքները բացատրել, փորձում էի հիմավորել, թե ինչո՞ւ եմ զենքով և ուր եմ գնում: Ասել է թե` առաջին անգամ պաշտպանում էի իմ իրավունքները, թեև Երևանում զենքով շրջելու իրավունք չունեի:
-Կա՞ր մի սկզբունք կամ ինքներդ ձեզ համար սահմանած օրենք, որով առաջնորդվել եք այդ տարիներին:
-Պատարեզմի ժամանակ միշտ մտածել եմ, որ այն տղաներով, որոնց հետ մարտի գնանք, նույն կազմով հետ գանք: Ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ դա անհնար է, բայց այդպես էինք տրամադրում մեզ:
-Ո՞րն է Ձեզ համար խաղաղության գինը:
-Այսօր մենք պետք է վստահ լինենք, որ այն տղաները, ովքեր զոհվել են խաղաղության համար, պետք է ապրեն արժանապատիվ երկրում: Ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց, որ մեր տղաները` 18 տարեկան, թե` ավելի մեծ, միշտ էլ պատրաստ են իրենց հայրենիքը պաշտպանել, պարզապես այդ տղաներին պետությունը չպետք է մոռանա, պետք է նրանց արժանվույնս գնահատենք:
-Փաստաբանական գործունեության ընթացքում հաճա՞խ եք զինծառայողների շահեր ներկայացնում:
-Այո, շատ գործեր են եղել: Զինվորների շահերը պաշտպանելիս ոգևորությունս ավելի մեծ է, այսպես ասած` մոտս նոստալգիա է սկսվում (ժպտում է), նրանց հետ մի պահ ես էլ իմ անցածն եմ հիշում: Բայց, անկեղծ ասած, մեր գործող օրենքները՝ զինվորական հանցագործությունների առումով, առավել խիստ են, քան սովորական քաղաքացիների նկատմամբ:
-Այսինքն` զինվորական հանցագործությունների համար նախատեսված պատիժների խստությունն արդարացվա՞ծ չէ:
-Իմ կարծիքով՝ զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցող «թեթև» հանցագործությունների համար ոչ թե պետք է զինվորին խիստ պատժել, այլ ընդամենը հարկավոր է զինվորին պարապ չթողնել: Զինվորները, մանավանդ` հասակակիցները, տարբեր բնավորություններ ունեն, և երբ նրանք պարապ են մնում, միջանձնային հարաբերությունները կարող են սրվել, լարվել, և դրա համար նրանց խիստ պատժելն ամենևին էլ լավագույն միջոցը չէ:
-Ասում են` բանակը տղամարդու կայացման կարևոր դպրոցներից է, համամի՞տ եք:
-Իհարկե, իմ որդին էլ մեծանա, անպայման ծառայելու է, որովհետև բանակում է զինվորն անհատականություն դառնում, այնտեղ ո'չ հայր կա, ո'չ մայր, ո'չ էլ, առավել ևս, թաղի տղա, անտեղ զինվորը կարողանում է, որպես մարդ, ինքնուրույն որոշումներ կայացնել, կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
Բեռնել
Վերադառնալ