ՀՀ Փաստաբանների Պալատ

Գիտա-վերլուծական կենտրոնի հաղորդագրությունը

30.11.2011 08:39

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնին անհանգստացնում է ՀՀ վճռաբեկ դատարանին օրենքով տրված լիազորությունները և նրա դերը դատական համակարգում:

Բարձրագույն դատական ատյան համարվող ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակության համար:

Բողոքները բացառապես իր հայեցողությամբ վարույթ ընդունելու հնարավորությունն առանց օբյեկտիվ չափանիշների կիրառող ՀՀ վճռաբեկ դատարանն այդպես էլ խաղի միատեսակ կանոններ չսահմանեց:

Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները չեն պատճառաբանվում, ինչի հետևանքով փաստաբանները և այլ իրավաբանները չեն կարողանում հասկանալ, թե որ ծանրակշիռ փաստարկն է հիմք հանդիսացել բողոքը վարույթ ընդունելու համար, կամ օրենքի միատեսակ կիրառության համար հարցն ինչ խորությամբ է բարձրացվել կամ ՀՀ վճռաբեկ դատարանի որ որոշմանն է հակասել ստորադաս դատարանի որոշումը ինչ փաստական հանգամանքների նույնությամբ կամ նմանությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի այս հայեցողական լայն հնարավորությունը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև չի փորձում իրավունքի զարգացման մեջ իր ազդեցությունն ունենալ (հանուն արդարության պետք է նշել, որ քրեական գործերով, որոշ հարցերով ՀՀ վճռաբեկ դատարանը շատ համարձակ օբյեկտիվ որոշումներ է կայացրել): Այս է պատճառը, որ որոշ հարցերում փաստաբաններն իրենց հույսը դնում են ՀՀ սահմանադրական դատարանի վրա (չնայած, որ ՍԴ-ն չորրորդ ատյան չէ և իրականացնում է միայն սահմանադրական արդարադատություն):

ՀՀ վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնելիս օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք նույնպես անհանգստացնում են փաստաբաններին: Օրինակ, նշում է, որ բողոք բերողը խախտել է դատավարական կանոնը, քանի որ բավարար չափով չի պատճառաբանել վարույթ ընդունելու հիմքերը: Ստացվում է, որ փաստաբանը օգտվելով բողոք բերելու իր իրավունքից արդեն օրենք է խախտում:

Գտնում ենք, որ սա պատճառներից մեկն է, որ հասարակությունը չի վստահում դատական համակարգին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնը այսուհետ նախաձեռնելու է համապատասխան քննարկումներ, կլոր սեղաններ և նույնիսկ կազմելու է օրենսդրական նախագծեր, ՀՀ վճռաբեկ դատարանի այս լիազորությունների հստակեցման և հասարակության համար հասանելի դարձնելու ուղղությամբ:

 

Գիտա-վերլուծական կենտրոնի

համակարգող, փաստաբան`                    Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ