ՀՀ Փաստաբանների Պալատ

Մարդու իրավունքների պաշտպանության դասընթացների նյութեր

23.11.2011 10:14

Հարգելի փաստաբաններ,

 «Acojuris» և մի շարք այլ կազմակերպությունների կողմից իրականացվող «Փաստաբաններ փաստաբանների համար» ծրագրի շրջանակում մշակված մարդու իրավունքների և փաստաբանների իրավունքների պաշտպանությանը նվիրված վերապատրաստման փաթեթը վերջերս մեր գործընկերների կողմից տրամադրվել է Պալատին: Տրամադրված փաթեթը մատչելի է միայն էլեկտրոնային եղանակով և այն անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով է:

 Վերապատրաստման փաթեթի նպատակն է ամրապնդել փաստաբանների հմտություններն ու կարողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Փաթեթը բաղկացած է չորս բաժիններից: Դրանք են.

 1. Իրավական գործիքներ. այս բաժնում զետեղված են միջազգային իրավական փաստաթղթերի (համընդհանուր և տարածաշրջանային) տեքստերը, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը և դասակարգված են ըստ թեմաների:

 2. Ուսումնական ձեռնարկ` մարդու իրավունքների և փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այն բաղկացած է գործառնական կիրառություն ունեցող նյութերից:

 3. Վարժություններ, որոնք նախատեսված են ձեռնարկի տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար:

 4. Դիմումների ձևեր. այս բաժնում զետեղված են մարդու իրավունքների պաշտպանության հարցերին առնչվող այն միջազգային ատյանների և մարմինների ձևաթղթերը, որոնք իրավասու են քննել անձանց անհատական գանգատները:

 Այս գործիքներն ավելի դյուրին են դարձնում փաստաբանական գործունեության ամենօրյա կազմակերպումը, հստակեցնում են այն հիմնախնդիրները, որոնք կապված են մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր և տարածաշրջանային համակարգերի գործունեության հետ, ինչպես նաև խթանում են պաշտպանության այդ մեխանիզմների եւ գործիքների մատչելիությունը:

 Այս փաթեթի բովանդակությանը և փաստաթղթերին ծանոթանալու համար կարող եք այցելել`http://www.observatoire-avocats.org/en/tools ինտերնետային կայքը:

 Վերապատրաստման փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող եք ստանալ Պալատից: Խնդրում ենք այդ նպատակով Պալատ այցելելու դեպքում Ձեր մոտ ունենալ էլեկտրոնային կրիչ (ֆլեշ):

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Պալատ հետևյալ հեռախոսահամարներով`56-07-76 և/կամ պատասխան նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին:



Բեռնել

Վերադառնալ