ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «ԵՐԲ ԴԱՇՏԸ ԲԱՑՎԻ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՌԱՋԱՆԱՆ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԻՐԱՎԱԲԱՆ.NET-ին
30.05.2016 10:09Ինչո՞ւ հնարավորություն չտալ ոչ իրավաբաններին հանդես գալ դատարաններում՝ որպես կողմերի պաշտպաններ, հատկապես քաղաքացիական գործերով: Վերջերս այս հարցի շուրջ բանավեճեր ծավալվեցին մասնագիտական հարթակում: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գտնում է, որ նման քայլի գնալու արգելքները շատ են, ինչպես նաև բազմաթիվ են այդ հնարավորությունը ոչ իրավաբաններին տալու ռիսկերը: Ըստ նրա՝ այսկերպ նախ և առաջ կտուժեն հենց քաղաքացիները, բացի այդ, դատական կոռուպցիան էլ ավելի կխորանա: Մանրամասները՝ Իրավաբան.net-ի հարցազրույցում:
– Պարոն Զոհրաբյան, մարդիկ, ովքեր կողմ են, որ անձի իրավունքները մասնավորապես դատարանում պաշտպանեն նաև ոչ փաստաբանները մի քանի փաստարկներ ունեն, ես երեքն եմ առանձնացրել: Առաջին՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում, երբ քաղաքացին ինքն է իր իրավունքներն ու պարտականությունները ձեռք բերում, հետևաբար պետք է ինքն էլ այն պաշտպանելու իրավունք ունենա: Երկրորդը՝ փաստաբանական ծառայությունը ավելի թանկ է, ոմանք էլ չեն ցանկանում դիմել հանրային պաշտպանի գրասենյակին: Երրորդը փաստաբանական ծառայությունների որակների խնդիրն է, որին ավելի խորությամբ կանդրադառնանք դեռ: Դուք ի՞նչ հակափաստարկներ ունեք:
– Ես ուզում եմ՝ մենք այս հարցերը երկու տեսանկյունից նայենք: Նախ քաղաքացիների շահերի տեսանկյունից, նրանց պետք է ստանալ որակյալ իրավաբանական օգնություն: Այս տեսակետից Քաղաքացիական դատավարությունը, Փաստաբանության մասին օրենքը սահմանափակում է այլ անձանց հնարավորությունը՝ որպես վճարովի կամ մշտական հիմունքներով ներկայացուցչություն իրականացնելու: Այսինքն՝ քաղաքացին կարող է օրինակի համար դիմել հարևանին ու հարևանը կարող է իր շահերը ներկայացնել: Սահմանափակումը վերաբերում է այն դեպքերին, երբ այդ անձը, պայմանական ասեմ՝ իրավաբանը կամ հարևանը, դա անում է մշտապես կամ վճարովի հիմունքներով, այսինքն՝ որպես արհեստ, այս դեպքում օրենսդրությունն արգելում է: Այն առաջարկող նախագիծը, որը պարոն Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել էր, մոտեցումն այնպես կլինի, որ թույլ կտա նաև ոչ իրավաբաններին մտնել դաշտ, իսկ դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Հետևաբար, կարծում եմ, որ այս կարգավորումների նպատակը ոչ թե իրոք քաղաքացիների շահերի պաշտպանությանն է միտված, այլ որպեսզի հնարավորություն ստեղծվի, գալով մյուս տեսանկյունից, որոշակի խմբի թույլ տալ դատական ներկայացուցչությունը իրականացնել որպես բիզնես: Այստեղ մենք տեսնում ենք իրական խնդիրը: Նախ ասում են՝ փաստաբանի դատական ներկայացուցչությունը «մենաշնորհային» կարգավիճակ է: Մենաշնորհ կլիներ այն դեպքում, եթե դա տրված լիներ մեկ կազմակերպությանը միայն: Մենք այսօր ունենք 1722 փաստաբան, այսինքն՝ փաստաբանների մեջ արդեն առողջ մրցակցություն է գործում: Այսինքն՝ շուկան ինքը թելադրում է տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար տարբեր ծառայությունների գներ ու դրանք մատուցող փաստաբաններ: Չեն կարող ասել, որ փաստաբանական այսօրվա համայնքը չի ապահովել սոցիալական բոլոր խմբի ներկայացուցիչներին իրավաբանական օգնությամբ: Ընդունենք ոչ փաստաբանների խմբին օրենքը հնարավորություն է տալիս գործել, ինչպես նախկինում: Նախկինում բոլորը կարող էին գործել, նրանք ստանում էին նոտարական լիազորագիր ու գալիս դատարան: Ի՞նչ խնդիր ենք ունենում, փաստաբանները հասարակության մեջ ունեն հատուկ կարգավիճակ, նույնիսկ ՄԻԵԴ-ը իր մի քանի որոշումներում շեշտել է, որ փաստաբանն ունի հատուկ կարգավիճակ, քանի որ հանդիսանում է հասարակության և դատարանի միջև միջնորդ, իհարկե՝ ոչ բացասական իմաստով, այլ միջնորդ, ով հասարակության ձայնը կարողանում է ներկայացնել դատարանում: Վստահորդին պետք է որակյալ իրավաբանական օգնություն ստանալ, ինչպես նաև պետք է գաղտնիք պահպանել, ես չեմ խոսում մարդկանց գաղտնապահ լինել չլինելու խառնվածքի մասին, այլ խոսում եմ օբյեկտիվ իրավիճակների եվ պայմանների մասին: Փաստաբանին չի թույլատրվում վկա կանչել ու հարցաքննել իրավաբանական օգնության հետ կապված հարցով, իսկ որևէ այլ քաղաքացու կարող են կանչել ու հարցնել՝ այս մարդը եկել է քեզ մոտ, ի՞նչ էիք խոսում, իսկ փաստաբանն ունի իմունիտետ, նրան չեն կարող վկա կանչել: Մյուսը՝ փաստաբանի բնակարանը, գրասենյակը չեն կարող խուզարկել տեղեկատվական բնույթի փաստաթղթեր ու կրիչներ առգրավվելու նպատակով: Այսինքն՝ գաղտնիության մասով փաստաբաններն ունեն արտոնյալ կարգավիճակ: Վստահորդին որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար կարևոր է նաև շահերի բախումներից ապահովումը, քաղաքացին պետք է վստահ լինի, որ իր ներկայացուցիչն իրեն չի դավաճանելու, չի անցնելու մյուս կողմի շահերը ներկայացնի ու նման պայմաններ պետք է լինի: Մենք ունենք Փաստաբանի վարքագծի կանոնագիրք, որը խաղի կանոններ է նախատեսել: Մինչև այս «մենաշնորհը» փաստաբանների պալատին դիմել էին, որ մի իրավաբան ներկայացրել էր հայցվորի շահերը, հետո խռովել էր ու անցել էր պատասխանողին էր պաշտպանում և որևէ գործիք, լծակ չկար այդ մարդուն դաշտից դուրս հանել: Ես ծանոթ եմ իմ կողմից հարգված որոշ բանախոսների տեսակետին, կան նաև լավ մասնագետներ, ովքեր փաստաբան չեն, կան բարձր իրավագիտակցության ունեցող քաղաքացիներ, որոնք փաստաբանի կարիք էլ չունեն, այո կան նաև փաստաբանների մեջ մարդիկ, ովքեր կարող է վատ ներկայացնեն, բայց մենք ունենք ինքնակառավարվող համակարգ, որտեղ թելադրված են խաղի կանոններն ու ինքնամաքրման ճանապարհով փաստաբանությունը գնում է առաջ: Ներկայումս փաստաբան դառնալու համար անձը հանձնում է քննություն փաստաբանական դպրոցում, այդ քննությունները բարձր մրցակցություն են ապահովում, քննություն հանձնելուց հետո, մեկ տարի սովորում Է, բավականին տեսական և մասնագիտական թեմաներով դասընթացներ անցում, պրակտիկա անցնում, այնուհետև փաստաբանների պալատում որակավորման քննություններից հետո արդեն ստանում է փաստաբանի արտոնագիր:
– Իրավական տեսանկյունից մոտենանք հարցին՝ ինչքանո՞վ է օրենքը ապահովում կամ չեղարկում նման ելք:
– Արգելում է միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է վճարովի իրավաբանական օգնությանը կամ պարբերաբար, այսինքն՝ մշտական հիմունքներով: Մի փաստարկ էլ էին մեր բանախոսները մեջ բերել, այն որ վարչական դատարանում չկա փաստաբանի պարտադիր մասնակցություն: Այո, ճիշտ են ասում, բայց վարչական դատարանում մի քիչ այլ է իրավակարգավորումը, վարչական դատարանը ի տարբերություն քաղաքացիական դատավարության գործում է «Ex officio» պայմանով, ի՞նչ է նշանակում դա, նա ի պաշտոնե փաստեր պարզող դատավոր է: Եթե քաղաքացիական դատավարության ժամանակ դատարանը չեզոք արբիտրի դերում է, գործում է դասական մրցակցություն, իսկ վարչական դատարանը ինքն է պարտավոր պարզել ճշմարտությունը, բացի այդ վարչական արդարադատության մեջ ապացուցման պարտականությունը հիմնականում դրված է վարչական մարմնի վրա: Այս պայմաններում քաղաքացին գրեթե անելիք չունի, մյուս կողմից վարչական դատարանում շահերի բախումն էլ է նվազում, որովհետև մյուս կողմում պետական մարմին է:
– Խոսենք որակների մասին: Եթե ես հիմա Ձեզ ասեմ, որ կան փաստաբաններ, որոնք վատ ծառայություն են իրականացնում, արատավորում են այս կարևոր մասնագիտությունը, խարդախությունների են գնում, Դուք կորակեք՝ որպես սուբյեկտիվ պնդումներ: Որպեսզի նման խնդիր չլինի, օրինակներ բերեմ, վերջերս Կենտրոն դատարանի նախագահի հետ էի զրուցում, ով ասում էր՝ «Շատ հաճախ փաստաբանը ակնհայտ իր հաճախորդի հետ վատ է աշխատում, օրինակ՝ մեկ բառ պետք է ասել՝ խնդրում եմ կիրառել հայցային վաղեմություն, ես մնացածը կանեմ, չի ասում, չի ֆայմում, չի հասկանում, ես չեմ ուզում մտածել, որ հակառակ կողմի համար է»: Բացի այդ, մենք ՀՔԾ-ում կան գործեր փաստաբանների դեմ, որոնց տարբեր մեղադրանք է առաջադրվել, ես ինքս ու իմ գործընկերները լուսաբանում ենք նիստեր ու տեսնում փաստաբանների ովքեր չեն աշխատում հօգուտ իրենց վստահորդը: Ինչպե՞ս անենք, որ փաստաբանական համայնքը չգնա դեպի լճացում:
– Մենք ունենք 1722 փաստաբան, համաձայն չեմ այն մտքին, որ բազմաթիվ են նման դեպքերը, կարող է լինել եզակի դեպքեր, այսինքն՝ մենք չենք կարող բացառել, որ փաստաբանը չսխալվի: Այն որ փաստաբանական համայնքը դրա դեմ պայքարում է, դա փաստ է: Ինչ վերաբերում է դատավորների կողմից հնչեցված գնահատականին, իհարկե, կհամաձայնվեք, որ մենք ունենք նաև վատ դատավորներ, ոչ գրագետ որոշումներ կամ դատավճիռներ: Եթե մենք խոսենք փաստերով, մեր համակարգերը առնվազն, կարելի է ասել, արժանի են միմյանց: Այդուհանդերձ յուրաքանչյուրս մեր հերթին պետք է անի լավագույնը, որ արդարադատությունը իրականացվի ՀՀ-ում: Այս առումով դատարանի դերն էլ է մեծ: Նույն կերպ կարեվոր է փաստաբանների դերը: Փաստաբանը կարող է իր գրագիտությամբ և համառությամբ ստիպել դատական համակարգին լավ աշխատել:
– Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է նախագիծ, որով էլ այս առաջարկը սկսեց վերստի քննարկվել: Նա եզրակացրել է, որ ՀՀ-ում փաստաբանի կողմից դատական ներկայացուցչության իրականացման ծառայության միջին արժեքը սկսվում է 300 հազար ՀՀ դրամից, մինչդեռ ըստ պատգամավորի նվազագույն աշխատավարձ ստացող անձը դատական ներկայացուցչության համար ներկա պայմաններում պետք է վճարի իր վեց ամսվա ամբողջ աշխատավարձը, իսկ միջին աշխատավարձ ստացող անձը 2-3 ամսվա աշխատավարձը: Եթե ճիշտ է նրա դիտարկումները, ապա ըստ Ձեզ փաստաբանական ծառայությունների գինը բարձր չէ: Ի դեպ, այս նախագծի քննարկումը մեկ տարով հետաձգվել է:
– Ես նման վիճակագրության չեմ տիրապետում: Ինքս մասնակցել եմ ազգային ժողովի հանձնաժողովում այդ նախագծի քննարկմանը, և չեմ հասկացել, թե ինչ աղբյուրից են ստացել այդ տվյալները: Այսօր փաստաբանները անգամ անվճար են իրավաբանական օգնություն ցույց տալիս քաղաքացիներին: Ես չեմ կարծում, որ որևէ փաստաբան չունենա անվճար գործեր:
– Մի պահ ընդունենք, որ այս օրենսդրական փոփոխություններն ի կատար են ածվել ու ոչ փաստաբաններն ազատորեն պաշտպանում են մարդկանց իրավունքները: Ի՞նչ խնդիրներ մենք կունենանք:
– Ես կարծում եմ, որ դաշտը կդառնա անվերահսկելի՝ վստահորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մենք կունենանք շահերի բախման դեպքեր: Կլինի վտանգ, որ անձի գաղտնիքները կարող են դուրս գալ, ընդ որում՝ օրինական կարգով: Քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչությունը ընդհանրապես բացելու դեպքում այլ ռիսկ կարող ենք ունենալ: Մասնավորապես կարող են պետական պաշտոնատար անձիք, այդ թվում՝ դատավորներ, դատախազներ գրասենյակներ հիմնել ու կաշառքը իրավաբանական ծառայության տեսքով վերցնեն: Մենք լուրջ խնդիր կունենանք: Պատկերացրեք, երբ անձը գնում դատավորի մոտ, վերջինս էլ նրան ուղորդում է իր գրասենյակ, ուր էլ 100 տոկոս երաշխիք են տալիս, ընդ որում՝ եթե դա փաստաբանը նման քայլի դիմի, արտոնագիրը միանգամից դադարեցվում է, իսկ գրասենյակը կարող է դա անել, որովհետև խաղի կանոններ չկան, նա երաշխավորում է, դատավորը բավարարում է ու ստացվում է, որ կաշառք չկար, կա ծառայությունների վճար:
– Այդ գրասենյակի ներկայացուցիչները ենթադրո՞ւմ եք, որ ոչ փաստաբաններ են:
– Ես խոսում եմ այն մասին, երբ դաշտը բացվի: Յուրաքանչյուր դատավոր կարող է նման գրասենյակ ունենալ:
– Մյուս կողմից էլ շատ փաստաբաններ այսօր ուղիղ կապ ունեն դատավորների հետ, միգուցե նախկին դատավորներ են, դատախազներ, նորից ռիսկեր կան:
-Իհարկե, մենք չենք կարող դա բացառել, բայց գոնե մեր կանոնագիրքը այդ առումով որոշակի երաշխիքներ տալիս է:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ՝ iravaban.net կայք
Բեռնել
Վերադառնալ