ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆ ԻՐԵՆՑ՝ ԹԱՔՆՎԱԾ ԱՅԼ ՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ. ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹԻՆ
25.08.2016 14:16Հարցազրույց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ
- «Սասնա ծռերի» ընդվզման օրերին նրանք հրաժարվեցին հանրային պաշտպաններից։ Ինչպե՞ս եք սա գնահատում։ Նշանակում է՝ հանրային պաշտպանների ինստիտուտի նկատմամբ չկա՞ հանրային վստահություն։
- Այդ կարծիքին չեմ։ Հանրային պաշտպանները «Սասնա ծռերից», կարծեմ, երկուսի պաշտպանությունն այժմ իրականացնում են։ Այդ դեպքերի հետ կապված 22 անձանց, որոնց մեղադրանքներ են առաջադրվել զանգվածային անկարգությունների կամ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքներով, նույնպես պաշտպանում են հանրային պաշտպաններ: Ինչ վերաբերում է «Սասնա ծռերից» մի քանիսի հրաժարմանը հանրային պաշտպաններից, կարծում եմ, որ սա բխեց այն իրողությունից, որ փաստաբանները խումբ կազմեցին եւ որոշեցին, որ ավելի նպատակահարմար է խմբով պաշտպանել նրանց շահերը: Հավանաբար, այդպես առավել արդյունավետ պաշտպանություն կապահովեն: Հանրային պաշտպաններից հրաժարվելու պատճառն էլ, իմ տեղեկություններով, դա է եղել։ Հանրային պաշտպանները նույնպես փաստաբաններ են եւ մյուս փաստաբաններից տարբերվում են միայն այն հատկանիշով, որ իրենք գործեր ընտրելու հնարավորություն չունեն: Մյուս բոլոր առումներով նրանք ունեն նույն երաշխիքները եւ անկախությունը: Այս դեպքերի հետ կապված՝ հանրային պաշտպանները գործել են շատ արագ եւ օպերատիվ, նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, հասել են անհրաժեշտ վայր, գտնվել են իրենց վստահորդների կողքին, որպեսզի ապահովեն նրանց լռելու իրավունքը: Այդ ժամանակ էլ ասեկոսեներ կային, որ ձերբակալվածների նկատմամբ կարող էին բռնություն կիրառել: Հանրային պաշտպանները նրանց կողքին են եղել այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մյուս փաստաբանը։ Այդ առումով իրենք իրենց գործը մեծ պատվով կատարել են։
- Ինչպե՞ս եք գնահատում պետական մարմինների պահվածքը «Սասնա ծռերի» դեպքերի օրերին, եւ ո՞րն է Փաստաբանների պալատի տեսակետը։
- Փաստաբանների պալատն առնվազն երեք անգամ արձագանքել է այս իրավիճակի վերաբերյալ: Առաջին անգամ` 19.07.2016թ., Փաստաբանների պալատը կոչ է արել ոստիկանությանը չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը եւ ապահովել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Երկրորդ անգամ` 22.07.2016թ., Փաստաբանների պալատի փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտող որոշում է ընդունել եւ հրապարակել։ Երրորդ անգամ` 30.07.2016թ., Փաստաբանների պալատը. ա) դատապարտել է հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության եւ համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները, բ) կոչ է արել պատկան մարմիններին լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի եւ հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ եւ հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները եւ մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության, եւ գ) զորակցություն է հայտնել լրագրողական համայնքին։ Բացի այդ, Փաստաբանների պալատը նախաձեռնել եւ կազմել է բերման ենթարկվածներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու ցանկություն հայտնած փաստաբանների ցուցակը, իր տարածքային եւ մյուս ռեսուրսներն է առաջարկել խմբի կամ խմբերի անդամներին: ՄԻՊ գրասենյակն էլ այդ օրերին ակտիվ գործել է, ճիշտ է՝ առանց լուսաբանման, ինչը որոշակի դժգոհություններ առաջացրեց: Մյուս մարմինները, այդ դեպքերի հետ կապված, դեռեւս չավարտված վարույթներ ունեն, ուստի այդ մարմինների պահվածքը գնահատել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ արդարադատությունը պետք է նաեւ տեսանելի լինի, ինչին նպաստում են լրագրողները, հակառակ դեպքում հասարակությունը դա դիտարկելու է որպես ոչ իրավաչափմիջամտություն այդ անձանց իրավունքներին :
- Բոլորին ստանդարտ մեղադրանքներ են առաջադրվել՝ ապօրինի զենքի եւ շենք-շինությունների գրավման, առանց տարբերակման։
- «Սասնա ծռերին» պաշտպանող փաստաբանները բավական ակտիվ են, ցանկացած փոքրիկ հարց իրենք բարձրաձայնում են, եւ նաեւ իրավական որակումների հետ կապված էլ, վստահ եմ, որ փաստաբանների հակադրվելու պայմաններում հնարավորություն կստեղծվի օբյեկտիվ հասկանալ՝ մեղադրանքները ճի՞շտ են ներկայացված, թե՞ ոչ: Մեր երկրի Քրեական օրենսգիրքը հիմնվում է նաեւ անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքների վրա: «Խմբային» մեղադրանքի (չխառնել հանցակցության հետ) ինստիտուտ մեր օրենսդրությունը չունի:
- Հաճախ Փաստաբանական դպրոց են դիմում նախկին պետական աշխատողներ։ Փաստաբանը, որը նախկինում ոստիկան է եղել, դատախազ, արդյո՞ք կարող է անկախ փաստաբան լինել։
- Մենք այսօր ունենք մեր փաստաբանական համայնքում աշխատող նախկին քննիչներ, դատախազներ, որոնք բարձր որակի իրավաբանական օգնություն են տրամադրում քաղաքացիներին: Իհարկե, հասարակությունում կա այն մտահոգությունը, որ նախկին դատախազը չի կարող դառնալ փաստաբան, բայց դա այդպես չէ: Երբ նախկին քննիչը կամ նախկին դատախազն իր ուժերով ընդունվում է Փաստաբանական դպրոց, իր ուժերով սովորում է, իր ուժերով հանձնում է որակավորման քննություններ եւ դրանից հետո, որպես փաստաբան, հանդիպում է պետական պաշտոնատար անձանց կառուցած իրավական պատնեշին, որը պետք է գիտելիքի կռվով հաղթահարի, փոխում է մտածողությունը: Նույնիսկ քննադատում է այն դրվածքը, որին մի ժամանակ հենց ինքն է հավանություն տվել: Բացի այդ, չենք մոռանում նաեւ մարդու արժեքային համակարգը, եթե անձը ճիշտ է պատկերացնում բարու ու չարի դերը, նա, բնականաբար, ցանկացած ոլորտում էլ կարող է իրեն գտնել։ Փաստաբանական դպրոցի ունկնդիրներին առաջին հերթին բացատրվում է, որ կոռուպցիան ամենամեծ չարիքն է։ Ես ինքս էլ դասավանդում եմ Փաստաբանական դպրոցում եւ իմ առաջին դասը նվիրում եմ դրան՝ որ կոռուպցիան ինքնին մեր համակարգն արագ կոչնչացնի: Եթե կոռուպցիան վերանա դատաիրավական համակարգից, փաստաբանների նյութական բարեկեցությունն անհամեմատ կբարելավվի: Փաստաբանի կատարած աշխատանքը կգնահատվի: Փաստաբանական դպրոցի այսօրվա ծրագրերը, կարծում եմ, ի վիճակի են ապագա փաստաբանների մեջ սերմանելու ճիշտ աշխատելու նոր մոտեցումները։ Մեր փաստաբանական դպրոց ընդունվելն ու ավարտելն այնքան պարզեցված է, որ որեւէ միջամտություն չի կարող լինել։ Ես նույնիսկ իմ հարազատ եղբորը չեմ կարող օգնել, որ ընդունվի, եւ չեմ կարող օգնել, որ ավարտի։ Իմ բարեկամի որդին մեկ տարի առաջ քննություն հանձնեց, չկարողացավ ընդունվել։
- Մի երեւույթ էլ կա, երբ դատավորները կամ իրավապահ համակարգի այլ հեղինակավոր անձինք ստեղծում են փաստաբանական գրասենյակներ, որոնց հետագայում գործեր են տալիս՝ կանխորոշելով այդ գործերի ելքը։
- Եվրոպական երկրների փաստաբանների պալատների միություն կա, որի դիտորդ անդամն է նաեւ մեր ՓՊ-ն։ Նրանք ունեն վարքագծի կանոնագիրք, որին նաեւ մենք ենք միացած։ Դրա մեջ այսպիսի վարքագծի կանոն կա, ըստ որի` փաստաբանն իրավունք չունի իր հոնորարը կիսել ոչ փաստաբանի հետ։ Այս ձեւակերպումը հենց Ձեր ասած կոռուպցիոն նկատառումով է։ Այդ իմաստով մեր այսօրվա օրենքը փաստաբանության մասին, ցավոք, թույլ է տալիս, որ, օրինակ, փաստաբանական կազմակերպությունը 10 տոկոսով լինի փաստաբանի անունով, 90 տոկոսը՝ ոչ փաստաբանի: Սա, իհարկե, վտանգավոր է: Չէ՞ որ այս պարագայում կաշառքները կարող են լեգալացվել փաստաբանական ծառայությունների ներքո: Մենք «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունների նախաձեռնությամբ ենք հանդես եկել եւ արդարադատության նախարարության հետ աշխատել ենք նախագծի վրա, որով փորձել ենք ներկայացնել այնպիսի մի ձեւակերպում օրենքի նախագծի մեջ, որով փաստաբանական կազմակերպություն կարող է համարվել միայն 100 տոկոսի բաժնետեր-փաստաբանին պատկանող կազմակերպությունը։ Իհարկե, բավականին դժվար էր դա գնում, այդ հատվածը։ Պետական մարմինների մեծ մասում, որտեղ նախագիծը գնաց շրջանառության, դրան հակադրվում էին։ - Խոսեցինք կոռուպցիայի մասին։ Հիմա կառավարությունը հակակոռուպցիոն օրենսդրական նոր փաթեթ է ընդունելու եւ քննարկում է՝ արժե՞ նոր հակակոռուպցիոն պետական մարմին ստեղծել՝ քննչական լիազորություններով, թե՞ պետք է ուժեղացնել էթիկայի հանձնաժողովը։ Ձեր կարծիքը ո՞րն է։ - Փորձագիտական մակարդակով կարծիք չեմ կարող հայտնել, քանի որ չեմ ուսումնասիրել այդ հարցը։ Բայց, իմ կարծիքով, կոռուպցիան վերացնելու համար պետք է պայքարել դրա պատճառների դեմ։ Եթե դա չարեցինք, հետեւանքների դեմ պայքարելն իմաստ չունի։ Իսկ կոռուպցիայի պատճառներից են՝ 1. երբ որ պետական պաշտոնատար անձը չի վարձատրվում իր աշխատանքին համարժեք։ 2. Անձի իրավագիտակցության ոչ բարձր մակարդակը: Կոռուպցիայի հետեւանքներից մեր հասարակության մի մասը չի վախենում։ «Մաղարիչի» պահանջարկը հայկական համայնքում միշտ կա, հետեւապես՝ առաջարկ միշտ կստեղծվի։ Եթե, օրինակ, բժշկականի դասախոսին թողնում են, որ նա կաշառք վերցնելով ուսանողին դարձնի բժիշկ, նույն բժիշկը վաղը կարող է այդ նույն դասախոսի երեխային վիրահատել։ Կաշառք վերցնողը չի մտածում, որ ինքն իրեն վնասում է, իսկ կաշառք տվողն էլ չի մտածում, որ որեւէ մեկին վնասում է: Բայց նրանց գործողությունների վատ հետեւանքները վաղ թե ուշ վերադառնալու են իրենց, թաքնված այլ իրավիճակներում: Սա պետք է սերմանել պաշտոնատար անձանց եւ հասարակության մեջ։
- Բայց դա շատ երկար պրոցես չէ՞։ Հիմա նաեւ նոր օրենքներ են մշակում՝ իրական սեփականատերերի բացահայտման, ապօրինի հարստության, փոխկապակցված անձանց վերաբերյալ։
- Մարդն իր մեջ ի ծնե ունի բարու եւ չարի բնական օրենքը, այլ կերպ ասած՝ բարոյականության օրենքը։ Տեսակետներ կան, որ մարդն իր մեջ չունի այդ օրենքը, այլ ղեկավարվում է հիմնականում բնազդներով: Սակայն դա շատ հեշտ հերքվում է: Եթե մենք հիմք ընդունենք միայն բնազդների գոյությունը, ապա մի քանի բնազդների հակասության դեպքում միշտ հաղթելու է ուժեղ բնազդը, ու մարդ միշտ ղեկավարվելու է այդ բնազդով: Օրինակ, եթե մարդը տեսնում է մեկ այլ մարդու վտանգի մեջ, ապա նրա մոտ երկու բնազդ են հակազդում. մեկը՝ խմբային բնազդը, որը հուշում է օգնել ցեղակցին, իսկ երկրորդը` ինքնապահպանման բնազդը, որը հուշում է հեռու գնալ վտանգի վայրից: Այս երկուսից ուժեղ բնազդը երկրորդն է: Բայց շատ հաճախ մարդն ընտրում է թույլ բնազդը, ինչը նշանակում է, որ այդ բնազդներից վեր կա մի կանոն, որը հուշում է մարդու վարքագիծը: Եվ այդ կանոնը բարոյականության օրենքն է: Այս պատճառով է, որ կարծում եմ՝ կոռուպցիան մարդու հոգեբանության մեջ է, եւ կարեւոր է ճիշտ աշխատանք տանել։ Եթե մարդը նորմալ է համարում կոռուպցիան, նա միշտ դա անելու է։ Վախի ազդեցությունը, իհարկե, կարող է նրան դարձնել ավելի զգույշ, իսկ երբեմն՝ հեռու պահել, բայց միայն վախով այդ հարցը չի լուծվի:
Բեռնել
Վերադառնալ