ՀՀ Փաստաբանների Պալատ


Պալատի մասին

Պալատի մասին
Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է:

Փաստաբանների պալատի մարմիններն են՝

- փաստաբանների ընդհանուր ժողովը,

- փաստաբանների պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից և նախագահից,

փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը, որը կազմված է 9 անդամից,

- որակավորման հանձնաժողովը, որը կազմված է 9 անդամից:

Փաստաբան (լատիներեն advocatus, որը ծագել է advoco — հրավիրում եմ բառից) է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

Արտոնագիր ստանալու համար իրավաբանը պետք է անցնի ուսուցում ՀՀ փաստաբանական դպրոցում, որից հետո մասնակցի փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կողմից կազմակերպվող որակավորման քննություններին:

Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

2023թ. Հունվարի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում են 2525 փաստաբան:

Փաստաբան կանայք կազմում են ընդհանուր փաստաբանների  45 տոկոսը:

Միջազգային փաստաթղթերով և օրենքներով փաստաբանների համար սահմանված են երաշխիքներ, որոնց օգնությամբ փաստաբանները հնարավորություն ունեն անվախորեն պաշտպանել իրենց վստահորդների իրավունքները:

Մասնավորապես՝ 

- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:

- Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:

- Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

- Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ: Սույն մասի իմաստովփաստաբանի կարգավիճակին է հավասարեցվում նաև փաստաբանի մոտ աշխատող ոչ փաստաբան յուրաքանչյուր անձ: