ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ

14.08.2018 15:53

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018թ. որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Նախագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր փաստաբաններին և փաստաբանական ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց ազատել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների համար հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումից:

Ավելացված արժեքի հարկն անուղակի հարկատեսակ է և վերջինիս վճարման պարտականությունը փաստացի դրված է սպառողների, այն է' համապատասխան ապրանքները կամ ծառայությունները ձեռք բերող անձանց վրա: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակը, Պալատը գտել է, որ սույն հարկատեսակը լրացուցիչ սոցիալական բեռ է ազգաբնակչության համար: Միևնույն ժամանակ գիտակցվում է այն փաստը, որ հարկային արմատական բարեփոխումները պետական բյուջեի բնականոն համալրումն ապահովելու տեսանկյունից առայժմ կարող են լինել ռիսկային: Մյուս կողմից, հանրությանը մատուցվող մի շարք ծառայություններ առնչվում են մարդկանց առողջության պահպանմանը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացման իրավական ապահովմանը, որոնք կենսական նշանակություն ունեն ցանկացած մարդու համար:

Համապատասխան ոլորտներում գործող ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք հետապնդում են գերազանցապես անձնական կամ սպառողական նպատակներ՝ հոգալով անձնական կարիքները: Ավելացված արժեքի հարկի դրույքաչափի ներառումը ծառայությունների ընդհանուր արժեքում բարձրացնում է ծառայությունների գինը և նվազեցնում դրանց մատչելիությունը սոցիալական լայն շերտերի համար, որոնցից շատերը գտնվում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում, իսկ սոցիալական ապահովության պետական կառուցակարգերը կա՛մ բացակայում են, կա՛մ պատշաճ չեն գործում:

Նման պայմաններում պետությունը կարող է գնալ հարկային բեռի թեթևացմանը՝ հանրային կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծառայություններ ազատելով ավելացված արժեքի հարկից: Որպես այդպիսի ծառայությունների հնարավոր շրջանակ ընտրվել է փաստաբանական ծառայությունները:

Առնվազն այս ոլորտում ավելացված արժեքի հարկի չեղարկումը ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների մասով կնպաստի գնանկմանը և համապատասխան ծառայությունները կդարձնի բնակչության համար առավել հասանելի:

ԲԵՌՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ