ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԶՐՊԱՐՏԵԼՈՒ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
14.08.2018 16:11ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018թ. որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նախագծով առաջարկվում է 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ.
«3. Փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:»:
Միաժամանակ առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասը «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «փաստաբանին» բառը, իսկ «այլ ակտի կատարման» բառերից հետո՝ «փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ» բառերը։
Նշված օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունն արդյունավետ միջոց չի հանդիսանում փաստաբանի արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, քրեական պատասխանատվություն նախատեսելը պրևենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա:
Ինչ վերաբերում է փաստաբանին զրպարտելու արարքը քրեականացնելու առաջարկին, ապա, նախ և առաջ, կարևոր է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը՝ գործող խմբագրությամբ, որպես արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, արդեն իսկ քրեորեն հետապնդելի արարք է որակում դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը։ Հետևաբար' նշված անձանց ցանկում փաստաբանին, որպես արդարադատության իրականացմանը նպաստող կարևոր դերակատարի, չներառելը որակում ենք որպես լուրջ բացթողում, որն անհրաժեշտ է լրացնել։
Հատկանշական է, որ նույն օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, վիրավորելու համար (հոդված՝ 332.2)։
Փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը և զրպարտելն ունի հանրային վտանգավորության բարձր աստիճան, քանի որ այն իր բացասական ազդեցությունն է ունենում ոչ միայն փաստաբանի անձի, այլ նաև վերջինիս կողմից իրականացվող մասնագիտական գործունեության արդյունքի վրա և հանդիսանում է վերջինիս վրա ճնշում գործադրելու և, հետևաբար, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջոց։
Նշված առաջարկի համար հիմք է հանդիսացել նաև եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրների (Օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն), ինչպես նաև ԱՄՆ փորձը։
Առաջարկվող նորություններ
Բեռնել
Վերադառնալ