ՀՀ Փաստաբանների Պալատ

Բաց դռների չորրորդ օրվա մասին

30.01.2012 08:10

Բաց դռների չորրորդ օրվա մասին

ՀՀ փաստաբանների պալատը 2012թ. հունվարի 28-ին կազմակերպեց բաց դռների օրվան նվիրված չորրորդ միջոցառումը: Նախ` նշենք, որ մեր փաստաբանները սկսել են ակտիվորեն արձագանքել Պալատի արդեն ավանդույթ դարձած բաց դռների նախաձեռնությանը: Հատկանշական է այն փաստը, որ հունվար ամսվա բաց դռների օրվանն իրենց աջացնությունն էին պատրաստ ցուցաբերել թվով ավելի փաստաբաններ, քան անհրաժեշտ էր ցուցակագրված շուրջ 30 քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնությունը պատշաճ մակարդակով տրամադրելու համար: Նշված օրվա բաց դռների միջոցառումը իրականություն դարձավ փաստաբաններ Կարեն Քալանթարյանի, Գուրգեն Թորոսյանի, Լևոն Ղազարյանի, Արսեն Մեսրոպյանի և Հովհաննես Հարությունյանի շնորհիվ, որի համար Պալատը իր շնորհակալություն է հայտնում:

Օրվա շահառուներին հետաքրքրող հարցերի բնույթը և ուղղվածությունը վերլուծելու արդյունքում պարզ է դառնում, որ քաղաքացիները ավելի հաճախ դիմում են ժառանգության, ամուսնաընտանեկան, վնասի հատուցման, բնակարանային, գումարի բռնագանձման, հողային, սեփականության իրավունքի հետ կապված հարցերով: Շահառուների կողմից բարձրացվող հարցերի բնույթից հնարավոր է եզրահանգել, որ վերջիններիս հաճախ հետաքրքրում են ընթացակարգային, դատավարական հարցեր: Կարող ենք նաև գրանցել այնպիսի դեպքեր, երբ նույն քաղաքացիները խորհրդատվություն ստանալու համար արդեն երկու անգամ են մասկացում բաց դռներին, ինչը կարող է նաև վկայել Պալատի այս նախաձեռնության հաջողված լինելու մասին: Որոշ դեպքերում փաստաբանների համար բաց դռները չեն եզրափակվում միայն այդ օրով, նրանք շարունակում են շահառուներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրել այդ օրերից դուրս: Բացի քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու բաղադրիչից, այս միջոցառումները նաև կարևոր են հենց փաստաբանների համար, քանի որ վերջիններս առիթ են ունենում ծանոթանալ իրենց գործընկերների հետ, մտքեր փոխանակել իրենց հետաքրքրող իրավական հարցերի շուրջ և այլն:

Հաշվի առնելով, որ pro bono մշակույթը կարծես թե սկսում է ավանդույթ դառնալ մեզանում, ուստի Պալատը շարունակելու է հետայսու իր այս նախաձեռնությունը: Մյուս բաց դռների օրը տեղի կունենա ս.թ. փետրվարի 25-ին, ժամը 11.00-ից մինչև 17.00 ընկած ժամանակահատվածում: Նպատակ ունենալով ընդլայնել այս նախաձեռնության սահմանները, Պալատը նաև կոչ է անում մարզերի փաստաբաններին ակտիվություն ցուցաբերել և իրենց ներդրումը ունենալ ՀՀ մարզերում այս մշակույթը ավանդույթ դարձնելու համար:



Բեռնել

Վերադառնալ