ՀՀ Փաստաբանների Պալատ

Պարտադիր վերապատրաստման դասընթացներ փաստաբանների համար

16.01.2012 10:38

Հարգելի փաստաբաններ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2011թ. դեկտեմբերի 8-ին ընդունված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով մի շարք նոր զարգացումներ են տեղի ունեցել փաստաբանության ոլորտում: Ներկայումս կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել դրանցից մեկի, այն է` փաստաբանների վերապատրաստմանն առնչվող հարցին: Այսպես.

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածը (Փաստաբանի հիմնական պարտականությունները) լրացվել է 4.1 կետով, համաձայն որի փաստաբանը պարտավոր է` սահմանված կարգով և ժամաքանակով մասնակցել սույն օրենքով նախատեսված վերապատրաստման դասընթացներին:

Օրենքի 45.2-րդ հոդվածի (Փաստաբանական դպրոցի գործառույթները) 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` Փաստաբանական դպրոցը, սույն օրենքին և փաստաբանական դպրոցի կանոնադրության նպատակներին համապատասխան` կազմակերպում և անցկացնում է փաստաբանների մասնագիտական վերապատրաստումը:

Օրենքի 45.12-րդ հոդվածի (Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը) 2-րդ մասի համաձայն` Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:

Նշված նորմերից պարզ է դառնում, որ հետայսու բոլոր փաստաբանները պարտավոր են լինելու յուրաքանչյուր տարվա կտրվածքով անցնել համապատասխան ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, այլապես կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության: 2012 թվականի ընթացքում փաստաբանների համար պարտադիր դարձած վերապատրաստման դասընթացները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար Պալատը կոչ է անում բոլոր փաստաբաններին ակտիվ մասնակցել ստորև հարցմանը.

1. Որո՞նք են իրավունքի այն ճյուղերը, թեմաները, հարցերը, որոնց վերաբերյալ Դուք կցանկանայիք վերապատրաստում անցնել: Կարող եք նշել դրանցից մի քանիսը:

2. Վերապատրաստում անցնելու համար շաբաթվա  ո՞ր օրը (օրերը), օրվա  ո՞ր ժամերը Դուք կնախընտրեիք: Խնդում ենք նշել յուրաքանչյուր դասընթացի տևողության առավել ընդունելի Ձեր տարբերակը:

Հարցման Ձեր պատասխանները ենթարկվելու են վերլուծության և հետագայում հաշվի կառնվեն վերապատրաստման դասընթացների օրակարգերն ու ժամանակացույցները կազմելու ընթացքում:

Խնդրում ենք հարցմանը պատասխանել միմիայն էլեկտրոնային եղանակով` Պալատի կամ Արման Պողոսյանի էլեկտրոնային հասցեներին ([email protected], [email protected] կամ [email protected]) պատասխան ուղարկելու միջոցով:

Տեղեկացնում ենք նաև, որ հետայսու վերապատրաստման դասընթացների վերաբերյալ իրազեկումը տեղի է ունենալու միմիայն էլեկտրոնային եղանակով, ուստի հորդորում ենք Ձեզ յուրաքանչյուր օր հետևել Պալատի ինտերնետային կայքի (www.advocates.am) և Ձեր անձնական էլեկտրոնային փոստերի միջոցով տարածվող հայտարարություններին:

Հ.Գ. 2011թ. դեկտեմբերի 8-ին ընդունված «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:



Բեռնել

Վերադառնալ