ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07.08.2018 19:01

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱԼԻՔՆ ՈՒ ԽՈՍՔԸ».
Արտակ Զեյնալյան

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու՝ հաճախակի դարձած դեպքերի հետ կապված, երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նման միտումը վտանգավոր է և խոչընդոտ է հանդիսանում փաստաբանության ամրապնդման գործընթացում:

Արա Զոհրաբյանը հայտարարությամբ նաև նշել էր, որ փաստաբանի նկատմամբ վիրավորանքի հրապարակային դրսևորումների աճը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը կներկայացվի՝ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու արարքի քրեականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկություն ներկայացնելու հարցը:

Այսօր, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Facebook (ֆեյսբուք) սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է դիրքորոշում իրավաբանական օգնության էության և փաստաբանի կարգավիճակի մասին: Դիրքորոշման մեջ, մասնավորապես ասվում է հետևյալը. «Արդարադատության նախարարությունը հարկ է համարում անդրադառնալ վերջին շրջանում հանրության մեջ տարածում ստացած ատելության դրսևորումներին և վիրավորանքի ու զրպարտության սահմանագիծը հատող քննադատություններին՝ ուղղված որոշ քրեական գործերով որպես պաշտպան ներգրավված փաստաբանների դեմ: 

Ժողովրդավարական և իրավական պետությունում, որի կառուցմանն են ուղղված բոլորիս համատեղ ջանքերը, իրավաբանական օգնության, այդ թվում՝ քրեական գործով պաշտպանության իրավունքն արդարադատության հիմնասյունն է:

Մարդու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Իրավաբանական օգնությունը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ անձի կարգավիճակից, մեղսագրվող հանցանքի բնույթից, նախկինում զբաղեցրած պաշտոնից, նրա կողմից իրականացրած գործունեությունից և այլ հանգամանքներից:

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ժողովրդավարական պետության ու հասարակության հիմնաքարերից է, ինչպես նաև կայուն և հաշվետու պետական համակարգ ունենալու գրավականը:

Ինչ վերաբերում է մեղադրյալի իրավունքների պաշտպանությանը, ապա նշված դեպքերում առանց որակյալ իրավաբանական օգնություն ստանալու հնարավոր չէ ապահովել ոչ անձի իրավունքների պաշտպանությունը, ոչ էլ արդարադատության իրականացումը: 

Հարկ է նշել, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: 

Մինչև դատարանի կողմից կայացրած մեղադրական դատավճռի ուժի մեջ մտնելը յուրաքանչյուր մեղադրյալ համարվում է անմեղ, ուստի՝ փաստաբանը չի կարող ստանձնել դատավորի դերը և հրաժարվել որևէ անձի պաշտպանությունից՝ ելնելով նրա մեղավորության կանխավարկածից: 

Փաստաբանների կողմից կոնկրետ մեղադրյալի պաշտպանությունը ստանձնելուց հրաժարվելը կհանգեցնի արդար դատաքննության և արդարադատության մատչելիության իրավունքի կոպիտ ոտնահարման:

Քրեական արդարադատությունը հիմնված է մրցակցության և գործառութային տարանջատման սկզբունքների վրա: Այլ կերպ ասած՝ դատավարության յուրաքանչյուր մասնակից պետք է ջանասիրաբար կատարի իր գործառույթը. դատախազը մեղադրի, դատավորը դատի, իսկ պաշտպանը՝ պաշտպանի իր վստահորդին օրենքով չարգելված միջոցներով և ելնելով նրա նպաստավոր շահերից: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել իրավունքի գերակայություն և իրական ժողովրդավարություն:

Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նույնիսկ մարդկության և խաղաղության դեմ հանցանքներ կատարելու մեջ մեղադրվող անձանց համար ապահովվել է իրավաբանական օգնությունը՝ ղեկավարվելով արդարադատության շահով:

Հարկ է ընդգծել նաև, որ անթույլատրելի է պաշտպանի նույնացումը վստահորդին: Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական պատասխանատվության սկզբունքը, այսինքն` որևէ այլ անձ չպետք է կրի մեղսագրվող արարքից բխող բացասական հետևանքները: Ուստի՝ պետք է բացառել փաստաբանների դեմ ուղղված ատելության ալիքն ու խոսքը, ինչը պայմանավորված է, ընդամենն, օրենքով հանրության անունից իրենց վրա դրված պարտականությունները կատարելով: 

Կառավարությունը կարևորում է փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատուկ դերը ժողովրդավարական հասարակություն կերտելու ճանապարհին և հայտնում է, որ այդ դերից բխող գործունեությանը խոչընդոտելը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Կոչ եմ անում հանդուրժողականության, հարգանքի՝ մարդկային իրավունքների հանդեպ՝ ընդհանրապես, ու պատվի և արժանապատվության հանդեպ՝ մասնավորապես:»:


Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ