ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ԵՎ ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆԵԼ ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ
14.08.2018 16:17ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018թ. որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նախագծով առաջարկվում է վիրավորանքի և(կամ) զրպարտության գործերը սահմանել որպես հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործեր և նախատեսել նշված գործերի դատական քննության ողջամիտ ժամկետ, այն է` պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելու երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո եռամսյա ժամկետը: Նշված ժամանակահատվածը լիովին համապատասխանում է ողջամտության պահանջներին, այդ թվում հաշվի է առնված դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության փաստը և միևնույն ժամանակ հնարավորություն է տրվում իրականացնել սեղմ ժամկետում դատական քննություն: Ընդ որում, նշված ժամկետը նախանշում է դատական գործի առավելագույն ժամկետային սահմանները, և նախագծով առաջարկվում է դատարանի համար սահմանել պարտականություն հնարավորության պարագայում գործը քննել ավելի կարճ ժամկետում:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այլոց պատիվն ու արժանապատվությունն արատավորող հրապարակային արտահայտությունների և գործողությունների ենթադրյալ կատարման վերաբերյալ վեճերով գործերի քննության կառուցակարգերի արդյունավետության բարձրացման և այդպիսով զրպարտության և (կամ) «զոհերի» իրավունքների առավելագույն պաշտպանության անհրաժեշտությամբ:
Իրավական պետության անքակտելի հատկանիշներից մեկն արտահայտման ազատության և անձի պատվի և արժանապատվության պաշտպանության միջև ողջամիտ հավասարակշռություն ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունն է: Սույն համատեքստում կարևոր է, որպեսզի արտահայտման ազատության իրավունքի ենթադրյալ չարաշահման՝ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ գործերի դատական քննությունն իրականացվի առավել սեղմ և ողջամիտ ժամկետում:
ՀՀ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ գործերի դատական քննությունը, ինչպես և բազմաթիվ այլ բնույթի գործեր, շատ հաճախ դատարանների կողմից քննության են առնվում ողջամտության չափանիշներին հակասող երկար ժամկետներում: Հարկ է նկատի ունենալ, որ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ վեճերն ունեն այն առանձնահատկությունը, որ անձի պատվին և արժանապատվությանը հասցված ենթադրյալ վնասն ունի առավելապես բարոյական բնույթ, որի վերականգնումը ենթադրում է հնարավորին սեղմ ժամկետներ, իսկ գործի երկար քննությունը ավելի է խորացնում տուժողին հասցվող վնասը:
Մասնավորապես, գործի առանձնահատկություններից ելնելով՝ հայցվորի կողմից կարող է պահանջվել որոշակի նյութի կամ հայտարարության հեռացում տեղեկատվական աղբյուրից, հերքման հրապարակում և այլն: Որքան երկար է տևում վիրավորանքի և զրպարտության գործերի քննությունն, այդքան երկար է ենթադրյալ վիրավորական և զրպարտիչ նյութը շարունակվում մնալ հրապարակված և անպատասխան (առանց հերքման), ինչի արդյունքում հանրության առավել լայն զանգված է դառնում այդ նյութին իրազեկ, իսկ գործով հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը շարունակաբար, այսպես ասած, վիրավորվում և/կամ զրպարտվում է, ինչը կարող է հանգեցնել զրպարտության և (կամ) վիրավորանքի «զոհերի» պատվի, արժանապատվության և գործարար համբավի վերականգնման դժվարությանը:
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ